«Պոլիվինիլացետատ» հ/կ-ն ստանձնել է Նոր Խարբերդի ջրամատակարարումը եւ բնակիչներից ավելի գումարներ է գանձում:
Նոր Խարբերդ ամառանոցային տարածքն ավելի քան 10 հազար բնակիչ ունի: Սակայն այս տարածքում մի շարք կենսական կարեւոր խնդիրներ տարիներ շարունակ չեն լուծվում: 21-րդ դարում այդ մարդիկ զրկված են անգամ նորմալ ջրամատակարարումից: Կենցաղային հոգսերը հոգալու համար նրանք մի քանի կիլոմետր հեռավորությունից դույլերով ջուր են կրում: Իրենց ջրի հարցը պետական մակարդակով լուծելու բոլոր ջանքերը սպառած խարբերդցիներն անցյալ տարի գործ են բռնել «Պոլիվինիլացետատ» հասարակական կազմակերպության հետ, որի նախագահը խոստացել էր ջուր անցկացնել ու անխափան ջրամատակարարում իրականացնել:
Ճիշտ է, հ/կ-ի նախագահ Վարազդատ Մանուկյանը, ինչպես որ խոստացել էր, ջրի խողովակներն անց է կացրել ու բնակիչների ջրի հարցը ինչ-որ չափով լուծել, սակայն այսօր Վ. Մանուկյանի եւ բնակիչների միջեւ տարաձայնություններ են առաջացել: Խարբերդցիները ջրի վարձը՝ 1 խմ-ի համար 154 դրամի փոխարեն, 200 են վճարում, ինչն էլ հարուցել է նրանց զայրույթը: Բնակիչների ներկայացմամբ, ջրագծեր քաշելու հարցում Վ. Մանուկյանին 7 միլիոն դրամով օգնել է մի աղանդավորական եկեղեցի, բացի այդ, նրանք խարբերդցիներին խողովակներ էլ են հատկացրել: «Բայց, չգիտես ինչու, պարոն Մանուկյանն ասում է, որ 2 միլիոն էլ իր գրպանից է դրել: Այդ խողովակներն էլ այնքան անորակ էին, որ մեկ տարի էլ չդիմացան: Այդ պատճառով էլ անընդհատ պահանջվող նորոգումների համար Վ. Մանուկյանը բնակիչներից 200 դրամ է հավաքում, իսկ ամեն խոտանվելուց՝ լրացուցիչ 500-ից 20 հազար դրամ»: Բնակիչները նաեւ դժգոհում են, որ վճարած գումարների դիմաց իրենց կտրոն չի տրամադրվում եւ պարզ չէ, թե այդ ավելի գումարներն ուր են գնում:
Մեզ հետ զրույցում Վ. Մանուկյանը վստահեցրեց, որ իրենք բարեգործական, շահույթ չհետապնդող կազմակերպություն են, իսկ հ/կ-ի խորհրդի անդամներն էլ պարզապես իրեն օգնում են բնակիչներից գումարներ հավաքելու հարցերում: Ինչ վերաբերում է խարբերդցիների՝ ջրամատակարարման պարտավորությունը ստանձնելուն եւ նախատեսված վարձերից ավելի գումարներ հավաքելուն, Վ. Մանուկյանն ասաց, որ ինքը դիմել է «Երեւան Ջուր» ընկերությանը եւ թույլտվություն ստացել այդ տարածքում իր հայեցողությամբ կառավարել ջրամատակարարման հետ կապված աշխատանքները. «Մի քանի անգամ մինչ այդ դիմել եմ «Երեւան Ջուր» ընկերությանը, բայց ժամանակավոր մերժվել եմ, թե առայժմ միջոցներ չունենք: Երբ խողովակները ստացանք, կրկին դիմեցի: Այդ ժամանակ «Երեւան Ջուրը» չէր կարող բոլորի համար անհատական ջրագիծ քաշեր, ինձ լիազորագիր տվեց, որ ջրաչափի ցուցմունքի համաձայն գումարները հավաքեմ եւ ընդհանուր մի հաշվեհամարով ամեն ամիս մուծեմ: Բայց շատ քչերն են վճարում: Իսկ ծախսած ջրի ամեն խորանարդ մետրի դիմաց՝ 154 դրամի փոխարեն, 200 դրամ ենք հավաքում, որ ընթացիկ ծախսերը հոգանք»: Ըստ բնակիչների, ջրի վարձը հիմնականում հավաքում է տարածքի բնակիչ Լարիսա Կոստանյանը, որն էլ մեզ հետ զրույցում պնդում էր, որ տարածքում շատ քչերն են գումար վճարում, իսկ լրացուցիչ գումարներն էլ 3 հազար դրամը չեն գերազանցում: Ըստ նրա, վերջին անգամ գումար է հավաքվել խոտանված մասում տրակտորավարի աշխատանքի համար, սակայն մինչ այժմ նրան 80 000 դրամ պարտք են մնացել, թեեւ բնակիչները վստահեցնում են, որ մեծամասնությունը 10-20 հազար դրամ է վճարել:
Ինչպես նշեցինք, մինչ այդ ոչ մի իրավական փաստաթուղթ չի եղել, որը կհավաստեր, որ այս կամ այն բնակիչն այսքան գումար է վճարել, միայն վերջերս է, որ բնակիչների բողոքներից հետո, «Պոլիվինիլացետատի» կնիքով վճարողի եւ ստացողի ազգանունով թղթեր են պատրաստվել: Բնակիչներն այժմ մուծում են ընդհանուր ջրաչափին արտացոլված գումարը, սակայն նրանց պահանջն է, որպեսզի առանձին ջրաչափեր տեղադրվեն: Սակայն «Երեւան Ջրից» պատասխանել են, որ իրենք առայժմ միջոցներ չունեն: Այս հարցով Նոր Խարբերդի բնակիչները դիմել են կառավարություն, քաղաքապետարան, սակայն պատասխան են ստացել, որ բնակիչների խնդիրը վեր է իրենց իրավասություններից, ուստի իրենք այն չեն քննարկի:
Նշենք նաեւ, որ մեր թղթակցի՝ Նոր Խարբերդ այցելելու օրը ջրմուղի աշխատակիցը նույնպես խոստացել էր տարածքում լինել եւ պարզաբանել բնակիչների ու հ/կ-ի միջեւ եղած տարաձայնությունները: Մայրերն իրենց երեխաներին էին թողել, ծերերը դժվարությամբ եկել էին պայմանավորված տեղը, բայց օրը մթնեց, իսկ ջրմուղից խոստացված աշխատակիցն այդպես էլ չեկավ:
Նոր Խարբերդում աղբի, անմխիթար ճանապարհների եւ երկար սպասված ավտոբուսի հարցերը բնակիչներին նույնպես անհանգստացնում են:
«Քաղաքապետարանում ինձ պատասխանեցին, որ մեզ մոտ նոր ավտոբուսներ տրամադրելու համար 400 մլն դրամ է պահանջվում: Իսկ դրա համար ժամանակ է պահանջվում»,- ասաց Վ. Մանուկյանը: