Կաշառատու ուսանողները չեն պատժվի
Վանաձորում դեռ շարունակվում է Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի «Էլեկտրամատակարարում» ամբիոնի վարիչի ու երեք դասախոսների՝ կաշառք վերցնելու վերաբերյալ գործի քննությունը: Հիշեցնենք, որ կաշառքի մեջ մեղադրվող 4 դասախոսներից երկուսն են կալանավորված:
Ամբիոնի վարիչ Էդուարդ Մխիթարյանն ու կալանավորված մյուս դասախոս Ժոզեֆ Կարայանը մեղադրվում են ուսանողների ու մնացած երկու՝ ազատության մեջ գտնվող դասախոսների ցուցմունքների հիման վրա:
Մինչ այժմ քննվել են քրեական գործով դատակոչի ենթակա բոլոր վկաները:
Դատավարության ժամանակ դատարանը մերժեց անազատության մեջ գտնվող կալանավորված դասախոս Ժոզեֆ Կարայանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի՝ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու, կամ դրա այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով փոխարինելու մասին միջնորդությունը:
Հիշեցնենք, Ժ. Կարայանը կալանավորված է 1 վկայի՝ ուսանող Հունան Քոչարյանի տված ցուցմունքի հիման վրա:
Վերջինիս տված ցուցմունքի համաձայն՝ ազատության մեջ գտնվող դասախոս Միսաք Յախշիբեկյանի ղեկավարած կուրսային նախագիծն առանց պարապելու ստանալու համար, ամբիոնի վարիչի գիտությամբ պայմանավորվել է դասախոս Ժ. Կարայանի հետ՝ 20 000 դրամի դիմաց կուրսայինի հարցը լուծված համարել: Սակայն հետո պարզվում է, որ դեռ 2008թ.-ից Հ. Քոչարյանն ազատության մեջ գտնվող մյուս դասախոս Հովհ. Արաբյանից «ապառիկով» քննություն էր ստացել եւ դեռ չէր վճարել: 15 000 էլ դրա համար պիտի վճարեր:
Մ. Յախշիբեկյանի ղեկավարած կուրսային նախագիծը պաշտպանելու եւ Հովհ. Արաբյանից նախկինում ստացած քննության ապառիկը, ըստ վկայի, հայտնվում է դասախոս Ժ.Կարայանի գրպանում, որպեսզի հետո հայտնվի ամբիոնի վարիչի մոտ:
Հետաքրքրականն այն է, որ կաշառքի առարկան՝ գումարը, մինչ օրս չի հայտնաբերվել:
Դատարանը պաշտպան Ռ. Հակոբյանի միջնորդության մերժումը հիմնավորեց նրանով, որ ներկայումս գործը դատաքննության փուլում է, որ Ժ. Կարայանին կալանքի տակ պահելու նախկինում եղած հիմքերը չեն վերացել, այն է՝ Ժ. Կարայանը, ազատ մնալով, կարող է վկաների վրա անօրինական ճնշում գործադրել կամ թաքնվել քննությունից՝ այդկերպ խոչընդոտելով գործի արդարացի քննությանը:
Հակառակ այս փաստին՝ դատակոչված վկաներն իրենք էլ են խնդրել, որ ամբաստանյալ Ժ. Կարայանին ազատ արձակեն:
Մինչ օրս անազատության մեջ հայտնված դասախոսն ու ամբիոնի վարիչը հերքում են կաշառք վերցնելու մեղադրանքը:
Հիշեցնենք, համաձայն մեղադրականի՝ 2008թ. նոյեմբերին ու 2009թ. ամռանն ամբիոնի վարիչ Էդուարդ Մխիթարյանը դասախոսներ Հովհաննես Արաբյանից, Միսաք Յախշիբեկյանից ու Ժոզեֆ Կարայանից գումարներ է պահանջել՝ 10 ուսանողի կուրսային նախագիծ-աշխատանքները դրական գնահատելու համար: Ընդհանուր առմամբ, կաշառքի չափը կազմում է 225 հազար դրամ:
Դասախոսներից Հովհաննես Արաբյանը համաներմամբ ազատ է արձակվել՝ մեղադրյալից դառնալով վկա: Ազատության մեջ գտնվող մյուս դասախոսը՝ Միսաք Յախշիբեկյանը ընդունել է իր մեղքը՝ հայտնելով, թե ուսանողից վերցրած կաշառքը փոխանցել է էլեկտրամատակարարում ամբիոնի վարիչ Էդուարդ Մխիթարյանին: Նկատենք, որ Մ. Յախշիբեկյանը, համաձայն մեղադրականի, գումարներ է վերցրել սեփական առարկայի կուրսային աշխատանքը դրական գնահատելու համար:
Ժ. Կարայանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը հայտնեց, որ մտադիր է ինքնաբացարկ հայտարարել դատարանին՝ այդկերպ իր անվստահությունն արտահայտելով դատարանի՝ իր միջնորդությունը մերժելու արդարացիությանը:
Հիշեցնենք, որ կաշառք տված ուսանողները պատասխանատվության չեն ենթարկվի, իսկ ահա ամբիոնի վարիչին սպառնում է 4-10 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Կալանավորված մյուս դասախոս Ժ. Կարայանին սպառնում է տուգանքից մինչեւ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Իր մեղքն ընդունած դասախոս Մ. Յախշիբեկյանին էլ սպառնում է տուգանքից մինչեւ 3 տարի ազատազրկում: