Ապրիլի 13-18-ը Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի հայ կրթական հիմնարկության ամբիոնը կազմակերպել է 3 միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին, տեղեկացնում է «Նոյյան տապանը»: Առաջին երկու միջոցառումները տեղի կունենան Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում, իսկ երրորդը՝ Գլենդելի հանրային գրադարանի դահլիճում: Ինչպես տեղեկացնում է Եվրոպայի եւ Եվրասիայի ուսումնասիրությունների կենտրոնը, ապրիլի 13-ին եւ 15-ին Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում կայանալիք քննարկումներին կմասնակցեն եւ ելույթներով հանդես կգան պատմաբաններ Մաթիաս Բջորնլանդը՝ Կոպենհագենից, եւ Ուգուր Ումիթ Ունգյուրը՝ Թուրքիայից: Իր ելույթում պարոն Բջորնլանդն անդրադառնալու է «Զմյուռնիա-Իզմիր, 1914-1916. «Հատուկ դեպք» Հայոց ցեղասպանության ժամանակ» թեմային: Ըստ Բջորնլանդի, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրությունը դեռ իր զարգացման փուլում է: Ապրիլի 15-ին Ուգուր Ումիթ Ունգյուրը ելույթ կունենա «Բռնագրավում եւ գաղութացում. Հայկական ունեցվածքի բռնագրավումը Երիտթուրքերի կողմից» թեմայով: Սա նրա ուսումնասիրության թեման է, որը 2010թ. կհրատարակվի որպես գիրք: Ապրիլի 18-ին Գլենդելի հանրային գրադարանի դահլիճում տեղի կունենա սեմինար, որի հովանավորներն են Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի հայ կրթական հիմնարկության ամբիոնը եւ Գլենդելի հանրային գրադարանը՝ Էլիզաբեթ Գրիգորյանի գլխավորությամբ: Սեմինարին ելույթ կունենան Հայ կրթական հիմնարկության հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ Ռիչարդ Հովհաննիսյանը, Մաթիաս Բջորնլանդը, Վոլֆ Գրուները, Ուգուր Ումիթ Ունգյուրը: