Երեկ Մատենադարանի մոտ Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած հանրահավաքը անսովոր ընթացք ունեցավ: Դրան մասնակցեցին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ համաժողովի պատվիրակ իրավապաշտպանները: Առաջինը Մատենադարանի հարթակից խոսեց Նիգերիայի քաղաքացիական ազատության կազմակերպության ղեկավար Եզիկե Իբուկհուկու Օհաբուեյնայուն (նկար երկրորդ): Նա, որ եկել էր իր ազգային տարազով եւ բանտարկյալի «զոլավոր» գլխարկով, ձայն խնդրեց ու նախ՝ իր մայրենիով, ապա՝ անգլերենով ողջունեց հանրահավաքի մասնակիցներին: «Գալով այստեղ՝ ես տեսա այս հավաքը, մարդկանց, որոնք պայքարում են արդարության համար: Ես դատապարտելի եմ համարում, որ լավ մարդիկ, ինչպիսիք դուք եք, ինչպիսին մենք ենք, կարող ենք կանգնել, լռել եւ չպայքարել: Կա միայն մեկ արդարություն, եւ այդ արդարությունը բոլորիս համար է: Որեւէ մեկին վնասելը մեզ համար հավասարազոր է վնասել բոլորին:
Ես անձամբ եղել եմ քաղբանտարկյալ, զրկված արդարադատությունից: Եվ դրա համար երդվել եմ՝ մնացած իմ ողջ կյանքում պայքարել արդարության համար: Եվ գալով այստեղ, տեսնելով այս հավաքված մարդկանց, որոնք պայքարում են արդարության համար, ես այս իշխանություններից պահանջում եմ՝ անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին»,- հայտարարեց նիգերիացի իրավապաշտպանը՝ հայերենով վանկարկելով «ազատություն» բառը:
Կարդացեք