Դմիտրի Մեդվեդեւի՝ մայիսին Անկարա կատարելիք այցից հետո Թուրքիան եւ Ռուսաստանը կարող են վերացնել երկու երկրների միջեւ գործող վիզային ռեժիմը։ Այս մասին, ըստ news.am-ի, երեկ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա կարծիքով, վիզային ռեժիմի վերացումը երկու գործընկերների միջեւ փոխվստահության ապացույց կդառնա։ «Ո՞վ կարող էր մտածել, որ Ռուսաստանը եւ Թուրքիան կվերացնեն վիզային ռեժիմը»,- ավելացրել է նա՝ նկատելով, որ Անկարան վերջին 7.5 տարում վիզային ռեժիմները վերացրել է 25 երկրների հետ։ Էրդողանը նաեւ համոզմունք է հայտնել, որ Թուրքիան վաղ թե ուշ կդառնա ԵՄ լիիրավ անդամ։ «Եթե մեզ չընդունեն, ապա մենք կորցնելու ոչինչ չունենք։ Ինչո՞ւ. որովհետեւ նրանք այդ ժամանակ կհայտարարեն, որ քրիստոնեական ակումբ են։ Մենք չենք ուզում Եվրոպան դիտել իբրեւ քրիստոնեական ակումբ, այլ ցանկանում ենք նրան նայել որպես քաղաքակրթությունների դաշինքների կենտրոն»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը։