FIDH-ի պատվիրակները եկել էին Մատենադարան, ինչպես իրենք ասացին՝ զորակցելու ՀՀ «ազատատենչ քաղաքացիներին»
Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքը հիշեցրեց 2008թ. փետրվարի 26-ին Ազատության հրապարակում Համաժողովրդական շարժման բողոքի ակցիան, որին այն ժամանակ միացել էին Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի հրավիրած հանրահավաքին հարկադրաբար մասնակցող ՀՀ հազարավոր քաղաքացիները, իսկ երեկ ցուցարարներին միացան Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ համաժողովի պատվիրակ իրավապաշտպանները՝ FIDH-ի նախագահ Սուեր Բելասենի գլխավորությամբ: Ընդդիմության երեկվա հանրահավաքը նախորդ զանգվածային միջոցառումներից, թերեւս, հենց նրանով էլ առանձնացավ, որ դրան մասնակցեցին աշխարհի 150 երկրներ ներկայացնող իրավապաշտպան տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչը հանրահավաքի կազմակերպիչներին հարկադրեց սրբագրել իրենց «ռեգլամենտը». նախատեսված ոչ բոլոր ելույթները հնչեցին: Փոխարենը խոսեցին իրենք՝ օտարերկրյա իրավապաշտպանները, իսկ այն դրական էներգիան, որով լի էր երեկվա հանրահավաքը՝ պարզապես աննկարագրելի էր:
Բողոքի ակցիա՝ Օպերայի մոտ
Հիշեցնենք, որ մինչեւ հանրահավաքը՝ «Հայաստանի քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի» նախաձեռնությամբ ՀԱԿ երիտթեւի ներկայացուցիչները բանտարկյալի «զոլավոր» հագուստով եւ անգլերեն լեզվով քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ «Մարտի 1»-ի իրական պատասխանատուներին բացահայտելու եւ պատժելու պահանջով պաստառներով, նաեւ՝ քաղբանտարկյալների եւ մարտիմեկյան զոհերի լուսանկարները ձեռքներին՝ հավաքվել էին Օպերայի շենքի դիմաց, որտեղ «Արամ Խաչատրյանի» համերգասրահում ընթանում էր FIDH-ի 37-րդ համաժողովը: Դրա ընդմիջումներից մեկի ժամանակ համաժողովի պատվիրակները դուրս եկան դեպի ցուցարարները, որոնք նրանց ծրարներ փոխանցեցին: Ինչպես պարզվեց, ծրարում 2008թ. «Մարտի 1»-ի մասին պատմող տեսասկավառակ կար: Համաժողովի պատվիրակները, նաեւ FIDH-ի նախագահ Սուեր Բելասենը մոտեցան ցուցարարներին, գրկախառնվեցին զոհվածների հարազատների հետ, այնուհետեւ բռունցքը վեր պարզելով՝ իրենց զորակցությունը հայտնեցին ակցիայի մասնակիցներին:
Հակառակ հյուրերի՝ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ակցիայի մասնակիցներից խույս տվեց ու շենք մտավ այլ դռնից:
Հանրահավաք՝ Մատենադարանի մոտ
Ավելի ուշ, Մատենադարանի մոտ, ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքում ելույթ ունեցավ «Հայաստանի քաղբանտարկյալների կանայք» կազմակերպության ղեկավար, ՀՀ ԱԳ նախկին նախարար, նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանի տիկինը՝ Մելիսա Բրաունը: Նա ասաց, թե ինքն այլեւս քաղբանտարկյալի կին չէ, բայց ցավում եւ զորակցում է բոլոր այն կանանց, որոնց ամուսիններն ու որդիները դեռ անազատության մեջ են: «Մենք այսօր ունենք 14 քաղբանտարկյալներ եւ պիտի պայքարենք՝ մինչեւ վերջին քաղբանտարկյալը ազատ լինի, մեզ հետ լինի: Ես քաղբանտարկյալի կին չեմ, եւ եթե այսօր իմ իրավունքների համար չեմ պայքարում, պիտի ուրիշների իրավունքների համար պայքարեմ, որովհետեւ հասկանում եմ, թե ինչքան կարեւոր է մարդու իրավունքների պաշտպանների աշխատանքը»,- ասաց նա՝ հավելելով, որ նախորդ օրը քաղբանտարկյալների հարազատները հանդիպել են FIDH-ի ներկայացուցիչների հետ, շատ ազատ եւ հանգիստ մթնոլորտում իրենց մտահոգություններն են հայտնել եւ խոստում ստացել, որ FIDH-ի համար կարեւորագույն հարցեր մնացին քաղբանտարկյալների ազատ արձակումն ու «Մարտի 1»-ի բացահայտումը: «Մենք մեծ հույս ունենք, որ նրանք իրենց խոսքին տեր կկանգնեն»,- ասաց տիկին Բրաունը՝ մեկ անգամ եւս պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին, բացահայտել «Մարտի 1»-ը:
Հանրահավաքում ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը միջոցառման մասնակիցների անունից ուղերձով դիմեց FIDH-ի համաժողովի մասնակիցներին՝ դատապարտել 2008թ. մարտի 1-2-ի դեպքերը եւ ջանքեր գործադրել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ եւ չդառնալ իշխանությունների համար գործիք: Ուղերձում, այդուհանդերձ, շեշտված էր, որ միաժամանակ Երեւանում անցկացվող այդ համաժողովը հնարավորություն է՝ անդրադառնալու ՀՀ-ում մարդու իրավունքների խնդիրներին: Ա. Մուսինյանը շեշտեց, որ նաեւ ՀՀ քաղաքացիների եւ ընդդիմության համատեղ պայքարի շնորհիվ FIDH-ը իր 37-րդ համաժողովի անունից երեկ եւս մեկ անգամ կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ կրկնել «Մարտի մեկը» արդյունավետ հետաքննելու իր պահանջը:
ՀԱԿ-ը դիմեց Վարչական դատարան
Ընդդիմության երեկվա հանրահավաքում Հայաստանում գազի գնի բարձրացմանն ու գնաճին անդրադարձան ՀԱԿ-ի տնտեսական հանձնախմբի ներկայացուցիչներ՝ ՀՀ առաջին նախագահի՝ տնտեսական հարցերով նախկին խորհրդական Վահագն Խաչատրյանն ու ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Վ. Խաչատրյանը հանրահավաքի մասնակիցներին տեղեկացրեց, որ 7230 քաղաքացի արդեն միացել են գազի սակագնի թանկացման դեմ Հայ ազգային կոնգրեսի հայցադիմումին, որը երեկ արդեն ներկայացվեց Վարչական դատարան: Ի դեպ, ՀԱԿ-ի ներկայացուցիչները հայցադիմումի պատճենները ներկայացրել են նաեւ «ՀայՌուսգազարդ»-ին, «Տրանսգազ» ընկերությանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ու նաեւ ՀՀ ֆինանսների նախարարությանը: Ինչպես փոխանցում են լրատվական գործակալությունները, այդ հաստատությունների ընդհանուր բաժնի աշխատակիցները սկզբում զարմացել են՝ տեսնելով հայցադիմումների քանակը, ու տարակուսել, թե դրանք ինչպես են մուտքագրելու: Բայց ավելի ուշ, իմանալով, որ հայցը մեկն է, իսկ մյուսները միայն համահայցվորներ են, թեթեւացած շունչ են քաշել: Ի դեպ, Վարչական դատարանը 7 օրվա ընթացքում բոլոր 7230 համահայցվորներին պետք է տեղյակ պահի, թե հայցը վարույթ ընդունե՞լ է, թե՞ ոչ: Բայց վերադառնանք հանրահավաքում Վ. Խաչատրյանի ելույթին. իսկ նա ի պատասխան ՀՀ քաղաքացիների կողմից հնչող թերահավատ հարցադրումներին՝ բայց դատարանը կբավարարի՞ քաղաքացիների եւ ընդդիմության պահանջը, նկատեց, որ իրենք միամիտ չեն եւ առանձնակի հույսեր հայաստանյան դատարանների հետ չեն կապում: Նա շեշտեց, որ հիմա խնդիրն այս է՝ մենք պատրա՞ստ ենք պայքարել մեր իրավունքների, արժանապատվության, ազատ ապրելու համար: «Եթե նստենք տանն ու չպայքարենք՝ գների աճը շարունակություն է ունենալու, ինչպես եղել է նախկինում, երբ մեր հասարակությունը դա հանդուրժել է»,- հայտարարեց Վահագն Խաչատրյանը՝ հավելելով, որ դատարանները մի օր ստիպված են լինելու արդար որոշումներ կայացնել:
FIDH-ի պատվիրակները նաեւ ելույթ ունեցան
Հանրահավաքում նախատեսված ելույթները սահմանափակվեցին, երբ Օպերայի «Արամ Խաչատրյան» համերգասրահից, որտեղ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ համաժողովն էր ընթանում, պատվիրակ իրավապաշտպանները միացան հանրահավաքի մասնակիցներին: Հանրահավաքի մասնակիցները նրանց բոլորին դիմավորեցին ջերմ ծափողջույններով եւ անգլերենով ազատություն՝ «freedom» բացականչություններով:
Հանրահավաքում ելույթ ունեցավ FIDH-ի նախագահ Սուեր Բելասենը, որին հավաքվածները շատ երկար ժամանակ ծափահարեցին: Մարդկանց ոգեւորությունը չափազանց մեծ էր, իսկ տիկին Բելասենը երեկ երեք անգամ մոտեցավ բարձրախոսին: «Սիրելի բարեկամներ, ողջ աշխարհը մարդու իրավունքների մարտիկների միջոցով այսօր ներկա է այստեղ: Մենք բոլորս այստեղ ձեզ հետ ենք քաղբանտարկյալների ազատության համար: Սիրելի բարեկամներ, մարդու իրավունքների լիգայի դաշնությունը իր ողջ կազմով ձեզ հետ է: Նրանցից յուրաքանչյուրը, որ ներկայացնում է աշխարհի մարդու իրավունքների պաշտպանության որեւէ լիգա, ուզում է ասել, որ ձեզ հետ են: Մենք պահանջում ենք բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում»,- իր բոլոր երեք ելույթները տիկին Բելասենը եզրափակում էր հայերեն «ազատություն» վանկարկելով: Նա նաեւ արձագանքեց ներկաների՝ «հիմա» պահանջին եւ միացավ դրան, բայց անգլերենով՝ «freedom now»:
Հետո նա ձայնը փոխանցեց իրանցի իրավապաշտպան, խաղաղության Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադին. «Սիրելի հայեր, հավատացեք, որ մենք ձեզ հետ ենք: Մենք եկել ենք աշխարհի տարբեր երկրներից եւ մենք ձեզ հետ ձեռք ձեռքի բռնած կազմելու ենք մի շղթա, որպեսզի ձեր ձայնը լսեն ամբողջ աշխարհում: Դուք՝ Հայաստանի ազատատենչ ժողովուրդ, իմացեք, որ մենակ չեք: Այստեղ են աշխարհի 150 երկրների իրավապաշտպանները, ու բոլորը ձեզ հետ միասին բողոքի ձայն են բարձրացնում: Մեզանից շատերը, որ ներկա են այստեղ, եղել են քաղբանտարկյալներ: Ես ինքս նույնպես քաղբանտարկյալ եմ եղել, եւ մենք շատ լավ հասկանում ենք քաղբանտարկյալները իրենցից ինչ են ներկայացնում, եւ այս պահին պահանջում եմ՝ առանց նախապայմանի բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակել»:
Խոսեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության ֆրանսիական լիգայի նախագահ Ժան Պիեր Դյուբուան. «Սիրելի բարեկամներ, մեր լիգան ուրախ է այսօր լինել ձեր կողքին, որովհետեւ մենք գիտենք հայերի խնդիրները, եւ ֆրանսիացիները համերաշխ են հայ ժողովրդի հետ ե՛ւ Ցեղասպանության ճանաչման, ե՛ւ այսօր ազատության ձեռքբերման հարցում: Մենք ունենք մեկ պահանջ՝ արդարություն Ցեղասպանության զոհերի համար, արդարություն՝ հանուն ազատության պայքարողների, բոլոր նրանց համար, ովքեր վնասվել եւ սպանվել են: Մենք այսօր միասին ենք՝ պահանջելու քաղբանտարկյալների ազատությունը, որպեսզի որեւէ երկրում ոչ մի քաղբանտարկյալ չլինի, որ լինի ազատություն՝ աշխարհի բոլոր քաղաքացիների համար»:
«Հայաստանի իշխանությունները ծրագրել էին, որ FIDH-ի համաժողովի անցկացումը Հայաստանում թույլ կտա այդ ֆորումը դարձնել իշխանությունների պրոպագանդայի գործիք, բայց մենք կարողացանք տապալել նաեւ այդ ծրագիրը: Ահա սա է զանգվածային միջոցառումների, մեր ժողովրդի հետեւողական պայքարի ուժը»,- հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:
Երեկ հանրահավաքը եզրափակեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա ելույթը կարդացեք «Առավոտի» 9-րդ էջում: Հանրահավաքին հաջորդեց երթը, որն այս անգամ անցավ սիրալիր ոստիկանների ուղեկցությամբ: