Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառահատում չի՞ լինելու

Ապրիլ 06,2010 00:00

Երեկ «Առավոտը» ստացավ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի ստորագրությամբ պարզաբանումը՝ կապված մեր թերթի 03.04.2010թ. համարում տպագրված՝ «Հասանք ուսանողական այգուն» հոդվածի հետ, որում խոսք էր գնում Վիկտոր Համբարձումյանի արձանի հարեւանությամբ սկսված շինարարության մասին:
Պարզաբանման մեջ մասնավորապես գրված էր. «Շինարարական աշխատանքների պատվիրատուն հանդիսանում է «Էլեգանտ 5» ՍՊԸ-ն, եւ ըստ սահմանված կարգով համաձայնեցված նախագծի՝ նախատեսվում է գոյություն ունեցող հնաոճ տեսքով սրճարանի արդիականացում:Միաժամանակ վերակառուցման արդյունքում լուծվում է նաեւ Վիկտոր Համբարձումյանի արձանի տեսանելիության խնդիրը Աբովյան փողոցի կողմից:Այդ նպատակով վերակառուցվող տաղավարները լինելու են տեղադրված կենտրոնական առանցքից առավելագույնս հեռացված եւ ավելի փոքր ծավալներով:
Տարածքի կանոնակարգման խնդիրը բարձրացվել է դեռեւս Վիկտոր Համբարձումյանի արձանի բացման արարողության ժամանակ՝ մի խումբ ակադեմիկոսների կողմից:
Վերակառուցման նախագիծը մշակված է՝ բացառելով որեւէ ծառահատման հնարավորություն:Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ սույն թվականի սեպտեմբեր ամիսը, եւ շինարարության ընթացքին սահմանված է ամենօրյա հսկողություն քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման կողմից՝ նախագծային շեղումները բացառելու նպատակով:
Ինչ վերաբերում է Տերյան փող. հ.74 հասցեում իրականացվող շինարարությանը, ապա հայտնում ենք, որ շինարարական աշխատանքների պատվիրատուն հանդիսանում է «Արմեն» ՍՊԸ-ն:Համաձայնեցված վերակառուցման նախագծով նախատեսված է գործող սրճարանային կառույցի արդիականացում՝ գոյություն ունեցող ծավալների սահմաններում, ինչպես նաեւ նկուղային հարկի իրականացում:
Նախագծով պահպանվում են զբաղեցված տարածքի կառուցապատման եւ կանաչապատման տոկոսները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել