Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի առթիվ պատերազմի վետերաններին ավանդների փոխհատուցմանը վերաբերող կառավարության՝ մարտի 25-ի որոշումը մեծ անակնկալ էր: Որոշման համաձայն մինչեւ 1993թ. հունիսի 10-ը նախկին ԽՍՀՄ խնայբանկում ներդրած դրամական ավանդների դիմաց վետերանները փոխհատուցում կստանան: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով. «Այս հարցը հանգամանորեն քննարկվել է Հանրապետական կուսակցությունում, եղել է այն միանշանակ ըմբռնումը, որ մեր բարոյական պարտքն է պատերազմի վետերաններին տալ այդ նախապատվությունը»: Ակնկալելով ամբողջ հասարակության հավանությունը՝ վարչապետը ընդգծել է, որ խոսքը վերաբերում է ընդամենը 3 900 վետերանի: Վերոնշյալ որոշումը վերջին օրերին հասարակության բուռն քննարկումների տեղիք տվեց: Մասնավորապես կասկածների ու շփոթության առիթ դարձավ փոխհատուցման ծրագրում ընդգրկված վետերանների թիվը: Կարծիքներ կան, թե կառավարության ներկայացրած թիվը չի համապատասխանում վետերանների իրական թվին, որը շատ ավելի փոքր է, եւ այս օրինագիծը, բացի բարի կամքից, նաեւ բյուջեից փող «պոկելու» առիթ է:
Ի դեպ, ընթացիկ տարվա մարտի 1-ի հաշվարկներով, ներկայումս հանրապետությունում ԽՍՀՄ վետերաններն ընդամենը 3700 են: Այլ առիթներով հնչել են նաեւ 3500 եւ 2700 թվերը: Իսկ ավելի ռադիկալները կարծում են, որ կառավարության ներկայացրած թիվը ոչ թե մի քանի տասնյակով, այլ մի քանի անգամ է ուռճացված:
Այսքանով հանդերձ, երեկ արդեն ԱԺ-ում սկսվեց առաջին ընթերցմամբ քննարկվել «ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով հենց նախատեսվում է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրամադրել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի բանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցումը: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի տեղեկացմամբ, այդ իրավունքից 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կօգտվի շուրջ 3700 վետերան: Վետերանի մահվան պարագայում ժառանգները փոխհատուցումն ստանալու իրավունք չեն ունենա: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը` նշելով, որ 3700 վետերանի հաշվարկով կատարված փոխհատուցման համար պետական բյուջեից կհատկացվի 700-900 մլն դրամ:
Օրինագծի քննարկումը կշարունակվի ապրիլի 7-ի ԱԺ նիստում: