Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգամ հիմա գազն ամենաէժան էներգակիրն է»

Ապրիլ 07,2010 00:00

Վստահեցնում է «ՀայՌուսգազարդը»

7230 քաղաքացիներ միացել են գազի սակագնի թանկացման դեմ ՀԱԿ-ի հայցադիմումին, որը երեկ ներկայացվեց վարչական դատարան: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները հայցադիմումի պատճենները ներկայացրին նաեւ «ՀայՌուսգազարդին», «Տրանսգազին», Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ֆինանսների նախարարությանը:

7 օրվա ընթացքում վարչական դատարանը բոլոր 7230 համահայցվորներին պետք է տեղյակ պահի՝ ընդունե՞լ է հայցը վարույթ, թե՞ ոչ: «Առավոտը» դիմեց «ՀայՌուսգազարդի» լրատվական ծառայությանը, պարզելու, թե ի՞նչ են նախատեսում այս իրավիճակում: Ի պատասխան՝ մեզ փոխանցեցին հետեւյալը. «Ծառայությունն այսօր ունի սոցիալական լուրջ բաղկացուցիչ եւ տրամաբանական է հատկապես սոցիալապես անապահով խավի դժգոհությունը սակագնի բարձրացումից: Ընկերության ղեկավարությունը եւս բազմաթիվ անգամ բարձրաձայնել է իր մտահոգությունը սակագնի բարձրացման հետեւանքների շուրջ՝ նշելով, որ, այո, այն ծանր բեռ կարող է լինել սպառողի համար: Բայց հնարավոր չէ ապրանքը վաճառել իր գնից ցածր: Սակայն պետության կողմից ձեռնարկված միջոցառումները պետք է հավասարակշռեն սակագնի բարձրացման հետեւանքները:

Դեռեւս անցյալ տարվա նոյեմբեր ամսից հանրությունը տեղյակ էր գազի սակագնի բարձրացման տենդենցներին: Եվ միայն այդ ժամանակահատվածում՝ 2009թ. նոյեմբերից մինչեւ ապրիլի 1-ը ներառյալ, գազահամակարգին միացած նոր բաժանորդների թիվը գերազանցում է 10 հազարը, ներկայումս «ՀայՌուսգազարդի» ծառայություններից օգտվում է 600 հազար ընտանիք: Հաշվարկները ցույց են տալիս, որ անգամ բարձրացված սակագնի պարագայում բնական գազը կշարունակի մնալ ամենաէժան եւ հարմարավետ էներգակիրը: Ամեն դեպքում, կատարված մեծածավալ ներդրումների արդյունքում «ՀայՌուսգազարդը» հնարավորություն է ստեղծել օգտվելու իր ծառայությունից»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել