Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԱՏՈԼԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ «ՀԱՅԵԼԻՆ»

Ապրիլ 06,2010 00:00

Լույս է տեսել Անատոլի Հովհաննիսյանի երկրորդ՝ «Հայելի» ժողովածուն, որն ընդգրկում է բանաստեղծի վերջին տարիների գործերը: Դրանց մի մասը առանձին շարքերով հրատարակվել է գրական մամուլում: «Հայելիի» առանցքում մարդ-քաղաքացին է՝ ողբերգական ժամանակի ընկալմամբ, անհատի հույզերն ու ապրումները՝ բացառիկ քնարականությամբ: «Սիրտս ծոցս պահած քար է, որ չգիտեմ ում վրա նետեմ…»,- գրում է բանաստեղծը, որ «լիքն է պոեզիայով, ինչպես աշնան այգու խրտվիլակի հայացքը՝ մենակությամբ»: Ու երբ ցավագին «անակնկալներ» են լինում, այ այդտեղ պոեզիան, ցավոք, ավարտվում է: Ավելին, Ա. Հովհաննիսյանի տողով՝ «Պոեզիան վերջացավ: /Կյանքը մատը խոթել է աչքս,/ Ուր դու էիր ապրում…/Նյարդերի գունդը ոչ մի զառիվայրով/ Չի գլորվի՝/Ֆիզիկան այստեղ կապ չունի,/Բառերը միայն/ Տեսանելի առարկաներ են արտացոլում, /Իսկ բոլոր հայելիները փշրվել են./ Դու անցել ես նրանց վրայով/ Հեռանալիս…/»: Ա. Հովհաննիսյանի բանաստեղծությունները նովելային ավարտ ունեն: Գրքի բանաստեղծական պատումներից առանձնանում է «Հայրենիք» շարքը, մասնավորապես «Մարտ 1» բանաստեղծությունը՝ իր դրամատիզմով. «Արյունոտ ծաղիկների այս գարունը/ Բացվեց/ Միջուկային պայթյունի կուրացնող լույսով,/ Ես մեռա/ Եվ դիս ութ անգամ/ տարան այս քաղաքի անկենդան փողոցներով/ Սատանաներն ու սրբերը՝/Իմ արյունը լափող այդ շները/ Քարեր էին նետում Տան վրա/ Եվ պատուհանի ապակին ես էի/Երկնային դատաստանից չվախեցողները/Դատավորներն էին…»:
Հիշեցնենք, որ Անատոլի Հովհաննիսյանի առաջին՝ «Տաք երկիր» ժողովածուն տպագրվել է տասը տարի առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել