Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՏՐԵԼԿԱՆ» ՊՈԿՎԵՑ ՈՒ ԸՆԿԱՎ ԲԱԿԻ ՎՐԱ

Ապրիլ 06,2010 00:00

Վնասված ծառերը գողացան՝ հետքը թաքցնելու նպատակով

\"\"\"\"

Կիեւյան 2-րդ նրբանցքի 18 տան բնակիչ Գոհար Ալեքսանյանի բակի դիմաց գտնվող Կիեւյան փողոց 14 հասցեում գտնվող «Պրոմեթեւս» պոլիկլինիկան անցյալ տարվա մարտին քանդեցին՝ 16 հարկանի էլիտար բազմաբնակարան շենք կառուցելու համար: Մեր զրուցակցի տեղեկացմամբ, փորվեց մոտավորապես 20մ խորությամբ հիմք, կտրատվեցին շենքի բակում գտնվող, հանրապետությունում հայտնի Թաթարյանի մանկապարտեզի պուրակի մոտավորապես 30-40 տարեկան բոլոր ծառերը: «Շենքի հիմքում գտնվող հսկայական բազալտե ապարները կոտրվում էին ճապոնական արտադրության «Կամացու» մակնիշի հզոր մեխանիկական մուրճով, որը ուղեկցվում էր դղրդոցներով եւ ցնցումներով», պատմում է Գ. Ալեքսանյանը, որը ականատեսն է ողջ գործընթացի: Մայրը չդիմանալով աղմուկին, ծանր հիվանդացավ եւ Ալեքսանյանները նրան ստիպված տեղափոխեցին:
Վնասվեց նաեւ Ալեքսանյանի առանձնատան սեյսմակայունությունը, առաջացած ճաքերի պատճառով որոշ տեղերում պատերից թափվեցին սալիկներ: Ի դեպ, 10 ամիս տեւող շինարարական աղմուկը խանգարում էր նաեւ «Շանթ» հեռուստաընկերությանը, ինչի մասին հեռուստաընկերությունը ահազանգեց եթերով:
Գ. Ալեքսանյանը տեղեկացրեց նաեւ, որ հունվարի 15-ին, ժամը 16-17-ի սահմաններում, ամբարձիչ կռունկի (սովետական արտադրության, որը շինհրապարակ էր բերվել «բուքսիրով») 30մ երկարության «ստրելկան» պոկվեց տեղից եւ ընկավ բակի 70 -ից ավելի տարիք ունեցող հաստաբուն ընկույզի ծառի վրա, որն էլ շեղեց «ստրելկան» դեպի հարեւանի բակը:
Տանտիրոջ տղան՝ Արամ Ներսիսյանը, այդ ժամանակ գտնվում էր տան բակում, նա շնորհիվ ընկույզի ծառի՝ հազիվ է փրկվել մահվան ճիրաններից:
Քանդվել է հարեւանի առանձնատան բակի պարիսպը, վնասվել պատերը, տանիքի ծածկը, հարթակը, ճաքել են Ալեքսանյանի տան 2-րդ հարկի առաստաղը, պատերը, դռների շրջանակները: Քաղաքացին ահազանգեց Արաբկիրի ոստիկանություն, որտեղից եկան եւ լուսանկարեցին, կազմեցին արձանագրություն, հետաքննության բաժնի աշխատակիցները վերցրեցին բացատրություն:
Դեպքից անցել է ավելի քան 70 օր, սակայն մինչեւ օրս փորձաքննություններ չեն նշանակվել եւ Գ. Ալեքսանյանն ասում է, որ անհայտ է դեպքի առթիվ ստեղծված նյութերի հետագա ընթացքը: Քաղաքացու կարծիքով, 16 հարկանի էլիտար բազմաբնակարան շենքի շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպությունը, որը շինարարությունն իրականացնում է «Պրոմեթեյ» բանկի պատվերով, կատարել է Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք, այն է՝ ՀՀ Քրօրի 245 հոդվածով նախատեսված տրանսպորտային միջոցը տեխնիկական անսարքությամբ շահագործելու հետեւանքով իրեն պատճառել է առանձնապես խոշոր չափի վնաս, անզգուշությամբ ոչնչացրել եւ վնասել է տան գույքը, ինչը նախատեսված է ՀՀ Քրօրի 186 հոդվածով, ինչպես նաեւ ոչնչացրել է «Թաթարյանի» պուրակի բոլոր ծառերը:
Ի դեպ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, դեպքից մի քանի օր հետո, կապալառու կազմակերպության բանվորները գողացան ընկույզի ծառի կոտրված ճյուղերի մի մասը: Քաղաքացին դիմել է տարածքի դատախազին, թե, արդյոք, չե՞ն խախտվել իր իրավունքները, ամբարձիչ կռունկի հետագա շահագործումը ռեալ վտանգ չի՞ ստեղծում շրջակա միջավայրի, իր եւ հարեւանների ընտանիքների անդամների կյանքի, առողջության եւ գույքի նկատմամբ, ինչո՞ւ հետաքննական մարմինը ստեղծված նյութերի ընթացքի մասին օրենքով սահմանված կարգով չի կայացրել քրգործ հարուցելու կամ քրգործի հարուցումը մերժելու մասին որոշումներից որեւէ մեկը եւ ինչո՞ւ դրանց մասին իրեն տեղյակ չի պահվել: «Մեր խորին համոզմամբ, հետաքննական մարմնի եւ դատախազության նման անգործությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դեպքի առիթով ստեղծված նյութերի հետեւում կանգնած է հզոր բանկ՝ իր ֆինանսական միջոցներով ու կապերով, որոնք թույլ չեն տալիս ստեղծված նյութերին օրենքով սահմանված կարգով ընթացք տալ», -կարծում է Գ. Ալեքսանյանը: Նա ցանկանում է ստանալ իրեն հուզող որոշ հարցերի պատասխաններ. «Ե՞րբ եւ ո՞ւմ կողմից է հաստատվել շինության ճարտարապետաշինարարական նախագիծը, ե՞րբ, ո՞ւմ կողմից ու ի՞նչ հիմքով է տրվել շինարարության թույլտվությունը, արդյո՞ք շինարարությունն իրականացվում է հաստատված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան: Առկա՞ են ինժեներական սպասարկում իրականացնելու համար անհրաժեշտ համապատասխան ծառայություններից տվյալ շինության ինժեներական ենթակառուցվածքների նախագծման, կառուցման եւ շահագործման տեխնիկական պայմանները: Ե՞րբ եւ ո՞ւմ կողմից է կատարվել շինության գլխավոր հատակագծի փորձաքննություն, ապահովվե՞լ է շինության նախագծային փաստաթղթերի համաձայնեցումը շահագրգիռ կողմերի, տվյալ պարագայում՝ իմ եւ հարեւաններիս հետ: Իրականացվո՞ւմ է, արդյոք, շինարարության որակի տեխնիկական հսկողություն, եթե այո, ապա ո՞ւմ կողմից»:

Հ. Գ.  Պատրաստ ենք շահագրգիռ անձանցից լսելու այս հարցերի պատասխանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել