ՀՀԿ-ն երեկ դեմ քվեարկեց իր գաղափարախոսության «ամենածանրակշիռ գործոններից» մեկին: Իսկ այսօր էլ դեմ կքվեարկեն ՀՅԴ մեկ այլ նախաձեռնության, որը «ճեպաքննարկեցին» երեկ:
26 «կողմ», 58 «դեմ», 6 «ձեռնպահ» ձայներով ԱԺ-ն երեկ մերժեց նստաշրջանի օրակարգում ընդգրկել ՀՅԴ խմբակցության պատգամավորների նախաձեռնությունը՝ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին: Ըստ այդմ՝ առաջարկվում էր նոյեմբերի 22-ը նշել իբրեւ «Հայրենատիրության օր», քանի որ 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնն իրավարար վճիռ է կայացրել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի մասին, եւ, ինչպես նախագծի հիմնավորման մեջ է նշված՝ «պարզ քարտեզագրված են Հայաստանի իրական սահմանները»:
Սակայն քվեարկությունից առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ունեցած ելույթից պարզ դարձավ, որ ՀՀԿ-ին չեն բավարարում այդ սահմանները. «Հարկ եմ համարում նշել, որ հայրենատիրությունը որպես գաղափարախոսություն ՀՀԿ-ի գաղափարախոսության ամենածանրակշիռ գործոններից մեկն է: Սակայն պատասխանել ենք, որ հայրենատիրությունը դա գաղափարախոսություն է, ոչ մի ռեալ փաստարկի հետ չի կարելի կապել: Առավել եւս՝ հարգելով ե՛ւ Վիլսոնին, ե՛ւ Սեւրի պայմանագիրը՝ չեմ կարծում, որ գաղափարախոսությունը պիտի կապվի Սեւրի հետ, որը նախատեսում էր 4 նահանգներ»: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Panorama»-ին մանրամասնել է. «Հայրենիքը մեզ համար շատ ընդգրկուն ու մեծ է, քան Վիլսոնի այդ առաջարկը, որտեղ ընդգրկված չեն Արցախը, Նախիջեւանը, Ջավախքը»: «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը նման հայտարարությունների կապակցությամբ ԱԺ նիստում ասաց. «Ինչ վերաբերում է ավելի մեծ հայրենիք ունենալու գաղափարին՝ մենք բոլորս դրան, բնականաբար, կողմնակից ենք»:
ՀՀԿ պատգամավորները նշում էին, թե ինչպես պահանջատիրությունը ՀՅԴ-ի գաղափարն է, այնպես էլ հայրենատիրությունը՝ ՀՀԿ-ի: Եվ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանը խոստովանեց. «Մենք իսկապես պատահական չենք «հայրենատիրության օր» նշել, այլապես «պահանջատիրության օր» կարող էինք անունը դնել: Բայց նկատի ունենալով, որ մեր գործընկերների համար՝ ինչպես պրն Սահակյանն ասաց, դա գաղափարախոսության ծանրակշիռ գործոնն է, ուզեցինք այնպես անել, որ համահունչ լինի մեր բոլորի ձգտումներին ու գաղափարախոսությանը: Ցավում ենք, որ այդպես չէ»: Իսկ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հորդորեց բացատրություն տալ հասարակությանը՝ «Ինչո՞ւ է այնուամենայնիվ այդ գաղափարախոսությունն իր համար հիմք համարող քաղաքական ուժը եւ կոալիցիոն մյուս ուժերը, որոնք տեղի-անտեղի արտաբերում են թե՛ Գարեգին Նժդեհի անունը, թե՛ ազգային գաղափարախոսություն բառակապակցությունը՝ դեմ քվեարկելու այս օրինագծին»: Սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավարն ավելի վաղ էր հայտարարել. «Մենք դեմ ենք քվեարկելու: Բայց դա չի նշանակում, որ հայրենատիրության օր չի ունենա մեր պետությունը»՝ հանելուկ թողնելով, որ եթե նման օրենսդրական նախաձեռնությունը մերժում են՝ ինչպե՞ս «անպայման կունենանք հայրենատիրության օր»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ նախապես տեղեկացրեց, որ կոալիցիան այսօր դեմ կքվեարկի ՀՅԴ մեկ այլ նախաձեռնությանը եւս՝ «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին: Թեեւ այն արժանացել էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բացասական եզրակացությանը, սակայն ՀՅԴ խմբակցությունը նախաձեռնությունը համարել էր արտահերթ, եւ այն քննարկվեց ԱԺ նիստում: Կարելի է ասել՝ «ճեպաքննարկվեց», քանի որ արտահերթ քննարկման կարգի համաձայն, հիմնական զեկույցները տեւում էին միայն 7 րոպե, ելույթները՝ 3 րոպե, հարցերն ու պատասխանները՝ ընդամենը 1-ական րոպե, ուստի հաճախ մնում էին կիսատ:
Ինչպես եւ հանձնաժողովի նիստում՝ լիագումար նիստում քննարկման ընթացքում էլ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը միջազգային պայմանագրերում վերապահումներ անելու լիազորությունն ԱԺ-ին տրամադրելու կապակցությամբ հայտարարեց. «ԱԺ-ի լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ, ի տարբերություն մյուս իշխանական թեւերի, որոնց լիազորությունների մասին Սահմանադրության մեջ նման դրույթ չկա: Այն, ինչ գրված է՝ ավելին գրելը կնշանակի խախտել այդ դրույթը»: Իսկ հիմնական զեկուցող Արմեն Ռուստամյանը ելույթում հակադարձեց. «Ո՞վ ձեզ իրավունք տվեց մեկնաբանել ՍԴ-ի փոխարեն: Դիմե՛ք, թող ՍԴ-ն ասի»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդդիմադիր անդամների հատուկ կարծիքը ներկայացնող Ստյոպա Սաֆարյանին հարց ուղղեց, թե՝ ինչպե՞ս են պատկերացնում դեռեւս չընդունված օրենքի վերաբերյալ ՍԴ-ից մեկնաբանություն ստանալը: «ՍԴ-ին դիմելու հարցով համաձայն եմ Ձեր գնահատականին»,- պատասխանեց Ստյոպա Սաֆարյանը՝ հիշեցնելով, որ ՀՀԿ պատգամավորն է հանձնաժողովի նիստում արել այդ առաջարկը:
Ի դեպ, Կորյուն Նահապետյանի մեկ այլ հարցադրման շնորհիվ պարզ դարձավ, որ կառավարությունը նախատեսում է նոր փոփոխություններ իրականացնել «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» օրենքում: Շավարշ Քոչարյանը բացահայտեց. «Սկզբնական փուլում կա մի նախագիծ, որը հենց ԱԳՆ-ն է մշակել»:
Հ. Գ. Երեկ մինչ ԱԺ-ին վերապահում անելու հնարավորություն ընձեռելու դեմ նման կռիվ տալը՝ պատգամավորները քննարկեցին ՀՀ նախագահի կողմից ներկայացված՝ «Միջուկային ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիան, որը ստորագրվել է 2005 թվականին Նյու Յորքում: Ադրբեջանը կոնվենցիան ստորագրել է վերապահմամբ՝ «Ադրբեջանի Հանրապետությունը հայտարարում է, որ չի կարողանա երաշխավորել կոնվենցիայի դրույթների կատարումն իր՝ Հայաստանի Հանրապետության կողմից օկուպացված տարածքներում, մինչեւ այդ տարածքները չազատագրվեն օկուպացիայից»: Հայաստանն էլ կոնվենցիային կցել է հետեւյալ առարկությունը. «Ադրբեջանի Հանրապետությունը խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը եւ կարեւորությունը այն հակասության պատճառների եւ ազդեցության վերաբերյալ, որն առաջացել է Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով՝ ուղղված ազատ կամքի ճնշմանը, որին հետեւում է մեծ քանակությամբ զինված ուժերի ագրեսիան՝ ուղղված անկախ Լեռնային Ղարաբաղի դեմ: Արդյունքում Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ օկուպացվել են Ադրբեջանի Հանրապետության կողմից»:
Հ. Հ. Գ. ՀՀԿ խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը երեկ Թուրքիայի վարչապետ Էրդողանին հայտարարության մեջ անվանեց «փահլեւան»: ՀՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Կարեն Ավագյանն էլ սփյուռքահայերի հետ հանդիպելու թուրքական կողմի մտադրության կապակցությամբ հայտարարեց. «Շատ կուզենայի հարցնել պարոն Էրդողանին՝ այդ ո՞ր Սփյուռքի մասին է խոսքը: Այն Սփյուռքի, որ արդյունք է իր գազանաբարո նախնիների կողմից իրականացված ոճրի՞»: Արձանագրությունների վավերացմանն ԱԺ-ի կողմից որեւէ կերպ միջամտել չցանկացող կոալիցիայի պատգամավորների հայտարարությունները լեցուն էին Թուրքիայի ղեկավարների հասցեին «արյուներախ» ու նման որակումներով: