Լրահոս
Օրվա լրահոսը

Հովանավորեք եկեղեցու կառուցումը

Ապրիլ 06,2010 00:00

Որ հովանավորվեք Աստծուց

«Եկեղեցին օգնություն է հայցում» վերնագրով մի հոդված 1999թ. տպագրվել է մամուլում: Այժմ նորից եմ ուզում այդ մասին բարձրաձայնել: Խոսքը Հին Նորքի կենտրոնում գործող Սուրբ Սեմեոն եկեղեցու մասին է, որ 1930թ. պայթեցվել է: Կարճ ժամանակ անց վշտից մահացավ եկեղեցու քահանա տեր Հակովբը: Տեր Հակովբ քահանա Սիմոնյանը 59 տարի ծառայել է այդ եկեղեցում, համարվել է Էջմիածնի Սինոդի անդամ… Նրա ձեռագրով են չափաբերական մատյանները ՀՀ պետական արխիվում, ըստ որոնց, տեր Հակովբը կառուցել է եկեղեցու դիմաց իր բնակելի տունը, գեղեցիկ երկրորդ հարկը՝ փայտե պատշգամբով, փոքր տնամերձ այգիով: Հոգեւորականը ունեցել է նաեւ խաղողի այգի՝ 5400 քմ, որը մինչ օրս «Տերտերանց ձոր» է կոչվում… Այժմ ես սրբությամբ պահում եմ տեր Հակովբ քահանայի գիրքը (105 տարեկան), որով նա կատարել է բոլոր եկեղեցական ծիսակատարությունները, մաշված գորգը, որը հարթակի վրա է եղել եւ նա կանգնել է վրան պատարագի ժամերին, գանձարան-սնդուկը, փոքրիկ բարձերը եւ այլն: Բայց ավելի լավ պահում եմ Սուրբ Սեմեոն եկեղեցու ճարտարապետական հատակագիծը, գծագրերը՝ ստորագրված եւ հաստատված Էրեւանի գուբերնատորի կողմից՝ 1901թ. վերակառուցումից հետո…
Օրեցօր գեղեցկանում է Երեւանը էլիտար շենքերով, նորաոճ ապակեպատ բարձրահարկ շինություններով, ինչը հաճելի է հատկապես երիտասարդ սերնդին: Բայց հավատացեք, բնիկ երեւանցիներին, նորքեցիներին շատ ավելի դուր կգա՝ տեսնել Հին Նորքի կենտրոնում վերականգնված Սուրբ Սեմեոն եկեղեցին՝ չինարի ծառի մոտ, փոքր ու գեղեցիկ: Ընդ որում, կարեւորը եկեղեցու մեծությունը չէ, այլ բովանդակությունը: Շատերն են իրենց այբուբենը սովորել տեր Հակովբ քահանայի կողմից եկեղեցում հիմնադրած ծխական դպրոցում… Մեկը հենց մայրս՝ Թամար Մկրտչի Տեր-Սիմոնյանը, որը մահացավ 1998 թ՝ «ես իմ տատիս թոնիրն եմ ուզում» շշնջալով: Ցավոք, չունեցանք հնարավորություն վերակառուցելու տեր Հակովբի կառուցած տունը՝ Նորքի 55 հասցեում: Ներկայիս կաթողիկոսը այն ժամանակ Արարատյան թեմի առաջնորդն էր: Ես եւ մայրս գնացինք նրա մոտ, իսկ նա ուղարկեց իր օգնական հայր Առաքելին, որն էլ ցուցում տվեց շրջգործկոմի նախագահի տեղակալ Ս. Ավագյանին՝ հնություն համարվող նկուղի, հացատան, խորանի վրա ծածկ կառուցել՝ ձնհալից եւ անձրեւաջրերից պահպանելու համար:
Շատ կուզենայի հոդվածը կարդային Սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը (Սփյուռքում շատ կան Տեր-Սիմոնյաններ), բարերարները, մյուսները: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ, ով կցանկանա հովանավորել եկեղեցու վերակառուցումը, հավիտյան կհովանավորվի Աստծո կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել