Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ ԵՎ ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁ

Ապրիլ 06,2010 00:00

Ապրիլի 23-ից մայիսի 1-ը Բաքվում կայանալու է բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը

\"\"

Այդ տարիքային խմբում Սինգապուրի անդրանիկ օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար համարվող այդ մրցմանը մասնակցելու է վեց հոգուց կազմված Հայաստանի պատանեկան հավաքականը:
Երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Ադրբեջան մեկնող մեր պատվիրակությանը: Պարոն Ծառուկյանը մարզիկներին եւ մարզիչներին հաջող մրցելույթներ մաղթելով՝ հատուկ ընդգծեց, որ հատկապես Բաքվի ռինգ մտնելով՝ յուրաքանչյուր մասնակից նախ եւ առաջ պետք է գիտակցի, որ ամեն մի հաղթանակը ոչ այնքան նրա անձնական հաջողությունն է, որքան Հայաստանի պատիվը: «Դուք մեկնում եք Բաքու: Հասկանալի է, որ Ադրբեջանում հոգեբանական առումով դժվար է լինելու: Բայց իմացեք, որ այնտեղ ձեզ հետ կապված յուրաքանչյուր խնդիր նախապես լուծված է, եւ մենք ու ժողովուրդը ձեր կողքին ենք: Մնում է միայն, որ Բաքվում ռինգ մտնեք առանց ընկճվելու եւ հաղթելու վճռականությամբ: Հնարավոր է, որ ձեզանից ոչ բոլորը մեդալներով վերադառնան: Բայց պարտավոր եք լինելու ամբողջությամբ տրվել յուրաքանչյուր մենամարտին»,- Բաքու մեկնողներին հորդորեց Գագիկ Ծառուկյանը:
Հանդիպման ավարտին «Առավոտը» զրուցեց հավաքականի ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանի հետ:
– Նախապատրաստական փուլը նորմա՞լ է անցել:
– Այո: Պատրաստվել սկսել ենք դեռ անցած տարվա դեկտեմբերից, երբ աշխարհի առաջնությունը նշանակված էր Ֆրանսիայում: Անում էինք ամեն բան, որպեսզի հանդես գայինք հավաքականի ամբողջական կազմով: Սակայն երբ մոտավորապես մեկ ամիս առաջ տեղեկացանք, որ մրցումները տեղափոխվել են Բաքու, հարկադրված եղանք մեր նախնական ծրագրերում փոփոխություններ մտցնել:
– Ինչի՞ մասին է խոսքը:
– Առաջին հերթին՝ հավաքականից ընտրեցինք վեց լավագույններին: Նրանց, ովքեր գոնե անցած տարի աշխարհում ու Եվրոպայում հաջող են հանդես եկել, միջազգային ռինգի «համը տեսել են»:
– Ովքե՞ր են նրանք:
– Անցած տարվա պատանիների աշխարհի չեմպիոն, 48 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, Եվրոպայի 3-րդ մրցանակակիրներ Նարեկ Աբգարյանը՝ 51 կգ, եւ 54 կգ քաշային Հովհաննես Բոչկովը, հանրապետության կրկնակի չեմպիոն եւ միջազգային մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր Կարեն Տոնականյանը, 60 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն եւ միջազգային մրցումների մասնակից Հրայր Մաթեւոսյանը եւ 64 կգ քաշային կարգում՝ աշխարհի ու Եվրոպայի բրոնզե մեդալակիր Արթուր Թիրաբյանը:
– Աշխարհի այս առաջնությունը, թերեւս, այն եզակի մրցաշարերից է, որտեղ ավելի կարեւորվում է Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության թվաքանակը:
– Կարգն այսպիսին է. Սինգապուր մեկնելու իրավունքի համար Բաքվում պետք է ըստ քաշային կարգի տեղ զբաղեցնել առնվազն առաջին քառյակում: Սակայն յուրաքանչյուր երկրի տրվելու է առավելագույնը երեք տեղ:
– Մանրամասնեք, եթե հնարավոր է:
– Այսինքն՝ կարելի է բոլոր քաշային կարգերում էլ մրցանակային տեղ զբաղեցնել, սակայն Սինգապուր կարող է մեկնել առավելագույնը երեք հոգի:
– Այս հարցում ի՞նչ ակնկալիքներ կան:
– Պետք է որ առնվազն երկու ուղեգիր նվաճենք:
– Գիտե՞ք, թե Բաքվում որտեղ եք մնալու:
– Ոչ: Հիմա մեկնելու ենք Թբիլիսի, որտեղ այդ երկրի պատանիների հավաքականի հետ համատեղ հավաք ենք անցկացնելու: Դրա ավարտին Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների ուղեկցությամբ կմեկնենք մրցավայր: Միակ բանը, որ գիտենք, այն է, որ մեզ պահելու են առանձին տեղում, եւ դրսի աշխարհի հետ շփումները բացառվելու են:
– Մեկուսացված այդ վիճակը մարզիկների վրա չի՞ ազդի, մանավանդ որ՝ նրանք դեռ պատանի են:
– Այսօր նման բան չկա: Թեեւ այս ընթացքում աշխատել ենք, հնարավորությունների սահմաններում նրանց հոգեբանորեն հնարավոր ամեն ինչի նախապատրաստել, սակայն ամեն բան պարզ կլինի միայն աշխարհի առաջնության ավարտին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել