Առաջին տարին չէ, որ Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղում սողանքները ակտիվանում են: Այս տարի եւս Այգուտի վիճակը ծանր է: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տվյալներով, Այգուտի մոտ 200 տներից ուսումնասիրվել է 150-ը: 19 տուն ունի 5-րդ կարգի, 50-ը՝ 4-րդ կարգի եւ 80-ը՝ 3-րդ կարգի վթարայնություն: 5-րդ եւ 4-րդ կարգի վթարայնություն ունեցող տները ենթակա են քանդման, իսկ 3-րդ կարգի վթարայինները՝ ամրացման: Այգուտին սպառնում են ոչ միայն սողանքները, այլ նաեւ լքվելու վտանգը: Միայն 2009 թվականին սողանքային երեւույթներից տուժած 50 տուն ճանաչվել է քանդման ենթակա, բնակարանատերերը ստացել են պետական աջակցություն եւ նոր տներ գնել, մեծամասամբ՝ ոչ Այգուտում: Երաշխիք չկա, որ հերթական աջակցություն ստանալու դեպքում մյուսները եւս չեն դիմի այդ քայլին:
Այգուտի գյուղապետ Հենրիկ Գաբրիելյանը հարցը հասցրել է Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանին եւ խնդրել, որ նա էլ այն հասցնի ՀՀ կառավարությանը: Պաշտոնյաները կարծում են, որ հարկավոր է գտնել այնպիսի լուծում, որ դեռեւս սողանքներով չախտահարված տարածքներում կառուցվեն նոր բնակարաններ, եւ այգուտցիները չլքեն իրենց գյուղը: