Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն չի հավակնում Միջին Ասիայում ռազմաբազաներ ունենալ

Ապրիլ 06,2010 00:00

Միացյալ Նահանգները չի ծրագրում Ուզբեկստանում նոր ռազմական հենակետ բացել: Այդ մասին, «Ինտերֆաքսի» մատուցմամբ, երկուշաբթի օրը Աստանայում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ռազմական ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Դեւիդ Պետրեուսը (նկարում), որը Ղազախստանից հետո այցով կմեկնի նաեւ Ուզբեկստան: Ղազախստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Հոուգլանդը իր կողմից հավելել է, թե՝ ԱՄՆ-ն նմանապես որեւէ ծրագիր չունի նաեւ Ղազախստանում ռազմական հենակետ հիմնելու առնչությամբ: Ինչպես շեշտել է Պետրեուսը, ԱՄՆ-ն մեծացնում է Ուզբեկստանի, նաեւ Ղազախստանի հետ ռազմական ոլորտում համագործակցության տեմպերը, բայց այդ երկրներում ռազմական հենակետեր բացելու մասին խոսք չի գնում: Նա նաեւ ընդգծել է, որ Ուզբեկստանը կարեւոր դեր է ունեցել հյուսիսային երթուղին ապահովելու հարցում, քանի որ Աֆղանստանում ամերիկյան ներկայությունը մեծացնելու միջոցառումների եւ ԱՄՆ-ի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերների ռազմական համակազմերի ավելացման շրջանակներում բեռներ հասցնելու ուղիների առավելագույն քանակ ապահովելը ԱՄՆ-ի համար մեծ խնդիր է եղել:
Սպասվում է, որ Ղազախստան կատարելիք իր այցի շրջանակներում Պետրեուսը հանդիպի այդ երկրի պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջաքսիբեկովի եւ ԱԳ նախարար՝ պետքարտուղար Կանատ Սաուդաբաեւի հետ:
Հիշեցնենք, որ անցած ուրբաթ օրը ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային եւ Միջին Ասիայի գործերով օգնական Ռոբերտ Բլեյքը օտարերկրյա լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե ԱՄՆ-ն պատրաստվում է Ղրղըզստանում նոր ռազմական հենակետ կառուցել եւ ընդհանրապես ձգտում է երկարաժամկետ ռազմական ներկայություն ունենալ Միջին Ասիայի հանրապետություններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել