Լրահոս
Օրվա լրահոսը

Մոնթեն՝ ինչպես որ կար

Ապրիլ 07,2010 00:00

\"\"Երեկ Երեւանում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ ընթերցողների դատին հանձնվեց արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին նվիրված` 2009 թվականին տպագրված «Բարեւ, ինչպե՞ս եք, լա՞վ եք…» գիրքը: Հեղինակը ՀՀ պաշտպանության նախարարության հրատարակչության խմբագիր Ասպրամ Ծառուկյանն է, գրքում Մոնթեի մարտական ընկերների, նրան ճանաչողների հուշերն ու պատմություններն են Մոնթեի մասին ու լուսանկարներ: Գրքում Մոնթեի կյանքն է, պայքարն ու վախճանը: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հիշեց Մոնթեի մի խոսքը՝ «Ես այստեղ եմ, որովհետեւ այլ տեղ լինելու իրավունք չունեմ» ու հավելեց, որ Մոնթեն այս հայտարարությունը արեց որպես հայապահպանության կոչ, որպես Հայկ Նահապետի, Տիգրան Մեծի, Նժդեհի հոգու կանչ: «Մոնթեն եկավ կառուցելու Հայաստան-Սփյուռք կենդանի կամուրջ, իր օրինակով ապացուցելու, որ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, ազատագրելու հողը հայրենի»,- բանաձեւեց տիկին Հակոբյանը:

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարի, Մոնթեն գաղափարի մարտիկ էր, լավագույն հրամանատար, պարզ եւ խիստ որոշումներ էր ընդունում եւ ոչ միայն պաշտպանություն կազմակերպում, այլ նաեւ՝ համախմբում բնակչությանը:

Մոնթե Մելքոնյանի մարտական ընկեր Ալեք Ենիգոմշյանն էլ նկատեց՝ Մոնթեն իր բնատուր մարտական տաղանդը 100 տոկոսով ծառայեցրեց հաղթանակին:

Թե գրքում, թե միջոցառման ժամանակ Մոնթեի շատ խոսքերը հիշեցին՝ «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը», «Մեր սահմաններն այնտեղ են, որտեղ մեր տանկերն են կանգնած»…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել