Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԶԻ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉԸ՝ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ

Ապրիլ 07,2010 00:00

\"\"Այս սարքի տեղադրումից հետո հարեւանները յոլա չեն գնում

Միջհարեւանային այս վեճին «Առավոտը» թերեւս չէր անդրադառնա, եթե շարքային քաղաքացին բողոքեր իր նույնքան շարքային հարեւանից, բայց քանի որ տվյալ դեպքում՝ բողոքում են պաշտոնյայից՝ Ազգային վիճակագրական ծառայության պետի տեղակալ Գագիկ Անանյանից, որոշեցինք լսել կողմերին: Ի դեպ, սա այն եզակի դեպքերից է, երբ սովորական քաղաքացու դարդից՝ պաշտոնյան Մարդու իրավունքների պաշտպանից սկսած՝ մինչեւ Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչություն դիմում է գրել եւ խնդրել հարցին լուծում տալ: Ամեն բան սկսվել է նրանից, երբ 2005 թվականի փետրվարին Խոստիկյանների ընտանիքը, որը Գ. Անանյանի ներքեւի հարեւանն է, իր բնակարանում գազի ջրատաքացուցիչ է տեղադրել եւ այդ սարքի ծխատարը դուրս բերել խոհանոցի պատուհանից՝ ուղղահայաց դիրքով, այլ ոչ թե երկարացրել դեպի վերեւ: Պարոն Անանյանին խիստ անհանգստացրել է հարեւանի տեղադրած գազի կաթսայի խողովակից արտանետվող գոլորշին: Նա, չկարողանալով լեզու գտնել հարեւանի հետ եւ բացատրել, որ այդ գոլորշին շմոլ գազ է պարունակում եւ վտանգում է իր ընտանիքի անդամների առողջությունը, դիմել է տարբեր գերատեսչություններ՝ գոնե այդ ձեւով հարցին լուծում տալու ակնկալիքով: Ամիսներ շարունակ երկու հարեւաններին այցելել են ոստիկանությունից, Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, գազի կաթսայի վաճառակետից: Սակայն վերոնշյալ բոլոր կազմակերպություններն էլ, մի շարք ստուգումներ կատարելուց հետո, պարզել են, որ ճիշտ է՝ գազեր արտանետվում են, բայց թույլատրելիի սահմաններում, եւ պաշտոնյայի ընտանիքի անդամների առողջությանը վնաս չի սպառնում:

Մեզ հետ զրույցում Նարինե Խոստիկյանը դժգոհել էր, որ այդ օրվանից ի վեր պարոն Անանյանն իրենց հանգիստ չի տալիս եւ իրենց համար խնդիրներ է առաջացնում: Կնոջ խոսքերով, ինքը հաշմանդամ ծնողներ է խնամել, իսկ այդ ժամանակ վերեւի հարեւանն անընդհատ «դմբդմբացրել» է իր գլխին: Տիկին Նարինեն անգամ Գ. Անանյանի «շեֆին»՝ վիճծառայության պետին է դիմում-բողոք գրել՝ իր ենթակային պատժելու համար, սակայն վիճծառայության պետը հայտնել է, որ միջհարեւանային խնդիրը իր գործը չէ եւ որ Գագիկ Անանյանը ավելի քան 20 տարի աշխատում է վիճծառայության համակարգում, պարկեշտ ու ազնիվ անձնավորություն է:

Երեկ «Առավոտն» այցելել էր 2 հարեւաններին: Մեր հարցին ի պատասխան՝ Գ. Անանյանի տիկինը՝ Արմինե Գասպարյանն ասաց. «Մեր խոհանոցում գազի հոտ էր գալիս, հիմա էլ, երբ նա միացնում է այդ սարքը, կրկին գալիս է, անգամ պատուհանների վրա է դեղին փառ նստում: Երբ ստուգումներից հետո մեզ ասացին, որ դա վնասակար չէ, մենք տան օդը մաքուր պահող սարք տեղադրեցինք: Մենք այդ ժամանակվանից դադարեցինք մեր հարեւանի հետ տվյալ խնդրի շուրջ խոսել եւ դժգոհել, սակայն նա է շարունակում եւ ամեն առիթի ժամանակ, երբ մենք հյուրեր ենք ունենում, դիմում է ոստիկանություն՝ դժգոհելով, որ իր հանգիստը խանգարում ենք, այնինչ՝ մենք հավաքույթների ժամանակ չենք էլ պարում, հանգիստ նստած ենք լինում սեղանի շուրջ: Անընդհատ բողոքում է, որ մենք դմբդմբացնում ենք իր գլխին, բայց մեր մի երեխան պարապում է ամբողջ օրը՝ դիմորդ է, մյուսն էլ դպրոցից հետո պարի է գնում: Սովորություն էլ չունենք տանը կոշիկներով ման գալու, միայն հողաթափերով ենք, որպեսզի անգամ թեթեւակի աղմուկ չանենք: Իսկ գիշերը մենք քնում ենք, ոչ թե աղմկում»:

Տիկին Նարինեի ներկայացմամբ, Գ. Անանյանը քաղաքաշինության նախարարության բլանկով մի փաստաթուղթ է սարքել, իբրեւ թե այդ նախարարությունից ասում են, որ Խոստիկյանների տանը տեղադրված գազի ջրատաքացուցիչը առանց համապատասխան փաստաթղթերի է տեղադրվել. «Փաստաթղթում գրված է, որ ընդհանրապես շենքերում տեղադրված ջրատաքացուցիչները, ըստ կառավարության 2024 որոշման, պետք է լինեն գործարանային արտադրության եւ այրման արգասիքների ծխատարով հեռացմամբ, իսկ մեր ջրատաքացուցիչը չի համապատասխանում այդ չափորոշիչներին, ախր սա էլ է գործարանային արտադրության: Բացի այդ, մեր տուն են եկել Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության աշխատակիցները՝ իրենց գործիքներով, նրանց հետ էին նաեւ ոստիկանները, ամբողջ շենքով խայտառակ էինք լինում, բայց լավ էր՝ նրանք ստուգումներից հետո եզրակացրին, որ բոլոր արտանետվող «արգասիքները» թույլատրելի սահմանի մեջ են»:

Ինչ վերաբերում է կաթսայի անօրինական տեղադրումը հաստատող քաղաքաշինության նախարարության կողմից տրված փաստաթղթին, ապա Գ. Անանյանը մեզ ասաց, որ այն տրվել է մի քանի տարի առաջ, իսկ հիմա նման կաթսաների տեղադրումն արդեն թույլատրված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել