Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽԵԼԱՑԻ ԵՆ ԵՎ ՀՈԳՈՒ ՋԵՐՄՈՒԹՅԱՄԲ»

Ապրիլ 07,2010 00:00

Ըստ հրեա ճանաչված դիրիժոր Ամոս Թալմոնի, հայ եւ հրեա ժողովուրդներն ընդհանուր գծերով նման են

\"\"

«Հայերի ու հրեաների նմանության մասին շատ էի լսել: Տարօրինակ է, բայց առայսօր նույնիսկ ստեղծագործական առումով չէի շփվել եւ ոչ մի հայի հետ, բացառությամբ Արամ Խաչատրյանի: Խոսքը տվյալ դեպքում հեռակա շփման մասին է՝ մեծանուն կոմպոզիտորի երաժշտության միջոցով: Հայաստանում գտնվելուս առաջին րոպեներից հասկացա, որ մեր ժողովուրդներն իսկապես իրականում նման են նախ խելացիությամբ, ապա հոգու ջերմությամբ… Կարող ենք ազատ հումոր անել, ուրախանալ, փողոցն անցնելիս էլ ավտոմեքենաները երբեք չեն զիջի սխալ անցնող հետիոտնին (ժպտում է- Ս. Դ.)… Այնուամենայնիվ, մի տարբերություն ունենք. դուք մարտի 8-ից ապրիլի 7-ը անցկացնում եք կանանց միամսյակ, իսկ մեզ մոտ կանայք ողջ տարին են մեզ կառավարում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց հրեա ճանաչված դիրիժոր Ամոս Թալմոնը, որն ապրիլի 9-ին «Ա. Խաչատրյան» համերգասրահում կղեկավարի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ): Ծրագրում ընդգրկված է Բրամսի Ակադեմիական նախերգանքը, Ֆրանկի Սիմֆոնիան եւ Շումանի Դաշնամուրի կոնցերտը (մենակատար՝ Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Անահիտ Ներսիսյան):

Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ Խաչատրյանի հայրենիքում չի ղեկավարում իր սիրելի կոմպոզիտորի երկերից, մեր զրուցակիցն ի պատասխան ասաց. «Այդ մասին վաղօրոք մտածել եմ, սակայն չեմ կարծում, թե հայ դիրիժորներից ավելի լավ կանեի դա»: Թել Ավիվի, Պրահայի, Ցյուրիխի եւ այլ հեղինակավոր համերգասրահներում, տարբեր ճանաչված նվագախմբեր ղեկավարած (այդ թվում՝ Մյունխենի, Պրահայի, Տորոնտոյի, Մեխիկոյի, Իտալիայի եւ այլն) դիրիժորը հիացած է Արամ Խաչատրյանի անվան համերգասրահով, ինչպես նաեւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբով. «Հիանալի նվագախումբ է, ճկուն, երաժիշտները՝ ինտելեկտուալ, արագ հասկանում են դիրիժորին: Մի խոսքով՝ զգացվում է, որ այստեղ ի սկզբանե եղել ու շարունակաբար պահպանվում են դասական արվեստի բոլոր ավանդույթները»:

Համաձայնելով մեր դիտարկմանը, թե արվեստագետների այցերը որեւէ երկիր՝ նաեւ ենթադրում են պատասխան այցելություններ, Ա. Թալմոնը համակարծիք լինելով ասաց. «Դեռ Էդուարդ Թոփչյանին չեմ հայտնել, սակայն առաջիկայում կուզեմ նրան հրավիրել Իսրայել՝ տեղի նվագախմբերից մեկի հետ հայկական երաժշտություն հնչեցնելու նպատակով»:

Հավելեց նաեւ, որ ինքը 2000թ. նախաձեռնել է «Երաժշտական հրեշտակներ» հիմնադրամը՝ Իսրայելի երիտասարդ երաժիշտներին աջակցելու նպատակով. «Կցանկանայի նաեւ հայ ջութակահար հրավիրել մեզ մոտ՝ Խաչատրյանի կոնցերտը կատարելու նպատակով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել