Ռուսաստանի նախագահ Դիմիտրի Մեդվեդեւը երկուշաբթի օրը խիստ քննադատության է ենթարկել երկրի կառավարությանը՝ տրանսպորտային ենթակառուցվածքի համար բազային նորմատիվներ պատրաստելու հանձնարարությունը չկատարելու համար: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, կառավարության անդամների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ՌԴ նախագահը հիշեցրել է, որ կառավարությանը հանձնարարված է եղել մինչեւ մարտի 1-ը ապահովել կոնցեսիոն համաձայնագրերի կնքման ձեւերի ընդլայնման ուղղությամբ իրավական նորմատիվ ակտերի մշակումը: «Տրանսպորտի նախարարության կողմից պատրաստվել է օրինագիծ, որը նախատեսում է ընդլայնել կոնցեսիոն համաձայնագրերի պայմանների ցանկն ու կոնցեսիոներների ընտրության չափանիշները: Օրինագիծը համաձայնեցվում է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունների հետ: Կառավարության դիրքորոշումը դրա վերաբերյալ՝ ձեւավորված չէ»,- հայտարարել է Մեդվեդեւը:
Բացի այս, նրա ասելով, մինչեւ ապրիլի 1-ը կառավարությունը պետք է առաջարկություններ ներկայացներ նաեւ պետպատվերի մեխանիզմների, մասնավորապես՝ աճուրդների եւ մրցույթների լավագույն տեխնիկական որոշման ընտրության կատարելագործման, ինչպես նաեւ տրանսպորտային ենթակառուցվածքային օբյեկտների կառուցման եւ պահպանության երկարաժամկետ պայմանագրերի կնքման վերաբերյալ: «Դա եւս չի արվել: Վատ է: Պետք է քննարկել, թե ինչպես է կառավարությունը դուրս գալու այս իրավիճակից, երբ այս փաստաթղթերը պատրաստ լինեն»,- հայտարարել է նախագահ Մեդվեդեւը:
Ընդ որում, աղբյուրի փոխանցմամբ, սա առաջին դեպքը չէ, երբ Դմիտրի Մեդվեդեւը հրապարակայնորեն քննադատում է Պուտինի գլխավորած կառավարության պաշտոնյաներին՝ առանց Պուտինի անունը մատնանշելու:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին նա սպառնացել էր պաշտոնանկ անել այն անձանց, այդ թվում՝ կառավարության անդամներին, որոնք ժամանակին չեն կատարում իր տված հանձնարարությունները: