Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք իմ ամենալավ հանդիսականն եք»

Ապրիլ 07,2010 00:00

Ջազմեն Տիգրան Համասյանին ժամանակին մերժել են

\"\"Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ դաշնակահար եւ կոմպոզիտոր Տիգրան Համասյանի համերգը «Արատա Ռիբըրթ» խմբի մասնակցությամբ: Դահլիճը լեփ-լեցուն էր, ամեն կատարումից հետո հնչում էին բրավորներ:

«Դուք իմ ամենալավ հանդիսականն եք»,- բեմից անկեղծացավ Տիգրանը ու հավելեց, որ այս համերգը եղել է իր երազանքը:

«Առավոտի» տեղեկություններով, ժամանակին Տիգրան Համասյանի՝ Երեւանում համերգ «դնելու» առաջարկը քանիցս մերժվել է: Կազմակերպիչները պնդել են, թե Տիգրանը դահլիճ չի հավաքի: Մեզ հետ զրույցում Տիգրանի պրոդյուսեր Արմեն Համասյանը, հաստատելով մեր լուրը, չցանկացավ մերժող կազմակերպությունների անունները հայտնել:

Համերգի սկզբին երիտասարդ կատարողի հաջողությունների, ձեռքբերումների մասին պատմեց Արմեն Թութունջյանը (Չիկոն). «Տիգրանը ինձ ապշեցրեց դեռ երկու տարեկան հասակում: Երբեք չեմ մոռանա այդ հրաշամանուկին, ով նստեց դաշնամուրի առջեւ եւ ժողովրդական մի երգ կատարեց»: Այդ ժամանակ Տիգրանը դեռ Գյումրիում էր ապրում:

Նշենք, որ նրա առաջին ելույթը տեղի է ունեցել 1998-ին Երեւանյան առաջին ջազ փառատոնի շրջանակներում: Տ. Համասյանի՝ եվրոպական երկրներում ջազային հանրությանը ներկայանալու գործում զգալի դեր է խաղացել Ստեփան Կոչոյանի հետ երիտասարդ ջազմենի ծանոթությունը՝ Երեւանյան երկրորդ ջազ փառատոնի ժամանակ:

2003 թվականից սկսած, Տիգրանը մասնակցում է հեղինակավոր միջազգային մրցույթների, հանդես է գալիս ջազի համաշխարհային աստղերի հետ, հրավերներ է ստանում լավագույն փառատոներից եւ համերգներ ունենում աշխարհի տարբեր երկրներում: 2003-ին Տիգրան Համասյանը զբաղեցրել է 3-րդ տեղը՝ Փարիզի ջազ-դաշնակահարների միջազգային մրցույթում, առաջին տեղը՝ «Jazz a Juan Revelations-2003» եւ «Montreux Jazz Solo Piano Competition-2003» մրցույթներում, երրորդ տեղը՝ Ջազ-դաշնակահարների մոսկովյան, առաջին տեղը՝ Մոնակոյի ջազ-դաշնակահարների մրցույթներում: Արվեստագետը նաեւ բազմաթիվ ձայնագրություններ է արել: 2004-ին լույս է տեսել Տիգրանի դեբյուտային ալբոմը՝ ձայնագրված «WORLD PASSION» քառյակի հետ: 2006-ին Համասյանը արժանանում է առաջին մրցանակի՝ Թելոնիուս Մոնկի անվան հեղինակավոր մրցույթում, ապա 2-րդի՝ «Martial Solal» մրցույթում: 2008-ին՝ Նյու Յորք տեղափոխվելուց առաջ, «ARATTA REBIRT» խմբի հետ ձայնագրում է «Red Hall» կոչվող ալբոմը:

Երեւանյան երեկոյի ընթացքում Տիգրանը ներկայացրեց ջազային նվագացանկից հին ու նոր գործեր, այդ թվում՝ նաեւ սեփական ստեղծագործություններ:

Կլանված սեւ եւ սպիտակ ստեղներով՝ Տիգրանը ժամանակ առ ժամանակ մոռանում էր անգամ ի պատասխան՝ շնորհակալ հանդիսականին խոնարհվել:

Համերգն ավարտելուց հետո հանդիսականը դաշնակահարին կրկին բեմ հրավիրեց, որպեսզի երաժիշտը եւս մեկ ստեղծագործություն նվիրի: Ինչն էլ նա սիրով արեց հայ խստապահանջ ունկնդրի համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել