Գերմանական ազդեցիկ «Շպիգել» հանդեսը վերջին՝ ապրիլի 3-ի համարում «Անցյալի չարքերը» հրապարակմամբ անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանությանը՝ ներկայացնելով ծավալուն հրապարակում պատմական փաստի մասին:
Դանիել Շթայնվորթի, Բենջամին Բիդերի, Բերնարդ Զանդի համահեղինակությամբ կազմված հոդվածում նկարագրվում է հարյուրամյա վաղեմության արհավիրքը՝ վկայաբերելով մեր օրերի վերապրածների վկայություններ: «95 տարի է անցել այն ապրիլից, երբ սկսվեց Հայոց ցեղասպանությունը»,- գրում է «Շպիգելն» ու նախեւառաջ ներկայացնում այդ արհավիրքը վերապրածներին, ավելի ճիշտ՝ նրանցից երկուսին:
Մեկը երեւանաբնակ 100-ամյա Տիգրանուհի Ասատրյանն է, ով արդեն երկու տարի է՝ կորցրել է համի զգացումը, մեկ տարի առաջ էլ դադարել է տեսնել: «Մահվանս եմ սպասում»,- հանդեսը մեջ է բերում ահասարսուռ տառապանքներ տեսած կնոջն ու գրում. «92 տարի առաջ նա սպասում էր թուրքական այսօրվա սահմանի հակառակ կողմում գտնվող մի գյուղում՝ տներից մեկի նկուղում: Փողոցում մի հայ տղա էր պառկած՝ սպանված: Հարեւան տներից մեկում կանանց էին բռնաբարել (ութամյա աղջնակը լսում էր նրանց գոչյունները): Կան բարի ու չար թուրքեր, ասում է նա: Չար մարդիկ պատանիներին էին սպանում: Բարիները օգնեցին իրեն ու իր ընտանքին փախչել նահանջող ռուսական զորքի հետ»:
Ցեղասպանության մյուս ականատեսին «Շպիգելը» սահմանի մյուս կողմում է գտել: «Ֆերմեր Ավետիս Դեմիրչին 97 տարեկան է, եւ հավանաբար նա Թուրքիայում ցեղասպանությունը վերապրած վերջին հայն է»,- ներկայացնում է հանդեսն ու վերաշարադրում ծերունու պատմությունը.
«1915 թվականի հուլիսին թուրք ժանդարմները հասան գյուղին: Երբ մենք փախչում էինք, հայրս ինձ կապել էր մեջքին,- ասում է Դեմիրչին,- այդ մասին ծնողներս են պատմել»: Նրա ու շրջակայքի մյուս վեց գյուղերի բնակիչները՝ որսորդական հրացաններով ու ատրճանակներով ամրացան Մուսա լեռան՝ Մովսես սարի վրա: 18 տարի անց ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում նկարագրում է զինվորականներին՝ «բնակիչների ցույց տված դիմադրության մասին»:
«Վերֆելի գիրքն ու Ծիծեռնակաբերդից (հուշահամալիր Երեւանում) բացվող տեսարանը, որ գտնվում է ձյունաճերմակ ու անհասանելի Արարատ լեռան հայացքի ներքո, չեն կարող չհիշեցնել հայերի ցեղասպանության մասին, որի վերջին վերապրածները գտնվում են մահվան եզրին»,- նշում են հեղինակներն ու ներկայացնում եղելությունը. «Ժամանակակից Թուրքիայի արեւելյան հատվածում 1915-ից մինչեւ 1918 թվականը կոտորվել կամ դեպի հյուսիսսիրիական անապատներ տանող բռնագաղթի ճանապարհին սպանվել են 800 000-ից մինչեւ 1,5 միլիոն մարդ: Դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Դրանից հետո այլ ցեղասպանություններ էլ են տեղի ունեցել՝ եվրոպական հրեաների, Կամբոջայում, Ռուանդայում»:
Հոդվածի հաջորդ հատվածում հեղինակներն անդրադառնում ու ներկայացնում են այն հանգամանքները, որոնք խանգարել են հայ ժողովրդին՝ բարձրացնել արդարացի պահանջ: «Մինչ օրս ապրող ժողովրդից, մի մասը՝ կոտորված, մի մասը՝ աշխարհի տարբեր երկրներում ցրիվ եկած, եւ մի փոքր մասը՝ մեկուսացված երկրում, տասնամյակներ պահանջվեց սեփական աղետի պահանջը բարձրացնելու համար»,- գրում է «Շպիգելը» ու տեղեկացնում, որ միայն 20-րդ դարի վաթսունական թվականներին, այն էլ՝ Մոսկվայի հետ տեւական քննարկումներից հետո, հայերը համարձակվեցին հուշահամալիր կառուցել: Պատմական փաստն անտեսելու այս դրսեւորման պատճառների մասին գերմանացի հեղինակները լավագույնս տեղեկացված են. «Թուրքիան, որի տարածքում է տեղի ունեցել ոճրագործությունը, մինչ օրս հրաժարվում է ճանաչել Օսմանյան կայսրության իշխանությունների արարքները: Գերմանիան՝ Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության դաշնակիցը, ու Խորհրդային Միությունը՝ երիտասարդ Թուրքական հանրապետության հետ բարեկամական իր կապերով, որեւէ շահ չէին տեսնում Ցեղասպանության մասին հրապարակավ խոսելու մեջ»:
Այստեղ «Շպիգելը» զարմանք է արտահայտում, որ «մինչ օրս Գերմանիան պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը», եւ տեղեկացնում է, որ «գերմանական բունդեսթագը 2005 թվականին Թուրքիային կոչ արեց ընդունել սեփական «պատմական պատասխանատվությունը»՝ սակայն չօգտագործելով «ցեղասպանություն» տերմինը»: Հեղինակներն անդրադառնում են նաեւ Երկրորդ աշխարհամարտից հետո Հայոց ցեղասպանության թեման շոշափելուց հրաժարվելու դրդապատճառներին. «Անկարայի քաղաքական ու ռազմավարական կշիռը «սառը պատերազմի» տարիներին նրա արեւմտյան դաշնակիցներին եւս ցեղասպանության թեմայով քննարկումներից հետ էին պահում»:
Քննարկումների բացակայությունը, ըստ հեղինակների, բացի արդարադատության հետաձգումից, մեկ այլ վնաս էլ էին ենթադրում՝ ժամանակի հետ դժվարանում է Հայոց ցեղասպանության դեպքերի վերականգնումը. «Հայկական աղետի մասին պատմող լուսանկարների ու տեսանյութերի սակավությունը՝ համեմատած Հոլոքոստի ու հետագա մյուս բոլոր ցեղասպանությունների հետ, լրացուցիչ բարդացնում էին տեղի ունեցածի վերականգնումը»:
Միաժամանակ, սակայն, «Շպիգելը» նկատում է, որ Օսմանյան Թուրքիայի իրագործած ոճրագործության բավականաչափ ականատեսներ կան, հիմնականում՝ ամերիկացի ու գերմանացի, որոնց արխիվներում գտնվող հաշվարկները, թղթակցությունները, զեկույցներն ու հաշվետվություններն էլ կարող են հիմք դառնալ եղելությունն ամբողջապես վերականգնելու համար:
Հանդեսը ներկայացնում է այս ուղղությամբ արված քայլերից մեկը, մասնավորապես՝ գերմանացի փաստագրող Էրիկ Ֆրիդլերի «Աղետ» (գերմաներենում օգտագործվել է «Aghet») ֆիլմը, որը առաջիկա ուրբաթ օրը հեռարձակվելու է գերմանական ալիքներից մեկով: Հոդվածագիրները նկատում են, որ այսօր, առաջին հերթին, հայկական սփյուռքի ճնշումների ներքո են «անցյալի չարքերը կրկին զարթնում»:
Նկատենք, որ ծավալուն հոդվածում «Շպիգելը» զետեղել է նաեւ Հայոց ցեղասպանությանը վերաբերող բազմաթիվ լուսանկարներ, ինչպես նաեւ տեղահանությունների ու համակենտրոնացման ճամբարների սխեմատիկ քարտեզ: