Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՇՎԻ ՉԻ ԱՌԵԼ, ՈՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԻՄԱԿԱՅՈՂ ԳՈՐԾԻՉ Է»

Ապրիլ 07,2010 00:00

\"\"Վստահ է ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը

– Ժամանակին, երբ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի անդամ էիք եւ նույն անունով խմբակցության քարտուղարը, շարունակ խոսում էիք ղարաբաղյան կլանի ողնաշարը ջարդելու մասին: Հիմա, երբ ՀՀ երկրորդ նախկին նախագահը կարծես ակտիվանում է, էլի՞ նույն հայտարարություններն եք անելու եւ ինչպե՞ս եք գնահատում Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հավանականությունը:

– 2008 թ. մարտի 1-ին Քոչարյանի կողմից հրահանգավորված հանցագործության տարբերությունը 1996 եւ 2004 թթ. արյունալի իրադարձություններից այն էր, որ եթե 1996-ին պայքարն ընթանում էր թերեւս նախագահ ընտրված Վազգեն Մանուկյանի եւ իշխանությունը ուժային եղանակով պահող Տեր-Պետրոսյանի, իսկ 2004-ին՝ դրանից մեկ տարի առաջ նախագահ ընտրված Ստեփան Դեմիրճյանի եւ Քոչարյանի միջեւ, այսինքն՝ ի վերջո ընդդիմության եւ իշխանության միջեւ, ապա 2008 թվականին իշխանության թեկնածուն Քոչարյանը չէր: Ավելին՝ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, գործող նախագահ Քոչարյանը եւ ընդդիմության թեկնածու Տեր-Պետրոսյանը 2008-ի ընտրություններում փորձում էին լուծել տարբեր խնդիրներ: Եթե Սերժ Սարգսյանի նպատակը լեգիտիմ նախագահ ընտրվելն էր, Քոչարյանինը՝ հակառակը, ամեն ինչ անել խոցելի իրավահաջորդ ունենալու համար: Լեւոն Տեր-Պետրոսյանի մինիմում ծրագիրը Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը կասկածի տակ դնելն էր: Արդյունքում կազմակերպելով մարտի 1-ը՝ Քոչարյանը փորձեց կատարել իր մինիմում ծրագիրը՝ ունենալ խոցելի եւ իրենից կախում ունեցող իրավահաջորդ: Տեր-Պետրոսյանը ձգտում էր ձերբազատվել մարտի 1-ի իրադարձություններում իրեն վերագրվող հնարավոր դերակատարությունից, քաղաքական պայքարում նոր նախագահի դեմ օգտագործել մարտի 1-ի ողբերգության փաստը: Ստեղծված կացության մեջ Սերժ Սարգսյանը միակ դեմքն էր, որին բացարձակապես ձեռնտու չէր մարտի 1-ը, որովհետեւ արյան պատասխանատվությունն ի վերջո ընկնելու էր իր վրա:

– Դուք պատմական էքսկուրս եք անցկացնում, մինչդեռ ես կոնկրետ հարցրի՝ Քոչարյանի վերադարձի հավանականությունը որքա՞ն եք գնահատում:

– Չկա ոչ մի հավանականություն, բացատրեմ, թե ինչու: Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, ով 10 տարի լռեց, Քոչարյանը 10 ամիս էլ չդիմացավ, իսկ վերջերս էլ, այո, ակտիվության թույլ նշաններ է ցույց տալիս: Նախագահի աթոռին Քոչարյանն ուզում էր ունենալ հնազանդ մեկը, որի նախագահության ժամանակ ինքը կկարողանար պահպանել իշխանությունը: Դրանով կարելի է բացատրել 2008 թ. նախագահական ընտրությունների նախօրեին եւ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ու մինչ օրս Քոչարյանի դրսեւորած անհամբեր ու ագրեսիվ կեցվածքը: Կազմակերպելով մարտի 1-ը՝ Քոչարյանին թվում էր, թե հասել է իր նպատակին՝ խոցելի իրավահաջորդ ունենալու եւ ստվերային կառավարողի դերում մնալու երազանքին:

– Դուք կարծում եք՝ դա չիրականացա՞վ:

– Իհարկե, ոչ: Ես վստահ եմ, եթե չլիներ մարտի 1-ը, ի դեմս Սերժ Սարգսյան-Լեւոն Տեր-Պետրոսյանի միանգամայն հնարավոր «ուժեղ իշխանություն-ուժեղ ընդդիմություն» բանաձեւի՝ սկիզբ կդրվեր Հայաստանում իրական բարեփոխումներին: Քոչարյանը հույս ուներ, որ մարտի 1-ով ներիշխանական հնարավոր դավադրությամբ՝ ազգայնական, սոցիալական եւ այլ լոզունգներ առաջադրելով՝ հարմար պահին իրեն կաջակցեն պրոքոչարյանական պատգամավորները: Կարծում եմ՝ սա էր Քոչարյանի հաշվարկը եւ նրա այսօրվա հայտնության՝ վարչապետական մինիմում ծրագրի էությունը: Սակայն Քոչարյանի հաշվարկում հաշվի չէր առնվել, որ Սերժ Սարգսյանը դիմակայող գործիչ է եւ Քոչարյանի ակնկալած թույլ իրավահաջորդը չէ:

– Ժամանակին դուք հավասարապես նույն կերպ էիք արտահայտվում այս երկու գործիչների մասին:

– Ճիշտ է, Սարգսյանը քաղաքական համակարգի կատարելագործման գործում «ուրույն» դերակատարություն է ունեցել եւ քոչարյանական ռեժիմի համար անմիջական պատասխանատվություն ստանձնելով՝ նպաստել է Քոչարյանի իշխանության ամրապնդմանը: Ես կարծում եմ՝ դա կատարվել է գերազանցապես Սարգսյանի հեղինակության էական կորստի հաշվին: Քաղաքական հեռահար նպատակներ ունեցող Սերժ Սարգսյանն այնուհանդերձ համբերատար սպասել է ՀՀ նախագահ դառնալու իր ժամանակին, թերեւս գիտակցելով, որ ռեժիմի ամրապնդման համար իր գործադրած ջանքերը չափազանց խոցելի են դարձնելու իրեն ապագա քաղաքական պայքարում: Ներիշխանական մրցակցությունում բոլորովին այլ վարքագիծ է որդեգրել Քոչարյանը՝ իր նախկին զինակցին թողնելով ծանր ժառանգություն: Քոչարյանի քաղաքական գրավը դրված է Սերժ Սարգսյանի ձեռնարկած բարեփոխումների եւ նախաձեռնողական արտաքին քաղաքականության տապալման, այսինքն՝ օբյեկտիվորեն Հայաստանի ձախողման հեռանկարի վրա: Իշխանության համար մղվող պայքարում այդօրինակ տրամաբանությամբ է գործում նաեւ Տեր-Պետրոսյանը, որը քաղաքական տեսանկյունից միանգամայն հասկանալի է, իսկ զուտ մարդկային առումով՝ գուցե այն, ինչը թույլատրելի է Տեր-Պետրոսյանին, հակացուցված է Քոչարյանին, որովհետեւ եթե Տեր-Պետրոսյանը ընդդիմության ընդգծված առաջնորդն է, ապա հարց է առաջանում՝ ո՞ւմ է ներկայացնում Քոչարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել