Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍ ԵՐԿՈՒ ԱՆԶԻՋՈՒՄ ՈՒԺԵՐԻ ՁԵՌՔԻՆ

Ապրիլ 07,2010 00:00

 «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը երեկ ԱԺ-ում հայտարարությամբ անդրադարձավ այն արձագանքներին, որոնք հետեւեցին «Ժառանգության» կոչին իշխանական եւ ընդդիմադիր ուժերին՝ նստել կլոր սեղանի շուրջ. «Կլոր սեղանը կարող է լինել առաջին քայլը՝ ազգային միասնության առավել լայն՝ քաղաքական, քաղաքացիական եւ հոգեւոր ձեւաչափի կայացման ուղղությամբ եւ կխթանի ժողովրդավարական բարեփոխումները: Մեր այս առաջարկի վերաբերյալ հնչած առաջին արձագանքները տխուր մտորումների տեղիք են տալիս: Ինչպես դիպուկ նկատեց իմ գործընկեր Ստեփան Սաֆարյանը, տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը պատրաստ է ցանկացած զիջում անել արտաքին ուժերին, միայն թե որեւէ զիջում չանի սեփական երկրի ընդդիմությանը, քաղաքացիական հասարակությանը, շարքային քաղաքացիներին, որը կուժեղացներ պետությունը եւ ավելի իրական կդարձներ արտաքին ճակատում ՀՀ ազգային շահերի տեսակետից վտանգավոր որեւէ զիջում չանելու հնարավորությունը: Իմ կողմից ավելացնեմ, որ ընդդիմադիր որոշ գործիչներ էլ այս վտանգավոր պահին պատրաստ են մի կողմից՝ խրախուսել իշխանությանն արտաքին զիջումներ անելու ուղղությամբ, մյուս կողմից էլ հրահրել սոցիալական պայթյուն: Հիրավի, երկու այս անզիջում ուժերի ձեռքին Հայաստանը կարող է հայտնվել 1920թ. Ղարսի ամրոցի հանձնմանը համանման աղետի եզրին, որի հաջորդ արարը պետականության կորուստն է»:

Անահիտ Բախշյանը նաեւ հարց ուղղեց. «Ազգային կոնսոլիդացիայի ուղղությամբ քայլեր անելու փոխարեն՝ ի՞նչ է կատարվում այսօր: Այն ուժերը, ովքեր 2 տարի առաջ հերքում, անհիմն էին համարում Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին լուրերը, այսօր սկսում են հիմնավորել ու արդարացնել մի մարդու վերադարձ, որի կառավարման 10 տարիների ընթացքում Հայաստանում վերջնականապես հաստատվեց մինչ այդ ձեւավորված ավտորիտար իշխանական բուրգը, ով ոչ մի եզր չուներ Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարության, օրենքի իշխանության, արդարադատության հետ, ով պետության հաշվին դիզեց հսկայական հարստություն, եւ վերջապես մեր պատմության մեջ նրա անունը անխզելիորեն կապվեց հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի հետ: Անառարկելի է, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը որեւէ պետական պաշտոնի կարող է մեծ հարված հասցնել արտաքին եւ ներքին հուժկու մարտահրավերներին՝ ազգային կոնսոլիդացիայի դեռեւս պահպանվող փխրուն հնարավորությանը ընդառաջ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել