Երեկ առողջապահության նախարարության Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը «MasXtreme» եւ «Po Chai Pills» սննդային հավելումների առնչությամբ մտահոգություն էր հայտնել՝ բոլոր սպառողներին կոչ անելով դադարեցնել դրանց օգտագործումը: Բանն այն է, որ փորձագիտական կենտրոնը ԱՄՆ-ի Սննդի եւ դեղերի վարչությունից շտապ հաղորդագրություն է ստացել՝ այն մասին, որ այդ հավելումները պարունակում են չհայտարարագրված դեղեր, որոնք փոխազդելով այլ նիտրատների հետ, կարող են վնասել մարդու առողջությանը: Մասնագետների ներկայացմամբ, «MasXtreme»-ը այլ նիտրատների հետ փոխազդելով՝ զարկերակային ճնշումը կիջեցնի մինչեւ վտանգավոր մակարդակի: «Ինչպես հայտնի է՝ շաքարախտով, բարձր զարկերակային ճնշմամբ, խոլեստերինի բարձր մակարդակով եւ սրտամկանի տարաբնույթ ախտահարումներով բուժվողները կիրառում են նիտրատներ»,- ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ:
Ինչ վերաբերում է «Po Chai Pills» սննդային հավելումին, ապա այն պարունակում է չհայտարարագրված դեղ՝ սիբուտրամին եւ ֆենոլֆտալեին նյութերը, որոնք կարող են առաջացնել լուրջ անբարենպաստ ազդեցություններ: Համաձայն նույն աղբյուրի՝ ֆենոլֆտալեինը ժամանակին կիրառվել է որպես փորկապության բուժամիջոց, իսկ 2001-ից կիրառումից հանվել է քաղցկեղածին ազդեցության պատճառով: Սիբուտրամինը ունի ախորժակն ընկճող ազդեցություն: Այդ նյութի կողմնակի ազդեցությունները շատ վտանգավոր են հատկապես սրտի ախտահարումներով հիվանդների համար: Կարող է առաջացնել արյան ճնշման բարձրացում, սրտի կծկման ուժի մեծացում եւ այլն: