Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը սպառնում է

Ապրիլ 07,2010 00:00

Ռուսաստանը կհրաժարվի ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի պայմանները կատարելուց, եթե ԱՄՆ-ի կողմից հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայումը էականորեն ազդի ռուսական ռազմավարական միջուկային ուժերի արդյունավետության վրա: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, այդ մասին երեքշաբթի օրը իր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ինչպես շեշտել է ՌԴ ԱԳ նախարարը, այն դեպքում, երբ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների հանձնարարությամբ ռազմավարական հարձակողական սպառազինությունների շուրջ ուղիղ խորհրդատվություններ են ընթանում, լավ կլիներ խուսափել անակնկալներից, ինչպիսիք են Բուլղարիայում եւ Ռումինիայում հակահրթիռային պաշտպանության կայանքներ տեղակայելու՝ Վաշինգտոնի ծրագրերը: Լավրովի ասելով, հակահրթիռային պաշտպանության համակարգերի ծավալման ծրագրերը, որոնք այսօր ԱՄՆ կողմից իրականացվում են միակողմանիորեն, ռուսական ռազմավարական միջուկային ուժերի համար մեծ ռիսկ են պարունակում: Եթե ռուս մասնագետները գան այն եզրակացության, որ ամերիկյան կողմի այդ ծրագրերը տեղափոխվում են ռազմավարական հակահրթիռային պաշտպանության ստեղծման մակարդակ, Ռուսաստանը կարող է օգտվել պայմանագրից դուրս գալու իր իրավունքից: Իսկ առայժմ, նախարարի ասելով, Ռուսաստանը ուշադրությամբ հետեւում է ամերիկյան կողմի միակողմանի քայլերին:

Հիշեցնենք, որ ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագիրը Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ստորագրելու են ապրիլի 8-ին, Պրահայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել