Լրահոս
Օրվա լրահոսը

Եռիշխանություն

Ապրիլ 06,2010 00:00

\"\"
Խաղում են «Բանանցը» եւ «Իմպուլսը»:

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 19-րդ առաջնության երկրորդ տուրում Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» 4:2 հաշվով սկզբունքային հաղթանակ տարավ «Միկայի» նկատմամբ: «Ուլիսը» երկրորդ անգամ անընդմեջ հյուրընկալվելիս պարտության մատնեց մրցակցին: Այս անգամ թիմը Կապանում մեկ անպատասխան գնդակ անցկացրեց «Գանձասարի» դարպասը: Մյուս երկու հանդիպումներում գրանցվեցին այսպիսի հաշիվներ. «Կիլիկիա»-«Շիրակ»՝ 3:1, «Բանանց»-«Իմպուլս»՝ 5:2: Խաղացված 16 հանդիպումներում ընդհանուր առմամբ գրանցվել է դարպասի 32 գրավում, մեկ խաղում միջին հաշվով՝ երկու գոլ:
Երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք է ստացել:
Փյունիկ 2 2 0 0 7-2 6
Կիլիկիա 2 2 0 0 6-2 6
Ուլիս 2 2 0 0 4-0 6
Միկա 2 1 0 1 6-4 3
Բանանց 2 1 0 1 5-6 3
Գանձասար 2 0 0 2 1-4 0
Իմպուլս 2 0 0 2 2-8 0
Շիրակ 2 0 0 2 1-6 0
Ապրիլի 10-ին եւ 11-ին կայանալիք երրորդ տուրում զույգեր կազմելու են «Ուլիսը» եւ «Բանանցը», «Իմպուլսը» եւ «Փյունիկը», «Միկան» եւ «Կիլիկիան», «Շիրակը» եւ «Գանձասարը»:
Թռուցիկ հայացք՝
մեկնարկային
2 տուրերին
Ընդամենը երկու տուր առաջ մեկնարկած ֆուտբոլի Հայաստանի առաջնությունն արդեն իսկ բավական ուշագրավ դիտարկումների տեղիք է տալիս: Համաձայնեք. դժվար էր մեկնարկից առաջ ենթադրել, որ, օրինակ, Երեւանի «Կիլիկիան» մեկնարկային երկու տուրերից հետո բացարձակ արդյունքով տեղ կզբաղեցնի առաջատարների թվում: Դժվար էր նաեւ ենթադրել, որ առաջնության նորեկը՝ Դիլիջանի «Իմպուլսը», համապատասխան համալրումից հետո, այնուամենայնիվ, վերջին հորիզոնականը 0 միավորով կկիսի «Շիրակի» ու «Գանձասարի» հետ:  Այս ամենը, թերեւս, կարելի է բացատրել մեկնարկային տուրերում հարմար-անհարմար մրցակիցներ ունենալով, ասել է թե՝ խաղացանկով, որը կազմվել էր վիճակահանությամբ թիմերին կցված համարների ցանցով: Այդպես, օրինակ, վերոնշյալ «Կիլիկիային» բարեհաջող վիճակահանությունը մեկնարկային տուրերում որպես մրցակից առանձնացրել էր երկու մարզային թիմեր՝ «Գանձասարին» ու «Շիրակին»: Երկուսի դեպքում էլ Աբրահամ Խաշմանյանի սաները 3:1 հաշվով վստահ հաղթանակներ տոնեցին: Բնականաբար, նման արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ նախապատրաստական շրջանում կատարված աշխատանքներից «Կիլիկիան» կորզել է հնարավոր մաքսիմումը, իսկ մարզչական շտաբի համալրումն էլ տեղին էր: Միեւնույն ժամանակ, սակայն, գրեթե ոչ ոք չի կասկածում, որ արդեն հաջորդ տուրում «Կիլիկիան» լուրջ փորձության կենթարկվի ու «հասունության» քննություն կհանձնի «Միկային»: Վերջինն ինքն արդեն իսկ երկու բավական լուրջ քննություն հանձնել է՝ 50% արդյունավետություն գրանցելով: Վիճակահանությունն ու դրա հիման վրա կառուցված խաղացանկը Արմեն Ադամյանի սաներին մեկնարկային տուրերում բաժին էին հանել սկզբունքային մրցակիցներ՝ «Բանանցին» ու վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Փյունիկին»: Ու եթե «Բանանցի» հարցերը փոխչեմպիոնն առանց մեծ ջանքերի լուծեց՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը, ապա չեմպիոնի դեպքում «Միկային» կրկին ինչ-որ բան լրջորեն չհերիքեց եւ 2:4 հաշվով գրանցված պարտությունն էլ դրա վկան է:
Հայաստանում իր կազմով, թերեւս, ամենաուժեղ ու հագեցած նախապատրաստական շրջան, լուրջ ստուգողական հանդիպումներ անցկացրած «Միկան» արդեն երկրորդ տուրում կրկին նույն կոտրած տաշտակի առջեւ կանգնեց ոչ միայն խաղով, այլեւ՝ հոգեբանորեն պարտվելով «Փյունիկին»: Կհաջողվի՞, արդյոք, Արմեն Ադամյանին ու նրա սաներին թոթափել այդ բարդույթն ու հետագայում մակարդակով այլ ֆուտբոլ ցուցադրել՝ այս չեմպիոնատում առաջընթաց գրանցելու համար, ցույց կտա միայն ժամանակը:
Ժամանակը ցույց կտա նաեւ, թե որքանո՞վ է արդարացված նախորդ առաջնության բրոնզե մեդալակրի՝ բացարձակ առաջատարների թվում գտնվելը: Առաջին երկու տուրերում Սեւադա Արզումանյանի թիմը արտագնա հաղթանակներ տոնեց «Իմպուլսի» ու «Գանձասարի» նկատմամբ: Դրանք, անկասկած, կարեւոր էին հաջող մեկնարկի ու ամուր հիմքի համար, սակայն կասկածից դուրս է, որ դրանք ավելի են արժեւորվում՝ մրցակցի դաշտում լինելու շնորհիվ: Ի դեպ, այս պահի դրությամբ «Ուլիսը» բարձագույն խմբի առաջնության միակ թիմն է, որի դարպասում մրցաշրջան-2010-ում դեռ գնդակ չի հայտնվել: Արդեն հաջորդ տուրում «Ուլիսին» կհյուրընկալվի «Բանանցը», որը մեկնարկային տուրում «Միկայից» կրած ցավագին պարտությունից հետո կարողացավ վերականգնվել ու «Իմպուլսին» 5:2 հաշվով հաղթել: Բայց այդ հաղթանակը դեռ ոչինչ չի նշանակում. ուժերի իրական ստուգատեսը առջեւում է: Այսօր մեզ մնում է միայն փաստել, որ դեռ շոշափելի է «Փյունիկի» ակնհայտ հեգեմոնիան՝ անգամ հավասար միավորների պայմանում, իսկ երեք հետնապահները՝ «Իմպուլսը», «Գանձասարն» ու «Շիրակը», լուրջ վերադասավորումների կարիք ունեն: Մանավանդ որ, առաջնությունը դեռ նոր է մեկնարկել ու շոուն նոր-նոր է սկսվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել