Լրահոս
Օրվա լրահոսը

10-րդ մարզ եւ 800 000՝ յուրաքանչյուրին

Ապրիլ 07,2010 00:00

Ըստ ԱՆՊՇ նախագահի, հայկական երկու պետությունը մեր օրերում շռայլություն է

«Ազգային նոր պահպանողական շարժում» հ/կ-ն լույս է ընծայել «Նեո» աշխատությունը: Հեղինակը կազմակերպության նախագահ Էդգար Հելհելյանն է, թեման՝ Հայաստանի անցյալը, ներկան ու ապագան: Պահպանողականները, Հայաստանի ու հայության առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծումներ են առաջարկում: «Աշխարհում հզոր իմպերիաներ են եղել՝ Աքեմենյան տերություն, Բյուզանդիա, Հռոմեական կայսրություն, Ավստրոհունգարիա… Նրանք մեզ գերազանցել են թե՛ մարդկային ռեսուրսով, թե՛ սպառազինությամբ, ո՞ւր են նրանք՝ անհետացել են պատմության թատերաբեմից, մինչդեռ մենք՝ հայերս, որ պատերազմի հաղթանակը պայմանավորող բոլոր գործոններով արդեն շատ վաղուց պիտի որպես ազգ գոյություն չունենայինք, այսօր՝ 21-րդ դարում, անկախ պետություն ու պետականություն ունենք»,- մեզ հետ զրույցում նկատեց Էդգար Հելհելյանը:

ԱՆՊՇ նախագահը համաձայն չէ, որ մեզանում ազգային ինքնագիտակցության ցածր մակարդակի պատճառը սոցիալական ծանր վիճակն է: «Ղարաբաղում էլ մենք նույն խնդիրներն ունեինք, ավելի ծանր սոցիալ-տնտեսական վիճակում էր հայ ժողովուրդը, քան այսօր, նույն 3 միլիոնանոց Հայաստանն էր, բայց հաղթեցինք: Ըստ հայտնի վերլուծաբանների, եթե աշխարհի հազար ամենահարուստ հայերի կարողությունը ընդհանրացնեն եւ բաժանեն ամբողջ ազգին՝ կստացվի 800 000 դոլար՝ յուրաքանչյուր հային: Մեր խնդիրները պետք է երկրի ներսում լուծվեն, չպետք է որոշ ուժեր դրսից տղա բերեն երկրի ղեկավարության վրա, այլ հատկապես արտաքին ճակատում պետք է կանգնեն նախագահի կողքին: Մենք արտաքին ճակատում կանգնած ենք նրա կողքին»,- ասաց մեր զրուցակիցը:

Ըստ Էդգար Հելհելյանի, այսօր Հայաստանում իրական ընդդիմություն չկա, բոլոր ուժերը, որ այսօր ընդդիմադիր են, ինչ-որ ժամանակ կամ իշխանություն են եղել, կամ առնվազն դրա մաս կազմել եւ պիտի կարողացած լինեին լուծելու այսօր իրենց առաջ քաշած խնդիրների գոնե որոշ մասը. «ԱՆՊՇ գործունեության հիմնական ուղղություններն են՝ Ջավախքի եւ Վրաստանի հայ բնակչության հիմնախնդիրներ: Արդեն գործնական քայլեր ենք ձեռնարկել՝ «Վահե» ֆիլմը Ջավախքի մասին, հետազոտություններ, ցույցեր ու նամակներ՝ իրավասու անձանց»:

ԱՆՊՇ-ն իր ուրույն պատկերացումն ունի Ղարաբաղի կնճռի լուծման վերաբերյալ: «Արցախը վաղ թե ուշ պիտի դառնա Հայաստանի մի մարզը: Հայկական երկու պետությունը մեր օրերում շռայլություն է»,- բանաձեւեց ԱՆՊՇ ղեկավար Էդգար Հելհելյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել