Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք եկել պարգեւներ հանձնելու»

Ապրիլ 07,2010 00:00

\"\"«Մարդու իրավունքների պաշտպանները կարող են գալ Հայաստան եւ տեսնել իրավիճակը։ Դա առաջընթացի մասին է խոսում։ Ես այստեղ չեմ եկել, որպեսզի սեղմեմ պաշտոնատար անձանց ձեռքերը։ Այդ մասին ասացի «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին, որոնց հանդիպել եմ։ Ոչ մի հայր ու մայր չի կարող մնալ անտարբեր, մինչեւ այդ հարցերին լուծում չտրվի։ Հետեւաբար, պետք է հիշեցնել իշխանություններին, պետք է մեղմվի մարդկանց տառապանքը։ Այդ ոճիրները չպետք է մնան անպատիժ, քաղբանտարկյալները պետք է ազատվեն։ Մենք չենք եկել պարգեւներ բաժանելու ոմանց։ Մենք այստեղ ենք, որպեսզի Հայաստանն առաջընթաց ապահովի»,- երեկ «Մարիոթ» հյուրանոցի «Թագուհի Էրատո» սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասենը: 150 եւ ավելի երկրներ եկել են մասնակցելու «Անկախ դատարանների արդյունավետ պաշտպանության իրավունք» թեմայով երկօրյա՝ թվով 37-րդ կոնգրեսի աշխատանքներին։ Ի դեպ, հայաստանյան մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ եւ հրավերը չեն ընդունել։ Հրավերի ձեւաչափից դժգոհ լինելով՝ հրաժարվել է կոնգրեսի աշխատանքներին մասնակցել նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։ Այս կապակցությամբ երեկ ասուլիսի ժամանակ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը հայտնեց. «Մի քանի բաց նամակներ եղել են։ Դա իրենց ստրատեգիան է, մենք ողջունում ենք։ Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանին, նա համարեց, որ այդ ֆորմատով չի կարող ներկայանալ։ Մեզ համար կարեւոր է, որպեսզի քաղբանտարկյալների հարցը ապակուսակցական կտրվածքով դրվեր։ Մեզ թվաց, թե օմբուդսմենն այդ մարդն է։ Այդ բացը կլրացնի Արտակ Զեյնալյանը»։

2003թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էրադին նշեց, որ Իրանից է. «Բավական լրագրողներ զնդաններում են եւ չեմ կարողանում իմ գործունեությունը ծավալել։ Հայաստանում համեմատաբար հնարավոր է դա անել։ Երբ մենք որոշեցինք համաժողովը ձեզ մոտ անել, չէինք գտնում, որ ձեզ մոտ չկան մարդու իրավունքների խախտումներ։ Բոլորս կփորձենք իրավիճակը միասին մեղմել»։ Լրատվամիջոցի հարցին, թե որտեղի՞ց են տեղեկություններն այն մասին, թե ոստիկանների ցուցումներով մարդիկ են հետապնդվել, լրագրողներ, իրավապաշտպանները ցույց տվեցին ասուլիսին հոտնկայս հետեւող Վարդգես Գասպարիին, իսկ լրագրողներից տվեցին… Հակոբյան ազգանունը, որին այցելել են: «Եթե կա անգամ եզակի դեպք, ապա արժե խոսել։ Մեծ եւ չնչին դեպքեր չկան, մենք պայքարում ենք ամեն մի երեւույթի դեմ»,- ասացին նրանք։

Ինչ վերաբերում է միջազգային հեղինակավոր կազմակերպության նախագահ Սուեր Բելասենի եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպմանը, գլխավոր իրավապաշտպանը նշեց. «Ինձ համար պատիվ ու հաճույք էր հանդիպել Տեր-Պետրոսյանի հետ։ Տեր-Պետրոսյանը մեծ հույսեր ունի մեր աշխատանքների առումով։ Թե նրա, թե մեզ համար կարեւորը քաղբանտարկյալներին ազատ արձակելն է: Մեզ համար կարեւոր է, որպեսզի ոճիրներն անպատիժ չմնան: Այն, որ տեսնում եմ այս դահլիճում, խոսում է այն մասին, որ Հայաստանում մեծ զորաշարժ կա քաղբանտարկյալների ազատման ուղղությամբ: Միջազգային հանրությունը ձեր կողքին է եւ կհասնի նրանց ազատմանը»:

Կոնգրեսի ամբիոնին դեռ չէր մոտեցել Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին անգլերեն վանկարկում էր՝ ամոթ ձեզ, ամոթ ձեզ: Ներս էին տարվել 14 քաղբանտարկյալների պաշտպանության ցուցապաստառները, որոնց կապակցությամբ մի աղջնակ էլ բղավում էր՝ պետք է ազատել 14 քաղբանտարկյալներին: Գագիկ Հարությունյանը՝ դիմելով ներկաներին, ասաց. սա էլ պիտի ընդունենք որպես քաղաքացիական հասարակության զարգացման ձեւ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել