Օգտագործված հագուստի խանութներում վաճառվում են օգտագործած անկողնային սպիտակեղեն,
նույնիսկ ներքնահագուստ:
Եվրոպական օգտագործված հագուստի վաճառակետերի օր օրի ավելանալը վկայում է այն մասին, որ մեր երկրում աղքատները գնալով ավելանում են: Այդ խանութներից հիմնականում օգտվում են չքավորները, որոնք 500 դրամով բլուզ, 1000 դրամով տաբատ, նույնիսկ օգտագործված ներքնահագուստ են գնում: Սակայն այսօր այդ բիզնեսի հետ կապված մեկ այլ մտահոգիչ հանգամանք էլ կա. որքանո՞վ են այդ հագուստներն անվտանգ հայ սպառողի առողջության համար: Շատ հաճախ օգտագործված հագուստ իրացնողները թաքցնում են դրանց իսկական ծագումը: Քիչ թե շատ նորմալ վիճակում գտնվող հագուստներն առանձնացվում են եւ վաճառվում որպես նոր հագուստ:
ՀՀ սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքի 9-րդ հոդվածում նշված է. սպառողն իրավունք ունի իրացվող ապրանքի վերաբերյալ անհրաժեշտ եւ ստույգ տեղեկատվություն ստանալ: Այսինքն՝ օգտագործված հագուստի բիզնեսով զբաղվողները չպետք է այդ հագուստը վաճառեն որպես նոր ապրանք: Բացի տարատեսակ վերնազգեստներից ու տաբատներից, «Second hand» խանութներում վաճառվում է նաեւ ներքնազգեստ եւ սպիտակեղեն, ինչը, մասնագետների համոզմամբ, անգամ ախտահանումից հետո կարող են վտանգավոր լինել: «Առավոտի» հետ զրույցում բժիշկ-մաշկաբան Նունե Ղազարյանը մտահոգություն հայտնեց. «Ախտահանումը կատարվում է քիմիական նյութերով, որոնք կարող են ալերգիայի պատճառ դառնալ: Մենք չգիտենք՝ ինչ պայմաններում է տեղի ունենում ախտահանումը, հնարավոր է, որ դա արվում է ոչ այնպես, ինչպես պետք է: Այս դեպքում էլ կոնտակտային դերմատիտով (մաշկաբորբով) վարակվելու վտանգ կա»:
«Second hand» խանութների աշխատակիցների շրջանում անցկացրած հարցումներից պարզեցինք, որ օգտագործված հագուստը Հայաստանում չի ախտահանվում, այն Հայաստան է ներկրվում արդեն ախտահանված վիճակում: «Համենայնդեպս, մենք այդպես գիտենք, հագուստից էլ այնպիսի հոտ է գալիս, որ ենթադրում եմ՝ քիմիական նյութերից է»,- մեզ հետ զրույցում ասաց Բագրատունյաց փողոցում գտնվող խանութներից մեկի վաճառողուհին: Մեր հարցին, թե տեղյա՞կ են, որ օգտագործված հագուստը կարող է մաշկային խնդիրներ առաջացնել եւ խանութը պատասխանատվություն կրելո՞ւ է, եթե մարդիկ իրենց հագուստների պատճառով հիվանդանան, վաճառողն ասաց. «Մեզ չեն տեղեկացրել այդ մասին, դրա համար էլ մենք գնորդներին չենք զգուշացնում, որ նման խնդիր կարող է առաջանալ»: «Ըստ օրենքի, իրացնողը պարտավոր է գնորդին վաճառվող ապրանքի մասին ստույգ ինֆորմացիա տրամադրել, իրացնողը ապրանքի ծագումը թաքցնելու իրավունք չունի, թող տեղեկացնեն, որ տվյալ ապրանքը օգտագործված է, իսկ սպառողը ինքը կորոշի՝ գնի այն, թե ոչ»,- ասաց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը: