Լրահոս
Օրվա լրահոսը

Արձագանք՝ «Առավոտին»

Ապրիլ 06,2010 00:00

«Առավոտի» մարտի 23-ի համարում «Փրկել Գոշավանքը» հրապարակմամբ հերթական անգամ անդրադարձել էինք ՀՀ Տավուշի մարզում գտնվող Գոշավանք համալիրի այսօրվա վիճակին եւ տեղեկացրել, որ վիճակը բարվոք չէ: Հրապարակմանը արձագանքել է ՀՀ մշակույթի նախարարությունը: Ըստ նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանի, պետության կողմից «Գոշավանք» վանական համալիրի պահպանությանն ուղղված աշխատանքներ իրականացվել են տարբեր ժամանակներում: Վերջին անգամ հուշարձանի ուսումնասիրման, վերականգնման, ամրակայման նպատակներով պետական ներդրումներ են կատարվել 1986-1987թթ.:
«Հրապարակման մեջ «Գոշավանք» վանական համալիրի առկա վիճակի նկարագրությունում եւ առանձին մասնագիտական խնդիրների մեկնաբանություններում ու եզրահանգումներում տեղ են գտել մի շարք անճշտություններ, մասնավորապես՝ կրով, ձվի սպիտակուցով ու կաթով կառուցված ինչ-որ կիկլոպյան պատերի վերաբերյալ («կիկլոպյան» շարվածքը անմշակ խոշորածավալ ժայռաբեկորներով, չոր, առանց շաղախի շարվածք է եւ, առավել եւս, ձվով ու կաթով շարված լինել չի կարող), «եկեղեցու գլխից» թափվող եւ աշխատողների ջանքերով օրական երկու պատգարակ հեռացվող անհասկանալի քարերի (հուշարձանից պոկված-ընկած քարերը ենթակա են ընկած տեղում պահպանման՝ դրանց ուսումնասիրման ու իրենց տեղերում վերատեղադրման համար), «երկհարկանի գրադարան-զանգակատան ամրագոտի կազմող» քարերի թափման հետեւանքով երկրորդ հարկի նստվածքի մասին տեղեկությունները («ամրագոտի» տերմինը այս պարագայում անհասկանալի է, իսկ նստվածքների առկայությունը կարող է վավերագրվել միայն ճարտարագիտական հետազոտման արդյունքում):
Ինչ վերաբերում է հոդվածագրի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Գոշավանք» վանական համալիր պատմաճարտարապետական արգելոց մասնաճյուղի վարիչ Արծրուն Հովսեփյանին վերագրվող (…մոմերի վաճառք…, …ավել առնել…) արտահայտություններին՝ վերջինս նման բան չի ասել: Ժամանակագրական առումով հնացած է եւ իրականությանը չի համապատասխանում «Գոշավանք» վանական համալիրի ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո լինելու պնդումը:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 09.07.2001թ. N616 որոշմամբ, 2003 թվականից այն հանձնվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցուն՝ որպես սեփականություն, եւ օրենքով սահմանված կարգով հուշարձանի սեփականատիրոջ, տնօրինողի եւ օգտագործողի պարտականությունն է իրականացնել հուշարձանի պահպանությունը՝ ամրակայման, նորոգման, վերականգնման եւ տարածքի բարեկարգման աշխատանքները», ասվում է ՀՀ մշակույթի նախարարության պատասխանում:

Փաստորեն, նախարարությունն ընդունում է, որ Հայաստանը Գոշավանքի պահպանման համար բան չի արել: Բայց մեզ մնում է զարմանալ, որ «Գոշավանք» վանական համալիր-արգելոցի վարիչ Արծրուն Հովսեփյանի փոխարեն՝ նախարարությունն է պարզաբանում, թե նա ինչ է ասել եւ ինչ չի ասել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել