Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 7-ը՝ Ավետման տոն

Ապրիլ 07,2010 00:00

Այսօր եկեղեցիներում կմատուցվի Ս. պատարագ, որի ավարտին կկատարվի մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ, տեղեկացնում են Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանից: Ըստ նույն աղբյուրի, ամեն տարի ապրիլի 7-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է Սբ. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:

«Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է… Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս եւ կծնես մի որդի եւ նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի եւ Բարձրյալի որդի կկոչվի …Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: (Ղուկ. Ա 26:33):

Հրեշտակապետի ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել, սակայն իմանալով իրողությունը, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը…» (Ղուկ. Ա:38): Սա է Ավետման այն գեղեցիկ պատմությունը, որ փոխանցել է մեզ Սուրբ գիրքը: Ի՞նչ էր սա: Միայն ավետի՞ս, որը տրվեց Մարիամին, թե՞ ավելին: Մարիամի մայրանալով մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի բացահայտվեց, եւ այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք: Ինչպես Աստվածածինն ավելի մոտ դարձավ Աստծուն, նույնպես եւ բոլոր կանայք իրենց հղիությամբ մոտենում են Արարչին՝ նմանվելով Նրան՝ իբրեւ նոր կյանք պարգեւող էակներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել