Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցը բարեկարգում են շրջանավարտները

Ապրիլ 06,2010 00:00

Վահագն Դավթյանի անվան թիվ 149 միջնակարգ դպրոցը մոտ 30 տարի չի վերանորոգվել: Դպրոցից դեռ խորհրդային շունչն է փչում, իսկ ճաքճքած պատերը եւ անմխիթար վիճակում գտնվող որոշ դասարաններ հուշում են, որ այստեղ վերանորոգումը խիստ անհրաժեշտություն է: «Առավոտի» հետ զրույցում դպրոցի տնօրեն Գայանե Գալստյանը պատմեց, որ վերանորոգումը միայն դպրոցի նախկին շրջանավարտներն են նախաձեռնում. «Սրանից հինգ տարի առաջ մեր նախկին շրջանավարտներից երկու եղբայր վերանորոգեցին պատմության դասասենյակներից մեկը՝ ի հիշատակ իրենց մոր, ով այս դպրոցում երկար տարիներ պատմություն էր դասավանդել, մեր շրջանավարտները սերտ կապերի մեջ են դպրոցի հետ…»:
Նախօրեին էլ դպրոցում կրկին հերթական վերանորոգված դասարանի վերաբացումն էր՝ նվիրված ՀՀ ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին: Զինվորական պատրաստականության դասարանի նորոգման նախաձեռնությունը ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչության պետ գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանինն էր, ով եւս դպրոցի առաջին շրջանավարտներից էր: Վերանորոգման գաղափարը ծնվեց նախորդ տարի, երբ սեպտեմբերի 1-ին դպրոցի տնօրենը գեներալին հրավիրեց ավարտական դասարաններում զրույց-դաս անցկացնելու: Դպրոցի նախկին աշակերտի՝ Տ. Գասպարյանի նախաձեռնությամբ ու իր դասընկերների օգնությամբ այսուհետեւ աշակերտները մարդավայել դասարանում կանցկացնեն իրենց դասը: Դասասենյակից բացի, վերանորոգվեց դասարան տանող «Փառքի սրահը», որտեղ ազգային հերոսների նկարներն են փակցված:
Միջոցառման առիթով դպրոց էր եկել նաեւ Լ. Ազգալդյանի մարտական ընկեր Գագիկ Գինոսյանը, ով հուշեր պատմեց հերոսի կյանքից:
Պարոն Գասպարյանը «Առավոտին» ասաց, որ յուրաքանչյուր աշակերտ էլ իր դպրոցի հանդեպ պարտավորություններ ունի. «Այս դպրոցն է, որ մեզ կյանքի ուղի է տվել, գիտելիքներ ու ամեն հնարավորություն: Այսօր շատերս ունենք լուրջ աշխատանք կամ պաշտոն, ինչում դպրոցի ներդրումն էլ կա»: Պարոն Գասպարյանը չբացառեց, որ առաջիկայում այլ դասասենյակներ էլ գուցե կվերանորոգվեն: Ի դեպ, Տ. Գասպարյանը թիվ 149 դպրոցի արդեն երրորդ սանն է, որ պարգեւատրվում է հարազատ կրթօջախի՝ «Բարեգործության եւ մարդասիրության համար» մեդալով:
Հավելենք, որ տարեսկզբին Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն «Առավոտին» ասել էր, թե այս տարի նախատեսել են Երեւանի 24 դպրոց վերանորոգել: Այս ծրագրի համար պետբյուջեից 618 միլիոն 188 հազար դրամ է հատկացվելու: Մնում է սպասել ու տեսնել, թե որ դպրոցներն են վերանորոգման ծրագրում ընդգրկվելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել