Երեք զինվորի մայր՝ զինծառայող կնոջը փորձում են վտարել տնից
Մի հարկի ներքո քառորդ դար ապրել են: Ընտանիքի միակ որդուն՝ Արշակին 1984-ին ամուսնացրել են, ունեցել 4 թոռ: Բերդ քաղաքում աշխատանք չկա, ընտանիքի կարիքները հոգալու համար երեք տարի առաջ չորս երեխաների հայր Արշակ Մելիքբեկյանը արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան: Տղաներից երեքը այժմ ժամկետային ծառայության մեջ են ազգային բանակում (2-ը՝ հեռավոր սահմանագծում), աղջիկն էլ բուհի առաջին կուրսի ուսանողուհի է: Զինծայառող է նաեւ հարսը՝ Ալվարդ Մարությանը: 26 տարի մի հարկի տակ ապրելուց հետո, 2009 թվականի հոկտեմբերի 14-ին սկեսրայրը՝ 80-ամյա կենսաթոշակառու, նախկին ոստիկան Վազգեն Մելիքբեկյանը ընդդեմ հարսի՝ 46-ամյա Ալվարդ Մարությանի, հաշվառումից հանելու եւ բնակարանից վտարելու պահանջով հայց է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Գործի քննության ընթացքում Վազգենի կինը՝ Ռոզա Շահմուրադյանը ներգրավվել է որպես վեճի առարկայի նկատմամբ իրավունքի պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ հայցվորի կողմում, իսկ Ալվարդ Մարությանի կողմում՝ նրա ամուսին Արշակ Մելիքբեկյանը: Հայցվորը եւ նրա ներկայացուցիչ, փաստաբան Գայանե Զաքարյանը պնդել են, որ Ալվարդն այդ տանը զբաղեցնում է առանձին սենյակ, որի պատճառով հայցվորը չի կարողանում օգտվել այդ սենյակից: Սկեսուր Ռոզա Շահմուրադյանը դատարանին հայտնել է, որ 1960 թվականին ինքն ու ամուսինն են կառուցել այդ տունը, իսկ հետո տղան ու հարսը կառուցել են տան հենապատն ու ավտոտնակ: Նա պահանջել է հարսին վտարել տնից, որպեսզի «ինքը կարողանա երկու տարի հանգիստ ապրի, որովհետեւ հնարավոր չէ նույն հարկի տակ նրա հետ ապրել, որ նրա պատճառով իր երեխաներն իրենց այցի չեն գալիս»: Սկեսուրը դատարանում առաջարկել է, որ հարս Ալվարդ Մարությանն այսուհետ ապրի իր կառուցած ավտոտնակում: Գործի քննությունը սկսվել է Բերդ քաղաքում, ապա շարունակվել Նոյեմբերյանում: Մինչ դատաքննության ավարտը, հայցվորի ներկայացուցիչ՝ փաստաբան Գայանե Զաքարյանը դատարանին դիմում է ներկայացրել հայցից հրաժարվելու մասին եւ 2009 թվականի դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Արման Կուրեխյանի նախագահությամբ, վճռել է քաղաքացիական գործի վարույթը կարճել: Թվում էր, թե այս տհաճ պատմությունն ավարտված է: Բայց՝ ոչ: 2010 թվականի մարտի 5-ին Ալվարդ Մարությանը դատարանից ծանուցում է ստացել, որ սկեսրայր Վազգեն Մելիքբեկյանը իր տիկնոջ՝ Ռոզա Շահմուրադյանի հետ (ով այս անգամ ամուսնու հետ որպես հայցվոր է ներգրավվել) հայց է ներկայացրել. որդուն եւ հարսին՝ Արշակ Մելիքբեկյանին եւ Ալվարդ Մարությանին հանել հաշվառումից եւ վտարել «սեփականության իրավունքով մեզ պատկանող՝ Բերդ քաղաքի Զորավար Անդրանիկի 4 հասցեում գտնվող բնակելի տնից»: Պարզվում է, որ այդ տունը ամուսիններ՝ Վազգեն Մելիքբեկյանի եւ Ռոզա Շահմուրադյանի համատեղ սեփականությունն է: Սակայն Վազգեն Մելիքբեկյանը իր առաջին հայցում պնդում էր Ալվարդ Մարությանին հանել «սեփականության իրավունքով իրեն պատկանող» Զորավար Անդրանիկի 4 հասցեում գտնվող բնակելի տան հաշվառումից եւ վտարել: Տան սեփականության իրավունքի վկայականում միայն Վազգեն Մելիքբեկյանի անունն է: Ինչպե՞ս կարող է Արշակ Մելիքբեկյանը իր կնոջ հետ դատարանում համապատասխանող հանդես գալ, երբ արդեն երեք տարի Ռուսաստանում է գտնվում, ինչի մասին անկասկած գիտեն Արշակի ծնողները: Հայցում թոշակառու ամուսինները հայտնում են. «Պատասխանողները հաշվառված են մեր բնակելի տանը, սակայն մեզ հետ նոտարական կարգով վավերացված գրավոր պայմանագիր երբեւէ չեն կնքել, հետեւաբար վիճելի բնակարանն օգտագործելու՝ օրենքով սահմանված իրավունքը չունեն: Պատասխանողների հետ մեր հարաբերությունները չափազանց լարված բնույթ են կրում, մշտապես ծագում են վիճաբանություններ, մեր հասցեին տեղում վիրավորանքներ»: Ինչպե՞ս կարող է Արշակ Մելիքբեկյանը վիրավորել իր ծնողներին, երբ արդեն 3 տարի Ռուսաստանում է: Բերդի քաղաքապետ Անդրանիկ Շառյանի տրամադրած եւ դատարան ներկայացված բնութագրում Ալվարդ Մարությանի վերաբերյալ նշված է. «Իր ընտանիքին եւ երեխաներին նվիրված մայր է: Մարությանը լուրջ, համեստ, կարգապահ ու պարտաճանաչ անձնավորություն է եւ լավ մասնագետ: Վայելում է համայնքի բնակիչների սերն ու հարգանքը»: Ալվարդ Մարությանը դատարանին հայտնել է, որ 1990 թվականին տնամերձ հողամաս ստանալու համար ամուսնու հետ դիմել են Բերդի ավանային խորհուրդ, սակայն նրանց մերժել են այն պատճառաբանությամբ, որ նրա ամուսինը համարվում է տան միակ որդին: 1993 թվականին, ադրբեջանական հրետակոծությունից նրանց տունը 85 տոկոսով տուժել է, վերականգնողական աշխատանքները կատարվել են Արշակ-Ալվարդ ամուսինների միջոցներով: Ալվարդը դատարանին նաեւ հայտնել է, որ ինքը չի խոչընդոտում, չի խանգարում, որ սկեսրայրն ու սկեսուրն օգտվեն իրենց բնակտարածությունից: Ալվարդի վկայությամբ՝ սկեսրայրի եւ սկեսրոջ ցանկությամբ, ժամանակ առ ժամանակ նրանց հետ համատեղ տնտեսություն են վարել:
Մարտի 31-ին Բերդում պիտի սկսվեր այս գործի դատավարությունը, սակայն դատարան չէին ներկայացել ոչ հայցվորներ Վազգեն Մելիքբեկյանն ու Ռոզա Շահմուրադյանը, ոչ էլ նրանց ներկայացուցիչ Գայանե Զաքարյանը: Փոխարենը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանին էին փոխանցել փաստաբան Գայանե Զաքարյանի հայտարարությունը: «Իմ վստահորդները հրաժարվում են հայցից, քանի որ գործողություններ են կատարում հայցի առարկայի՝ Զորավար Անդրանիկի 4 հասցեում գտնվող բնակելի տան վերաբերյալ առքուվաճառքի գործարք կատարելու համար, որով գնորդին կանցնեն գույքի սեփականության հետ կապված բոլոր իրավունքները», նշված է հայտարարության մեջ: Դատավոր Զոյա Զաքինյանը փաստաբանի դիմումը կարդալուց հետո ասաց. «Այստեղ պարզ արտահայտված չէ՝ մարդիկ հրաժարվու՞մ են հայցից, թե՞ փաստաբանն ինքն է…»:
Ու թեեւ Ալվարդ Մարությանը կողմ էր, որ դատավարությունը շարունակվի առանց հայցվորների, դատավոր Զոյա Զաքինյանը դատը հետաձգեց մինչեւ ապրիլի 7-ը:
Ալվարդն արդեն դիմել է Բերդ քաղաքի նոտարին եւ Անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանում՝ որպեսզի «կռվախնձոր» բնակարանի հետ կապված որեւէ գործարք չկատարվի: Ալվարդը տարակուսում է, թե ինչո՞ւ 26 տարի միասին համերաշխ ապրելուց հետո հիմա, երբ տղաները՝ բանակում, ուսանողուհի դուստրը՝ Երեւանում, ամուսինը՝ Ռուսաստանում է, թոշակառու ամուսինները փորձում են վտարել իրեն: Ապրիլի 3-ին Բերդի զորամասի ընդունարան-բաժանմունքի լաբորանտ, պայմանագրային ծառայող, սերժանտ Ալվարդ Մարությանը ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման եւ Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ պաշտպանության նախարարից պատվոգիր է ստացել:
Երեք զինվորի եւ ուսանողուհու մայր՝ զինծառայող կնոջը տնից վտարելու հայցով դատը կշարունակվի հենց Մայրության եւ գեղեցկության օրը: