Համացանցում հայտնվել է մի տեսագրություն, որը կարող է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության համար սկանդալային դառնալ: «WikiLeaks» կայքում հրապարակված տեսահոլովակում արձանագրված է, թե ինչպես է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ուղղաթիռը Բաղդադում գնդակոծում խաղաղ բնակիչներին: Միջադեպը, որի արդյունքում 12 մարդ, այդ թվում՝ երկու լրագրող էր զոհվել, տեղի է ունեցել 2007թ. հուլիսին: Վեբկայքի հիմնադիրները պնդում են, որ նկարահանումն արված է ամերիկյան «Apache» ուղղաթիռների վրա տեղադրված տեսախցիկներով: Ընդ որում, ինչպես փոխանցում է BBC-ին, չի նշվում այն աղբյուրը, որի միջոցով հնարավոր է եղել ստանալ այդ տեսագրությունը: Իսկ տեսագրությունն արձանագրել է, թե ինչպես են օդաչուները Բաղդադի փողոցում հետապնդում մոտ ութ հոգու, որոնց ընդունել են որպես գրոհայինների: Օդաչուներից մեկը պնդում է, որ նրանք զինված են ավտոմատներով եւ ականանետներով: Ընդսմին, ինչպես նշում է «The Guardian» պարբերականը, կադրում երեւում է «Reuters»-ի ֆոտոթղթակիցը՝ տեսախցիկը ձեռքին, եւ նրա վարորդը՝ բջջային հեռախոսով խոսելիս, իսկ կադրում երեւացող մյուս մարդիկ, իբր՝ գրոհայինները, հանգիստ կանգնած են: Սակայն ուղղաթիռներից մեկից նրանց ուղղությամբ կրակահերթ է արձակվում, որը օդաչուներից մեկը ցինիկ ռեպլիկներով մեկնաբանում է. «Հա-հա-հա: Ես նրանց խփեցի»: Մյուսը պատասխանում է՝ «այո, նայեք այս մեռած վիժվածքներին»: Դրանից հետո ուղղաթիռը գնդակոծում է նաեւ վիրավորներին օգնության հասած միկրոավտոբուսը, որում, ինչպես պարզվում է, գտնվել է երկու երեխա: «Այսպիսին է պատերազմը, որը մեզանից ոչ մեկին ցույց չեն տալիս: Մարդկանց վրա կրակում են զրահամեքենայի համար նախատեսված զենքից, իսկ օդաչուներն իրենց պահում են այնպես, կարծես թե համակարգչային խաղ են խաղում»,- հայտարարել է կայքի սեփականատեր Ջուլիան Ասսանջը:
«Reuters»-ի ղեկավարությունը միջադեպից հետո զինվորականներին խնդրել էր հրապարակել ողբերգության կադրերը, բայց Պենտագոնը հրաժարվել էր դա անել: Ամերիկացի զինվորականները ի սկզբանե հայտարարել էին, թե բոլոր սպանվածները ապստամբներ են, հետո թե՝ օդաչուները արձագանքել են ակտիվ դիմադրությանը, նաեւ մեղադրել էին թղթակիցներին, թե նրանք լրագրողի տարբերանշաններ չեն ունեցել եւ փորձել են ծածուկ նկարել կոալիցիոն ուժերին:
Իսկ կայքը հայտարարում է, որ հրապարակված կադրերն ակնհայտորեն ցույց են տալիս, որ ամերկացի օդաչուները ճիշտ չեն գնահատել իրավիճակն ու սպանել են խաղաղ քաղաքացիների: Կայքը խոստացել է առաջիկայում հրապարակել մեկ այլ տեսագրություն, որտեղ ամերիկյան զինվորականները գնդակահարում են խաղաղ աֆղանցիների: