Լրահոս
Օրվա լրահոսը

25-ԱՄՅԱ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ԵՎ ՆՎԻՐՅԱԼՆԵՐ

Ապրիլ 06,2010 00:00

Կամ ինչպես գնահատել սեփական կադրերին

Բալետը դասական արվեստի այն ճյուղն է, որտեղ իշխում են մարդկային կյանքի ամենավեհ ու հակասական զգացմունքները՝ արտահայտված զուտ պարային շարժումների միջոցով, ինչն ավելի բարդ է: Ասելիքը հասկանալի արտահայտելու գործում մեծ դեր ունի պրոֆեսիոնալ խաղը, դերը զգալու եւ ճիշտ կերպարանավորելու հանգամանքը, ինչն «Առավոտը» արձանագրեց Ազգային օպերային թատրոնում օրերս կայացած «Բարեկամություն» պարարվեստի պետական անսամբլի ելույթի ժամանակ:
Ներկայացվեցին Գրիգոր Հախինյանի «Լոռեցի Սաքոն» եւ Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադ» բալետային ներկայացումները՝ անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի բեմադրությամբ: Նշենք, որ «Լոռեցի Սաքոն» Ազգային օպերային թատրոնում բեմադրվել է 1960-ականներին՝ մեծանուն բալետմայստեր Ազատ Ղարիբյանի, իսկ «Հերոսական բալլադը»՝ նույն ժամանակահատվածում, Եվգենի Չանգայի եւ Վիկտոր Բորիսովի կողմից: Առաջին ներկայացման մեջ ընդգրկված են եղել հայտնի անուններ՝ բալետի արտիստներ Վանուշ Խանամիրյան, Լյուդմիլա Սեմանովա, Բելլա Հովնանյան, երկրորդում՝ Նորայր Մեհրաբյան եւ այլք:
Արդեն մեհրաբյանական այս երկու բեմադրությունները նվիրված էին «Բարեկամություն» անսամբլի երկարամյա (շուրջ 20 տարի) մենապարող Կարեն Մակինյանին: Սա ավանդույթ է եւ, ինչպես նշեց Ն. Մեհրաբյանը, «Բարեկամության» գործունեության շուրջ 25 տարվա ընթացքում համերգային երեկոներ են նվիրվել անսամբլի նվիրյալներ, վաստակավոր արտիստուհի Կարինե Ղազարյանին, Անահիտ եւ Հրաչյա Բադալյաններին եւ այլոց: Երեկոյի ընթացքում ոչ միայն «Բարեկամությունը», այլեւ օրվա «հերոսը»՝ Կ. Մակինյանը իր կոլեգաների՝ Սյուզի Փիրումյանի (օպերային թատրոնի մենապարուհի), Հերմինե Շահբազյանի, Անժելիկա Դավթյանի, Աննա Կլեկչյանի, Վահան Հովհաննիսյանի հետ փայլեց զուտ դասական բալետային խորեոգրաֆիայի, ինչպես նաեւ կերպարային դրսեւորումներով: Մեզ հետ զրույցում Մակինյանը ոչ միայն առանձնացրեց կես դար հայ պարարվեստի նվիրյալ Մեհրաբյանի աշխատանքը, այլեւ 23 տարի անսամբլի հետ համագործակցող զգեստների նկարիչ Ռուբինա Հովհաննիսյանին: Մենապարողը հայտնեց նաեւ, որ բացի հիշյալ բեմադրություններից, «Բարեկամությունն» ունի նաեւ երրորդ՝ «Հնդկական սյուիտ» գործը՝ Աշոտ Ասատրյանի բեմադրությամբ. «Պարացանկում ունենք նաեւ հայ դասական եւ ժողովրդական պարերով, ինչպես նաեւ տարբեր ազգերի ժողովուրդների երաժշտությամբ այլ բեմադրություններ»:
Մենապարողից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են անդրադառնում զուտ բալետային ներկայացումներին. «Նորայր Մեհրաբյանը բալետային աշխարհի մարդ է եւ գիտակցում է, որ պարախումբը շատ ճկուն պետք է լինի, տիրապետի եւ մոդեռնին, եւ անդրադառնա հայ դասական, ժողովրդական ու ազգագրական պարերին: Այսօր ճկուն որակումը պարզից էլ պարզ է ոչ միայն մասնագետներին, այլեւ հանդիսատեսին, օրինակը՝ «Բարեկամության» տղաների ներգրավելն էր Գրիգարովիչի երեւանյան «Սպարտակում»: Իսկ պարացանկում կուզեի հատկապես առանձնացնել հայ ստեղծագործողների երաժշտությամբ բեմադրությունները, այդ թվում՝ Ալան Հովհաննես, Կոմիտաս, Սպենդիարյան, Մանսուրյան, Ամիրխանյան եւ այլն: Մի խոսքով՝ շուրջ 100 մանրապատում՝ գումարած ներկայացումներ»: Մեր զրուցակիցը հիացմունքով խոսեց նաեւ գեղարվեստական ղեկավարի օգնական Հրաչյա Բադալյանի, փորձավարներ Կարինե Ղազարյանի, Անահիտ Բադալյանի, Հակոբ Մարգարյանի աշխատանքի մասին, նշեց նաեւ, որ «Բարեկամությունը» մայիսին կմասնակցի Բուլղարիայում կայանալիք Հայաստանի մշակույթի օրերին, աշնանը՝ Չինաստանում, 2011-ին՝ Մեծ Բրիտանիայում եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել