Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանությունն ըստ պորտուգալացիների

Ապրիլ 07,2010 00:00

Կամ հայ դպրոցականները՝ ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովում

Մարտի 21-24-ը Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովից Երեւանի ավագ դպրոցների 11 աշակերտները հաջողություններով են վերադարձել: «Ջրային հիմնախնդիրներ» խորագրով խորհրդաժողովի քննարկման առանցքում, բնապահպանական խնդիրներից բացի, եղել են քաղաքական եւ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները: ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ամալյա Գրիգորյանի խոսքով, խորհրդաժողովի 500-ից ավելի մասնակիցները «նմանակել» են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան եւ անվտանգության խորհուրդը: Հավելենք, որ, օրինակ, Հայաստանի երեխաները ոչ թե հենց Հայաստանն են ներկայացրել, այլ սիմվոլիկ հանդես եկել որպես այլ պետությունների ներկայացուցիչներ:

Պետերբուրգում Լիբիան ներկայացնող Երեւանի թիվ 62 դպրոցի աշակերտուհի Օհանյան Լիդան «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ խորհրդաժողովում մարդու իրավունքների կոմիտեում էր ընդգրկված եւ ներկայացրել է մարդու իրավունքների արդի խնդիրները, երեխաների թրաֆիքինգի հարցը՝ միջազգային որդեգրման ճանապարհով եւ մի շարք այլ հարցեր:

Սոմալին ներկայացնող Երեւանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 դպրոցի աշակերտուհի Հասմիկն էլ «Առավոտին» պատմեց, որ ինքը խորհրդաժողովին ներկայացրել է էկոլոգիական հարցեր՝ մասնավորապես՝ ջրի աղտոտման եւ բիոգազերի խնդիրները, նրա խոսքով, խորհրդաժողովում խնդրի լուծման հանգեցին միաձայն՝ կարեւորելով էկոլոգիական կրթությունը երկրում ապահովելու հանգամանքը:

Լիբիան ներկայացնող Երեւանի թիվ 78 դպրոցի աշակերտուհի Սոնա Հարությունյանն էլ խորհրդաժողովին իր մասնակցությունը կարեւորեց հատկապես աշխարհում առկա գլոբալ խնդիրների ու դրանց հնարավոր մարտահրավերներին խորությամբ ծանոթանալու եւ ուսումնասիրելու հնարավորությամբ: Սոնայի խոսքով, քննարկումների կարեւոր մասերից մեկն էլ այն էր, որ կողմերը կարողանային դիվանագիտորեն մյուսներին համոզել խնդրին կայուն լուծում տալ եւ առաջադրել իրենց առաջարկած բանաձեւերը. «Մեր պատվիրակության անդամներին դա իսկապես հաջողվում էր, մեր մասնակցությունը կնպաստի նաեւ, որ իբրեւ Հայաստանի քաղաքացի կարողանանք օգնել մեր համաքաղաքացիներին»: Ա. Գրիգորյանը նաեւ ասաց, որ Հայաստանն էլ Պետերբուրգում պատվով ներկայացրել են Պորտուգալիայի դպրոցականները, եւ «Առավոտի» հարցին, թե օրակարգային հարցերից բացի, Հայաստանը ներկայացնող պորտուգալացիները ի՞նչ այլ խնդիրներ են բարձրացրել, տիկին Գրիգորյանն ասաց, որ արծարծել են նաեւ 1915 թվականին Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցեր՝ բանավեճի բռնվելով թուրք աշակերտների հետ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել