Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՌԱՐՄԱՏՆԵՐԻՑ ՈՒ ԿՈՃՂԵՐԻՑ՝ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐ

Ապրիլ 06,2010 00:00

Քանդակագործ Սուսաննա Օհանյանի արվեստանոցը Վանաձորի ծայրամասում է: Այցելությանս պահին սենյակների սառն ու անհրապույր վիճակը ստիպեց մտածել. «Արվեստով զբաղվելու համար այնքան էլ հարմար վայր չէ»:

\"\"«Ամեն առավոտ արթնանում եմ ու շտապում արվեստանոց, որ հասցնեմ ավարտել կիսատ աշխատանքներիցս գոնե մեկը»,- ասում է 52-ամյա քանդակագործ Սուսաննան: Խոնավ ու ցուրտ երկու սենյակներում ներկայացված են քանդակագործի պատրաստի ու անավարտ գործերը, որոնց գերակշիռ մասը կնոջ, եղնիկի ու արագիլի քանդակներ են: «Որ բնության գեղեցկությունները սրանք են, ինչո՞ւ ուրիշ բաներ քանդակեմ»,- զարմանում է նա: Սենյակի մի անկյունում դրված կոճղերն ու ծառարմատները ցույց տալով՝ Սուսաննան ասում է. «Քանդակների համար անհրաժեշտ ամեն ինչ ինքս եմ հայթայթում»:
Դժվարությամբ, սակայն մեծ սիրով է պատրաստում հայկական ավանդական զբաղմունքներին վերաբերող աշխատանքները. «Հորովել», «Ձիթհանք», «Պայտում»: «Ես հասկացա, որ ժամանակը կարող է մոռացության տալ մեր նախնիների գործը, դրա համար էլ որոշեցի քանդակներ ստեղծել, որ գոնե \"\"այսպես ներկայացնեմ դրանք սերունդներին ու փրկեմ մոռացությունից»,- պարզաբանում է արվեստագետը:
2005 թվականին Սուսաննա Օհանյանի «Հորովել» ստեղծագործությունը «Եղեգան փող» համահայկական մշակութային փառատոնում «Կին քանդակագործ» անվանակարգում արժանել է առաջին մրցանակի: Շուրջ 200 աշխատանքների հեղինակն ունեցել է 3 անհատական ցուցահանդես, 2004 թվականին՝ Երեւանի փայտարվեստի թանգարանում, 2007-ին՝ Երեւանի «Նարեկացի» արվեստի կենտրոնում, 2006-ին՝ Ստեփանավանում:
Աշխատանքները ներկայացնելու հրավեր է ստացել նաեւ Լեռնային Ղարաբաղից, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողանում առաջարկը կյանքի կոչել: Արվեստի նկատմամբ ունեցած սերը Սուսաննան ժառանգել է հորից. «Հայրս արհեստավոր էր: Սիրում էր փայտից տարբեր իրեր պատրաստել… Ժամանակի ընթացքում զգացի, որ փայտի հետ աշխատանքն ինձ էլ է գրավում»:
Սուսաննա Օհանյանը հիշում է, որ տանը դժկամությամբ են ընդունել փայտի հետ աշխատելու իր որոշումը: Չընդիմանալով ծնողների ցանկությանը՝ աղջիկը հաշվապահի մասնագիտություն է ստացել: Սակայն տարիներ անց հասկացել է, որ փայտը, այնուամենայնիվ, ձգում է: «Փայտի հետ աշխատանքը տղամարդու գործ է, չգիտեմ էլ, թե ինչու ընտրեցի… Հավանաբար այն պատճառով, որ փայտը հնարավորություն է տալիս կերպարը տարբեր կողմերից ներկայացնել: Քանդակի մտահղացումը կարող է ծնվել ցանկացած պահի: Մի անգամ, երբ զրուցում էինք ընտանիքի սրբության մասին, գաղափար առաջացավ քանդակել ափերի մեջ փայփայված նուռը»,- ասում է քանդակագործը՝ ներկայացնելով աշխատանքը:
Քանդակի ստեղծման վրա շատ ժամանակ է ծախսվում: «Դա կարող է տեւել նույնիսկ մի քանի տարի»,- ասում է Սուսաննան, ցույց տալով «Ագռավաքար» կոչվող գործը, որի վրա երեք տարի է՝ աշխատում է:
Այսօր Սուսաննա Օհանյանը աշխատում է Վանաձորի «Զանգակ» կրթադաստիարակչական կենտրոնում՝ փայտի փորագրության խմբակի ղեկավարն է: Ինչպես ինքն է նշում, արվեստին տիրապետել ցանկացող երեխաները շատ են: Նրանք պարբերաբար այցելում են նաեւ արվեստանոց ու տեղում ծանոթանում քանդակի ստեղծման ընթացքին: Սուսաննայի կարծիքով, օբյեկտիվ քննադատությունը կարող է դրականորեն ազդել արվեստագետի առաջընթացի վրա. «Իմ գործերի առաջին քննադատները երեխաներս են, ովքեր օգնում են ինձ՝ ինչով կարող են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել