Այսպիսին է Շիրակի մարզի դատախազ Վաղարշակ Մխիթարյանի պահանջը
Հասարակական մեծ հնչեղություն ունեցող ու հանրությանը «Օդնոկլասնիկ» անունով հայտնի քրեական գործով դատավարությունը մոտենում է ավարտին: Հիշեցնենք, որ մոտ 1 տարի է՝ այն առանձնացված մասերով լսվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, եւ արտառոց է ոչ միայն երիտասարդ՝ 16-17 տարեկան կրիմինալ հերոսների քանակով, այլեւ պաշտոնյա ոստիկանների մասնակցությամբ, որոնք մոտ 4 ամիս առաջ դատվեցին ու պաշտոնազրկվեցին հանցագործությունը կոծկելու մեղադրանքով: Իսկ հանցագործությունը կատարվել էր անցած տարվա ապրիլի 19-ին, երիտասարդ մի աղջա՝ Լիդա Եդիգարյանի դրդմամբ: Ըստ մեղադրանքի՝ նրա սիրած տղան՝ Սամվել Սարգսյանը, իր 3 ընկերների՝ անչափահասներ Էդգար Նազարյանի, Սերգեյ Մխիթարյանի եւ Վալերի Աբրահամյանի հետ ոստիկանության հարեւանությամբ գտնվող «Լիլիա» գեղեցկության սրահի մոտ ծեծել ու մահվան էին հասցրել Լիդայի հետ քիմիա պարապող 17-ամյա Տիգրան Թադեւոսյանին: Պատճառը եղել էր այն, որ վերջինս Լիդայի սիրային առաջարկին ի պատասխան, «Օդնոկլասնիկով» գրել էր՝ «Փախիր, քու…»: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այժմ լսվում է Սամվել Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը, իսկ նրա մյուս 3 ընկերները փախուստի մեջ են:
Երեկ դատական վիճաբանությունների փուլն էր, ճառերով հանդես եկան դատախազը, տուժողի ու ամբաստանյալի պաշտպանները: Դատախազ Վաղարշակ Մխիթարյանը, ներկայացնելով գործով ձեռք բերված ապացույցները, պնդեց, որ Սամվել Սարգսյանի մեղքը հիմնավորված է: Դատախազի ներկայացմամբ, ամբաստանյալն ու նրա ընկերները, վիճաբանելով Տիգրան Թադեւոսյանի հետ, նրան ծանր վնասվածքներ են պատճառել. ձեռքերով, ոտքերով դաժանաբար հարվածել են մարմնի տարբեր մասերին, գլխին, չբավարարվելով դրանով, այնուհետեւ հետապնդել են փախուստի դիմած տղային:
Ըստ Վ. Մխիթարյանի, վազելով Տիգրանի հետեւից՝ «Լիլիա» գեղեցկության սրահի դիմաց նրանք գետնին են տապալել զոհին ու ընկած վիճակում շարունակել են ծեծել, ոտքով այնպես են հարվածել Տիգրանի գլխին, որ նա գանգուղեղային վնասվածք է ստացել ու մի քանի օր անց Երեւանի Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում մահացել է: «Տուժողին անգիտակից վիճակի հասցնելով՝ ամբաստանյալ Ս. Սարգսյանն ու նրա ընկերները դեպքի վայրից դիմել են փախուստի»,- ասաց դատախազը:
Դատախազ Մխիթարյանը շեշտեց, որ Տ. Թադեւոսյանին ծեծելիս առանձնակի ակտիվությամբ եւ դաժանությամբ աչքի են ընկել Սամվելն ու Սերգեյը: Նշենք, որ ամբաստանյալ Ս. Սարգսյանը իր նախաքննական ցուցմունքում եւս չի ընդունել իր մեղքը՝ հայտնելով, որ Տիգրանին ոչ թե ինքն է գետնին գցել, այլ հետապնդել է նրան, վերջինս էլ վազելու ընթացքում ինքն իրեն է գետնին ընկել: Եվ երբ Տիգրանը փորձել է տեղից բարձրանալ, Սամվելի ոտքը կպել է Տիգրանի ոտքին ու ընկել է նրա վրա, այնուհետեւ վերջինս դիմել է փախուստի: «Կարծում եմ, որ ամբաստանյալի պատճառաբանությունները անհիմն են եւ նպատակ են հետապնդում մեղմել պատասխանատվությունը»,- ասաց մեղադրողը՝ փաստելով, որ այս մասին կան տարբեր վկայություններ՝ թե մոտակա դեղատան եւ թե «Լիլիա» գեղեցկության սրահի աշխատակիցների կողմից:
Մեղադրողը պահանջեց ամբաստանյալին 9 տարվա ազատազրկման ենթարկել: Տուժողի ներկայացուցիչ Աննա Դավթյանն էլ ապշել էր ամբաստանյալ Սամվել Սարգսյանի պահվածքից, զղջման զգացում չապրելուց: «Ես բավականին մեծ փորձ ունեմ, բայց այսքան խիստ զգացմունքային եւ դաժան դեպքի չեմ հանդիպել»,- ասաց փաստաբանը: Վերջինս պահանջեց պատասխանատվության ենթարկել նաեւ գլխավոր մեղավորին՝ Լիդա Եդիգարյանին, այն պատճառով, որ դա առաջին հերթին գյումրեցիներն են պահանջում. չէ՞ որ նրա պատճառով երիտասարդը մահացավ, մեկը ձերբակալվեց, երեքը փախան, ոստիկանապետ Աշոտ Թափալցյանը պաշտոնազրկվեց: «Եթե անգամ որպես հանցագործության դրդողի՝ նրան հնարավոր չէ պատժել, ապա նրան պատիժ է հասնում սուտ ցուցմունքի համար. նա դատարանում խոստովանեց, որ գիտակցաբար սուտ ցուցմունք է տվել, ցանկացել է պաշտպանել իր սիրած տղային, որպեսզի նրան ցմահ չդատապարտեն: Էլ սրանից ավելի ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի նշված անձի նկատմամբ քրեական գործ հարուցվի: Նախաքննական մարմնին նկարագրել է, թե ինչպես Տ. Թադեւոսյանը վազում էր, Սամվելը իր 3 ընկերների հետ նրա հետեւից էին վազում, իսկ դատարանում իրարամերժ պատասխաններ տվեց, վերջում էլ նշեց, որ, այո, ես գիտակցաբար սուտ ցուցմունք եմ տվել: Նա դատարանում որեւէ զղջման խոսք չասաց, պահեց իրեն սառնասրտորեն, դաժանությամբ: Իսկ Սամվել Սարգսյանի 3 ընկերները, որոնց մասին ասում են, թե մեղք չունեն, այնտեղ չեն եղել, եթե վախենալու բան չունեն, ինչո՞ւ են փախուստի մեջ»,- հարցրեց Աննա Դավթյանը: Ի դեպ, դատախազը պահանջեց 1մլն 500 հազար դրամ վնասի փոխհատուցում գանձել հօգուտ տուժողի: Ամբաստանյալի պաշտպան Թամարա Յայլոյանն էլ պնդեց, որ դատախազության ձեռք բերած ապացույցները հիմնավորված չեն, զգացմունքային ու սուբյեկտիվ են նաեւ տուժողի հարազատների ցուցմունքները, եւ որ իր պաշտպանյալը՝ Սամվել Սարգսյանը, Տիգրան Թադեւոսյանին վնասելու որեւէ դիտավորություն չի ունեցել. «Աստվածաշնչի բառերով ասեմ՝ թող քար նետի նա, ով երիտասարդ տարիքում աղջկա համար չի կռվել»: Փաստաբանը առաջարկեց վնասի փոխհատուցման պահանջը մերժել, ու դատապարտելիս մեղմ վարվել Ս. Սարգսյանի հետ, քանի որ նա նախկինում արատավորված չի եղել, այժմ էլ հայրը հիվանդ է, ընտանիքն էլ իր հույսին է:
«Առավոտին» են դիմել Լիդա Եդիգարյանը եւ հետախուզման մեջ գտնվող երկու երիտասարդների ծնողները: Մանրամասները՝ հաջորդ համարում: