Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիայում խորհրդարանական ընտրություններ կլինեն

Ապրիլ 07,2010 00:00

\"\"Ինչպես տեղեկացնում է BBC-ն, երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը հայտարարել է խորհրդարանական համաժողովրդական ընտրություններ նշանակելու մասին: Դրանք տեղի կունենան առաջիկա մայիսի 6-ին:

Ապրիլի 6-ի առավոտյան Բրաունը Ելիզավետա 2-րդ թագուհուց հանդիպում էր խնդրել, որի ընթացքում նրան առաջարկել էր լուծարել գործող խորհրդարանը: Կանոնակարգի համաձայն, դա անհրաժեշտ է խորհրդարանական նոր ընտրություններ նշանակելու համար: Բուքենհեմյան պալատից վերադառնալուց հետո բրիտանական կառավարության ղեկավարը Դաունինգ-սթրիթի իր կեցավայրում ունեցած կարճ ելույթում պաշտոնապես հաստատել է ընտրությունների օրը: Ենթադրվում է, որ Բրաունը այդ ընտրությունները կանվանի «դատական որոշումների» ժամանակաշրջան:

«Երկիրը ճգնաժամից դուրս բերելու բրիտանացիների ջանքերը չափազանց մեծ էին, որպեսզի որեւէ մեկին թույլ տային վերադառնալ ռեցեսիայի»,- աղբյուրի մատուցմամբ՝ հայտարարելու է վարչապետ Բրաունը: Նա նաեւ թվարկելու է երեք այն գլխավոր խնդիրները, որոնք, նրա կարծիքով, կանգնած են Բրիտանիայի առաջ. տնտեսության վերականգնում, անվճար կրթություն եւ առողջապահություն եւ դրան զուգահեռ՝ բյուջեի դեֆիցիտի կրճատում, նաեւ երկրում քաղաքական մթնոլորտի թարմացում:

Բրաունի հետ միաժամանակ ելույթ կունենա նրա հիմնական ընդդիմախոսը՝ Պահպանողական կուսակցության առաջնորդ Դեւիդ Քամերոնը: «Մենք գնում ենք այս ընտրություններին՝ պաշտպանելու համար նրանց, ովքեր մոռացված են հասարակության կողմից՝ հարուստներ եւ աղքատներ, սեւեր եւ սպիտակներ, հոմոսեքսուալիստներ ու հետերոսեքսուալիստներ: Հենց նրանք են արշավների հիմքը, նրանք են աշխատում գործարաններում, կրթում մեր երեխաներին, մաքրում փողոցները, աշխատում դաշտերում եւ ապահովում մեր անվտանգությունը»,- BBC-ի մատուցմամբ, այս է լինելու Քամերոնի ելույթը:

Վերլուծաբանները կանխատեսում են, որ այս ընտրությունները սպառնում են լեյբորիստների կառավարությանը, որոնք Բրիտանիայում իշխանության ղեկին են 1997թ.-ից ի վեր եւ հաղթել են խորհրդարանական վերջին երեք ընտրություններում: Այսօր իշխանության վերադառնալու ռեալ շանսեր ունեն պահպանողականները, որոնց հիմնական խաղաթուղթը տնտեսական անկումն է, կոռուպցիոն սկանդալների շարքը, գործող իշխանությունից հասարակության դժգոհությունն ու Իրաք ներխուժելու Բրիտանիայի որոշումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել