Վախի հոտը
Նախնադարյան մարդու եւ կենդանիների համար հոտառությունն ունի մեծ նշանակություն՝ սնունդ հայթայթելու, զուգընկեր ճարելու, վտանգից զգուշանալու համար: Այսօր եւս, այսպես ասած՝ ֆերոմոնները, հոտավետ քիմիական միացությունները, որոնք բնորոշ են յուրաքանչյուր տեսակին ու սեռին, մեծ նշանակություն ունեն եւ միակ չափանիշն են համարվում կենդանական աշխարհում զուգընկերների միացման՝ տվյալ տեսակի գոյությունը շարունակելու համար: Ֆերոմոնները որոշակի չափով ազդում են նաեւ մարդկանց փոխհարաբերությունների վրա: Յուրաքանչյուր մարդ օժտված է իր սեփական, անկրկնելի հոտով: Նույն հոտն ունեն միայն միաձվանի երկվորյակները, այն էլ նրանք, որոնք դաստիարակված են նույն պայմաններում: Սեփական հոտը կախված է մարդու հոգեկան եւ առողջական վիճակից: Փորձառու բժիշկները որոշ հիվանդություններ կարող են ախտորոշել ըստ մաշկի եւ շնչառության հոտի: Մարդիկ, որոնք վախենում են շներից, արձակում են, այսպես կոչված՝ «վախի հոտ» եւ շները հարձակվում են հենց նրանց վրա: Հայտնի է եւս մի օրինակ: Հոտի ազդեցությունը դեռ առաջին տիեզերանավերի խցիկներում. տիեզերագնացների վարքը դառնում էր խիստ նյարդային ու ագրեսիվ: Դա տիեզերանավի խցիկում օդի ոչ բավարար մաքրության հետեւանք էր, այն պարունակում էր տիեզերագնացների սեփական հոտը, որը նույնպես համարվում է «վախի հոտ»: Այս ամենը վկայում է հոտերի մեծ ազդեցությունը մարդու օրգանիզմի, նրա հոգեհուզական եւ ֆիզիկական վիճակի վրա: Այսպիսով, մարդուն շրջապատող օդը պետք է լինի մաքուր, չպարունակի վնասակար եւ տհաճ միացություններ ու խառնուրդներ:
«Երկերեսանի» խոլեստերինը
Բազմաթիվ անգամ ապացուցված է եւ վիճահարույց չէ այն հանգամանքը, որ այն մարդիկ, որոնց օրգանիզմում ցածր է խոլեստերինի քանակությունը, շատ սակավ են մահանում ինֆարկտից: Սակայն դա չի նշանակում, որ խոլեստերինի ցածր քանակությունը բարիք է օրգանիզմի համար եւ պետք է պրոպագանդել կիսաքաղցած «բուսակերությունը»: Արտասահմանյան գիտնականներն իրենց բազմաթիվ հետազոտություններից եկել են այն եզրակացության, որ խոլեստերինի շատ ցածր քանակությունը նույնպես բացասաբար է ազդում մարդկանց օրգանիզմի վրա: Այն մարդկանց մոտ, որոնց օրգանիզմում խոլեստերինի քանակությունը նորմայից ցածր է, բարձր է մահացությունը դժբախտ պատահարներից: Նրանց մոտ հաճախ են պատահում նաեւ «անձի խանգարումներ»՝ դեպրեսային վիճակներ, վախ, ագրեսիա եւ այլն: Ֆինն գիտնականները հայտնում են, որ մարդկանց հակումը ինքնասպանության՝ մեծ կապ ունի նաեւ օրգանիզմում խոլեստերինի քանակության հետ: Այս ամենն ունի կենսաբանական խոր իմաստ: Օրինակ՝ կապիկների վարքի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ եթե այս կամ այն պատճառով կապիկների որոշակի խումբը քիչ է ստանում կեր՝ կիսաքաղցած է, հետեւաբար եւ խոլեստերինի քանակը ցածր է օրգանիզմում, ապա հաջորդ անգամ կեր ստանալիս նրանք ավելի լավ են պայքարում իրենց կերաբաժինը «փախցնելու» համար, քան կուշտ եղբայրակիցները: Այնպես որ, բանական մարդը նույնպես պետք է կուշտ լինի, որպեսզի խոլեստերինի քանակը լինի նորմայում, իսկ ագրեսիվ գործունեությունը պակասի: Սա արդեն սոցիալական հարց է…