Իրանը պատրաստ է շարունակել իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, բայց խաղաղ ատոմի ծրագրերը դադարեցնելու հարցը քննարկման առարկա լինել չի կարող: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի տեղեկություններով, երկուշաբթի օրը այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը: Մեկնաբանելով միջազգային հանրության կողմից Իրանի նկատմամբ գործադրվող ճնշումը՝ դիվանագետն ասել է, թե «ոչ մի սպառնալիք, բանաձեւ եւ պատժամիջոց չի ստիպի Իսլամական Հանրապետությանը նահանջել, այլ հակառակը՝ դրանք միայն կամրապնդեն Իրանի վճռականությունը: Մենք ելնում ենք խաղաղ ատոմին տիրապետելու սեփական իրավունքի օրինականությունից եւ ՄԱԳԱՏԷ-ի նկատմամբ մեր ստանձնած պարտավորություններից»: Դիվանագետը նաեւ հույս է հայտնել, որ Չինաստանը տեղի չի տա Արեւմուտքի ճնշումներին եւ չի համաձայնի Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների կիրառմանը:
Իսկ մինչ Իրանում խոսում են միջազգային պատժամիջոցների մասին, հայտնի է դառնում, որ երկրի ներսում շարունակվում են ճնշումները Իրանի ռեժիմի ընդդիմախոսների նկատմամբ: Այսպես, «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, Իրանի նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի թոռը կարող է կանգնել դատարանի առաջ: Հասան Լահուտին ձերբակալվել է անցած ամիս՝ արտասահմանյան ուղեւորությունից վերադառնալուց անմիջապես հետո։ Նրան մեղադրանք էր ներկայացվել 2008 թ. նախագահական ընտրություններից հետո ընդդիմության անցկացրած բողոքի գործողություններում մասնակցություն ունենալու համար։ Իրանի նախկին նախագահի թոռան գործն արդեն դատարան է հանձնվել: