Գումարը մութ տեղն էլ «լույս է տալիս»
Հայտնի է, թե մեր երկրում հաճախ ինչպես են գրվում, պաշտպանվում ատենախոսությունները, եւ ովքեր են կանգնած լինում այդ թեմաների հետեւում: Իհարկե, դաշտում հայտնվում են նաեւ արժանի անձինք, որոնց աշխատանքներն ունենում են գիտական արժեք, ինչը հաստատվում է ոչ միայն ՀՀ-ում, այլեւ արտասահմանում:
Ըստ համապատասխան կարգի՝ ատենախոսությունը պաշտպանելու եւ հետո գիտական աստիճան ստանալու համար անհրաժեշտ է տպագրել 3 գիտական հոդված՝ ատենախոսությունների հիմնական արդյունքների եւ դրույթների հրատարակման համար Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) կողմից ընդունելի պարբերական գիտական հրատարակություններում: Այդ ցանկը տեղադրված է boh.am կայքում: «Առավոտը» այս ոլորտի հետ առնչվող անձանցից տեղեկություններ ստացավ, որ հաճախ գիտական հոդվածների տպագրման համար պարբերականների խմբագիրները մտնում են հեղինակների հետ գործարքների մեջ: Մասնավորապես, 10-20 հազար դրամով ցանկացած հեղինակ կարող է իր հոդվածը տպագրել տվյալ գիտական հանդեսում: Նաիրան, ով գիտական ատենախոսություն է պատրաստում բժշկության բնագավառում, այս փաստը «Առավոտի» հետ զրույցում այսպես մեկնաբանեց. «Իհարկե, հասկանալի է, որ հանդեսներն այս քայլին լավ օրից չեն գնացել, նրանք էլ ունեն իրենց պահելու խնդիր, մանավանդ՝ չունեն ֆինանսավորման աղբյուրներ: Մյուս կողմից էլ գործարքի գնալը ձեռնտու է նաեւ այն հեղինակներին, որոնք իրենց գիտական արդյունքներով չեն փայլում: Եվ այսպես՝ թացը չորի հետ խառնվում է, ու գիտական լուրջ արդյունք ցուցաբերած անձն էլ է տպագրվում, դիլետանտներն էլ…»:
«Առավոտը» ԲՈՀ-ի նախագահ Արմեն Թռչունյանի հետ զրույցում փորձեց պարզել, թե ինչպե՞ս է իր ղեկավարած կառույցը փորձում հարցը լուծել: Պարոն Թռչունյանն ասաց. «Մենք պարբերաբար վերանայում ենք ԲՈՀ-ի պարբերականների ցուցակը: Գլխավոր չափանիշն այն է, որ ապահովվի մրցակցություն, քանի որ մենաշնորհային մոտեցումներից բխում են բացասական երեւույթներ»: ԲՈՀ-ում որոշակի չափանիշներով շարժվելով՝ ամեն տարի պարբերականների ցուցակում «մուտք» ու «ելք» է լինում: Ա. Թռչունյանը փաստեց. «Հիմա էլ առանձնացրել ենք որոշ հրատարակություններ, որոնց նկատմամբ կան դիտողություններ… Օրինակ՝ անցյալ տարի 5 հանդես ենք հանել ցանկից»: Գործարքի գնալու մասին հարցին էլ պարոն Թռչունյանն այսպիսի մեկնաբանություն տվեց. «Գիտենք, որ շատ ամսագրեր հրատարակվում են անվճար հիմունքներով՝ օրինակ՝ ակադեմիայի ամսագրերը, բուհերում հրատարակվողները: Բայց մրցակցություն ապահովելու համար կան նաեւ այլ հանդեսներ, որոնք հրատարակվում են տարբեր հրատարակչությունների կողմից: Աշխարհում էլ կան անվճար եւ վճարովի ամսագրեր: Բայց դա մեր խնդիրը չէ, եթե օրենսդրությունը թույլ է տալիս հրատարակել վճարովի սկզբունքներով ամսագրեր, ապա մենք պարտավոր ենք առաջնորդվել օրենսդրությամբ: Իսկ օրենքի խախտման համար կան համապատասխան մարմիններ: Մյուս կողմից էլ անկախ վճարովի, թե անվճար հիմունքով կազմված հանդես լինելուց, մենք վերջնական արդյունքի նկատմամբ ունենք նույն մոտեցումը»:
Այժմ արդեն գիտահանրամատչելի հանդեսները չեն կարող մուտք գործել ԲՈՀ-ի ցուցակ. նախապատվությունը տրվում է գիտականներին, գիտամեթոդականներին: «Գարուն» ամսագիրը ԲՈՀ-ի կողմից ընդունվող պարբերականների ցուցակում է: Ամսագրի խմբագիր Վարուժան Այվազյանից հետաքրքրվեցինք՝ իրեն երբեւէ առաջարկե՞լ են գումար հոդված տպագրելու համար: Նա պատասխանեց՝ այո, բայց չի գնացել գործարքի. «Ես դեռ պետք է հեղինակներին հոնորար տամ, սակայն չեմ կարող, քանի որ գումար չունեմ: Ցավոք, մեր երկրում մամուլին պետությունը պահում է, եթե դա իրեն ձեռնտու է, իսկ «Գարունին» պահելը, որի վրա հենված է ողջ գիտական աշխարհը, պետությանը ձեռնտու չէ»: Հաշվի առնելով այն, որ այժմ շատ ամսագրեր են ծանր վիճակում, հարցրինք՝ այդ դեպքում գործարքի գնալը մնում է խմբագրի խղճի՞ն: Պարոն Այվազյանը պատասխանեց. «Խղճին եւ խմբագրության հնարավորությանը: Գումար վերցնելով՝ ինձ եմ սահմանափակում, դառնում այդ հոդվածատուների գերին, ամեն մեկը, ով փող տա, կգա կասի՝ բա հոդվածս ո՞ւր է»: Պարոն Այվազյանը հավելեց, որ հաճախ ինքը հոդվածներ է մերժում, հատկապես, երբ դրանք կիսագրագետ են: Համեմատության համար խմբագիրն ասաց, որ երբեմն գիտական հոդվածներ են գրում մոտավորապես այն ոգով, ինչպես այժմ որոշ մարդիկ գրում են Ավետարանն այնպես, կարծես 2 հազարամյակ առաջ այդ դեպքերի ականատեսը եղած լինեն: Վ. Այվազյանը մասնագիտական խորհուրդների դերակատարությունը եւս կարեւորեց, որ բեռը չընկնի միայն խմբագիրների վրա: