Չի բացառվում, որ այդ շինությունները փլվեն որոշ դպրոցների վրա
Սարյան 23 հասցեում գտնվող 9 հարկանին թիվ 29 դպրոցին ձախ կողմից զրկել է արեւի լույսից:
Թումանյան փողոցի այս շենքը կառուցել են Ստ. Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի «գլխին»:
Բաղրամյան 53 հասցեում գտնվող 14 հարկանին սպառնալիք է թիվ 78 դպրոցի համար:
Մեկ տարի առաջ կառուցվող այս շենքն արդեն ավարտին է հասցված՝ թիվ 145 դպրոցին զրկելով արեւի լույսից:
Երեւանի քաղաքաշինական սխալների եւ կառուցապատման հետ կապված անօրինականությունների մասին քաղաքացիները լավ գիտեն: Արդեն սովորական երեւույթ է դարձել այն, որ ինչ-որ «դեմքի» կառուցած էլիտար շենքից կամ «օբյեկտից» տուժում են քաղաքացիները, արեւի լույսից զրկվում է այս կամ այն բնակելի շենքը: Այս շարքում բացառություն չեն կազմում նաեւ հանրակրթական դպրոցները: Լուսանկարչական ռեպորտաժով ներկայացնում ենք բոլոր այն դպրոցները, որոնք կամ արեւի լույսից են զրկվել իրենց կից բարձրահարկի պատճառով, կամ կից շինության եւ դպրոցի միջեւ նույնիսկ հակահրդեհային գոտիներ չեն թողնվել, որպեսզի պատահարի կամ երկրաշարժի դեպքում օգնություն հասցվի: Ի դեպ, այս մասին դեռ անցյալ տարի ահազանգ էր հնչեցրել ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Երեկ մեր ֆոտոխցիկը ֆիքսեց, որ սայլը այդպես էլ տեղից չի շարժվել: Զրուցեցինք նաեւ մի քանի դպրոցների տնօրենների հետ: Օրինակ՝ Բաղրամյան 59 ա հասցեում գտնվող Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցի ետեւում՝ Բաղրամյան 53 հասցեում գտնվող 14 հարկանի շենքն այնպես է կառուցված, որ ծածկել է դպրոցի ողջ ետնամասը, այնքան մոտ է կառուցված դպրոցին, որ բնական աղետի դեպքում հնարավոր է փլվի դպրոցի վրա: Դպրոցի տնօրեն Ազնիվ Միրզոյանն «Առավոտին» ասաց, որ սկզբում իրենք էլ են մտահոգություն ունեցել, դրա համար էլ շինարարություն իրականացնողից պահանջել են որոշումների փաթեթը. «Այդ փաթեթն այժմ դպրոցում է, որը հավաստում է, թե շենքն օրինական է»: Արաբկիր վարչական տարածքի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցին դեմ դիմաց մեկ տարի առաջ «Հիդրոէլեկտրաշին» կազմակերպությունը սկսեց բնակելի շենք կառուցել, ինչը գտնվում է դպրոցից շատ փոքր հեռավորության վրա, շինարարական աշխատանքներն էլ վտանգում էին երեխաների կյանքը, անգամ պանելային սալիկ էր ընկել դպրոցի բակ, ու հրաշքով մարդ չէր տուժել: Զրուցեցինք դպրոցի տնօրեն Ժաննա Թադեւոսյանի հետ՝ պարզելու, ի՞նչ հանգուցալուծում ստացավ հարցը: Նա տեղեկացրեց. «Շենքը կառուցվել, ավարտվել է: Միակ մխիթարանքը թերեւս այն է, որ շենքը ըստ նախագծի պիտի կառուցվեր 12 հարկանի, բայց 7 հարկանի է»: