Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթաթոշակներ՝ ուսանողներին

Ապրիլ 06,2010 00:00

Երեկ Ֆրանսիական համալսարանի 23 ուսանողների Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից լավագույն ուսանողի  վկայագրեր շնորհվեցին: Ըստ Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկի, ՀԲԸՄ-ն եւ Ֆրանսիական համալսարանը համագործակցում են դեռ 2004 թվականից. «Այդ համագործակցության շրջանակներում 2007-ից ՀԲԸՄ-ն համալսարանին աջակցում է նաեւ անվճար սովորող ուսանողների ուսման հետ կապված ֆինանսական պարտավորությունները հոգալու հարցում»:
Այս տարի ՀԲԸՄ-ի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունը կազմում է $30 000:
Թե ինչ չափանիշներով են ընտրվում ուսանողները, տիկին Ժոելը «Առավոտին» նշեց. «Պետք է առարկաների մեծամասնությունից նրանք գերազանց առաջադիմություն ունենան: Ֆրանսիայում ընդունված է ուսանողին պատրաստել որպես անհատականություն, ինչը օգնում է, որ մարդը հետագայում ինքնադրսեւորվի եւ կատարելագործվի: Ինչպես նաեւ հաշվի է առնվում նրանց վարքը, ուսանողական ակտիվությունը եւ այլն: Մեր ցանկությունն է եւ նպատակը, որպեսզի հայ ուսանողները կրթություն ստանալուց հետո իրենց լիարժեք տեղը զբաղեցնեն հասարակության մեջ»:
Հայ ուսանողների մասին էլ ասաց. «Նրանց մեջ ցանկություն ու ձգտում եմ նկատում՝ հնարավորինս շատ գիտելիքներ ստանալու: Դա այն բանալին է, որը հետագայում մեծ դռներ կբացի»:
Գերազանցության պատվոգրի արժանացած իրավաբանական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Հայկ Մարգարյանն ասաց, որ կրթաթոշակը խթանում է ավելի մեծ ձգտումներ ունենալուն:
Նույն ֆակուլտետի երկրորդ կուրսի մեկ այլ ուսանողի՝ Անի Թադեւոսյանի համար պարգեւատրումը փաստում է, որ հայաստանյան բուհերում առկա կաշառակերության մթնոլորտում էլ հնարավոր է սեփական ուժերով ու խելքով ինչ-որ բանի հասնել. «Միշտ լավը գնահատվում է, ես երբեք դրանում չեմ կասկածել»:
Կառավարման ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Սիրանուշ Սարգսյանի փոխանցմամբ, պարգեւատրումը կոտրում է բոլոր այն կարծրատիպերը, թե Հայաստանում աշխատանքն ու ջանքը, բարձր առաջադիմությունը չեն գնահատվում:
Իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Դավիթ Զապրոսյանն էլ ասաց. «Գերազանցության վկայագիր ունենալու համար պետք է իսկապես պայքարել: Այսօրվա միջոցառումը եւս մեկ անգամ ապացուցում է, որ դեռ մնացել են այնպիսի մարդիկ, որոնք մտահոգվում են երիտասարդների, ապագա սերնդի կրթությամբ, անում են այն ամենը, ինչ հնարավոր է»:
ՀԲԸՄ կրթաթոշակը ուսանողներին գումարի տեսքով չի տրվելու, այն նրանց ուսման վարձն է, որ վճարվելու է համալսարանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել