Լրահոս
Օրվա լրահոսը

Գոնե էսքիզները կլինեն

Ապրիլ 07,2010 00:00

2010թ. հունվարի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մրցույթ էր հայտարարել՝ Գյումրու տեխնոպարկի ճարտարապետական էսքիզի մշակման համար: Մարտի 10-ին պիտի ամփոփվեին արդյունքները: Ինչպես «Առավոտին» հայտնեցին նախարարությունից՝ երեկ արդեն պայմանագիր է կնքվել մրցույթի հաղթողի՝ «Հայնախագիծ» ԲԲ ընկերության հետ: Մրցույթին ներկայացվել է 8 հայտ, եւ «Հայնախագծի» հայտը հաղթել է: Հաղթողի առջեւ պայման է դրվել մինչեւ սույն թվականի սեպտեմբերը ներկայացնել նախագիծը:

Հիշեցման կարգով տեղեկացնենք, որ 2009թ. նոյեմբերի 28-ին Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը մի հանդիպման ժամանակ ասել էր, թե Գյումրու տեխնոպարկի կամպուսների եւ բիզնես-կենտրոնի կառուցումը կսկսվի 2010 թվականին: Սակայն եթե նախագիծը պիտի ներկայացվի սեպտեմբերին, ապա խիստ կասկածելի է, որ ինչ-որ բանի կառուցում կարող է սկսվել այս տարվա մեջ: Հիշեցնենք նաեւ, որ Գյումրու տեխնոպարկի ստեղծման ծրագիրը հաստատվել էր ՀՀ կառավարության կողմից դեռեւս 2006 թ. մարտի 2-ին։ Իսկ 2009թ. ապրիլի 9-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվել էր Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման պետական աջակցության 2009թ. ծրագիրը: Ինչպես այդ ժամանակ ասել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը՝ «այս տարի տեխնոպարկի գործունեության համար պետբյուջեից նախատեսվում է տրամադրել 80 մլն դրամ»։

Ընդհանուր առմամբ՝ Տեխնոպարկի՝ 2008-ին կազմված «Ռազմավարական ուղեցույցի եւ բիզնես-պլանի» հեղինակ Քեյվին Թոմփստոնի հաշվարկներով՝ Գյումրու տեխնոպարկի կառուցման նպատակով անհրաժեշտ է ներդնել 55 մլն դոլար։ Տեխնոպարկի վերջնական ձեւավորման համար կպահանջվի 10-15 տարի, ինչը թույլ կտա ստեղծել 8-10 հազար նոր աշխատատեղ։

Կառավարությունից քանիցս նշել են նաեւ, որ Գյումրու տեխնոպարկի ստեղծման ծրագրով շահագրգիռ են Համաշխարհային բանկը, Զարգացման ասիական բանկը, ինչպես նաեւ մասնավոր ներդրողները: Սակայն Տեխնոպարկի ստեղծման ուղղությամբ արվող խիստ մանր քայլերից այդ շահագրգռությունն ինչ-որ չի զգացվում: Մյուս կողմից էլ՝ ճգնաժամի պայմաններում նման մեծ ծրագրի սկիզբը ոչ բոլորի համար է հասկանալի: Սակայն կառավարությունը դրան էլ պատասխան ունի: «Գյումրիում տեխնոպարկի բաղադրիչների կառուցման գաղափարը հատուկ գրավչություն է ձեռք բերում ճգնաժամի պայմաններում եւ լրջորեն աջակցում է հայրենական արտադրության զարգացմանը՝ ստեղծելով հայրենական արտադրողների ապրանքի իրացման շուկա»,- վերոհիշյալ հանդիպման ժամանակ ասել է էկոնոմիկայի փոխնախարար Վ. Դանիելյանը։ Նրա խոսքով՝ ազատ տնտեսական գոտին, որը կգործի կամ Տեխնոպարկի ողջ տարածքում, կամ դրա մի հատվածում, լայնորեն կիրառվում է միջազգային պրակտիկայում եւ զգալիորեն օգնում է առկա ռեսուրսների իրացմանը: «Բիզնեսի կազմակերպման արտոնյալ պայմանների ստեղծումը թույլ կտա օտարերկրյա ներդրողների եւ արտադրողների ներգրավել Հայաստան»,- երազել է Դանիելյանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել