Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՆՆԴԱՏՆԵՐԸ՝ ԻՆՉՊԵՍ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐԸ

Ապրիլ 06,2010 00:00

Հղի կնոջը ժպտալով ընդունելու եւ ժպտալով ճանապարհելու համար հնարավոր է շուտով բժիշկներին ու բուժքույրերին ուղարկեն վերապատրաստման:

Ինչ Հայաստանում սկսել են ծննդօգնությունը պետական հավաստագրերով սպասարկել եւ հղիության, ծննդաբերության հետ կապված անվճար բուժօգնություն տրամադրել, հանրապետության որոշ հիվանդանոցների ծննդաբերական բաժանմունքները համարյա պարապուրդի են մատնվել: Նախկինում, երբ հավաստագրերը չէին գործում, հղի կանայք ստիպված էին հարցումների միջոցով ուսումնասիրություններ կատարել ու պարզել, թե որ հիվանդանոցում կարելի է ծննդաբերել, որտեղ են ծննդկանի հարազատներից խոշոր «մաղարիչ» ուզում, որտեղ՝ մանր, որտեղ են նախածնարանում ցավ քաշող կնոջ մասին հոգ տանում, որտեղ՝ դույլը «տշում» փսխել ցանկացող հղի կնոջ վրա ու մուննաթ գալիս, որ սսկվի ու թողնի հերթապահող բուժքրոջը քնել: Հիմա հիվանդանոցներն իրենք պետք է շահագրգռված լինեն, որ սուպերմարկետների պես բարեհամբույր ու ժպտալով հղի կնոջն ընդունեն, սպասարկեն ու ճանապարհեն:
Պարզ է, որ եթե վճարելու խնդիր չկա, հղի կինը հաշվառվում է իր համար լավագույն հիվանդանոցում, ուստի այն հիվանդանոցները, որտեղ լավ մասնագետներ չկան, նորմալ չեն սպասարկում՝ ինքնաբերաբար հաճախորդ են կորցնում:
Որքան էլ չցանկանանք այս կամ այն հիվանդանոցի հեղինակությանը վնասել, առողջապահության նախարարությունը ծննդատներից տվյալներ է հավաքագրում, թե որ օրը որ ծննդատանը քանի տղա, քանի աղջիկ է ծնվել, իսկ այդ տվյալներն ավելի քան խոսում են հիվանդանոցների սպասարկման որակի ու մակարդակի մասին:
Քանի որ հավաստագրերը ներդրվել են 2008-ից, երբ համեմատում ենք 2008-ի եւ 2009-ի առաջին կիսամյակների ծննդաբերությունների տվյալները, պարզ երեւում է, թե մինչեւ հավաստագրերի կիրառումը հղի կանայք որ հիվանդանոցում էին ծննդաբերում, հավաստագրերից հետո՝ որտեղ: Այսպես, ինչ ներդրվել են հավաստագրերը, ծննդաբերությունների թիվը կտրուկ ավելացել է հատկապես Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում (Մարգարյան հիվանդանոց): Եթե 2008-ին այս հիվանդանոցում եղել է 816 ծննդաբերություն, ապա 2009-ին՝ 1414: Շատ հղի կանայք են որոշել ծննդաբերել նաեւ Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտում, որը ժողովրդին ավելի հայտնի է որպես Հանրապետական ծննդատուն: Այստեղ ծննդաբերությունների թիվն ավելացել է 386-ով: Ծննդաբերությունների աճման ցուցանիշով 3-րդ տեղում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը:
Հայտնի է, որ երբ մեր երկրում իսկապես սկսեց գործել անվճար բուժսպասարկումը, ընդհանրապես ծննդաբերությունների թիվը կտրուկ ավելացավ: Եթե նախկինում շատ կանայք, մտածելով հիվանդանոցային ծախսերի մասին, չէին համարձակվում հղիանալ ու երեխա ունենալ, հավաստագրերի կիրառումից հետո այդ անհանգստությունը մեղմվեց: Իհարկե, հիմա էլ «մաղարիչներ» տալու ավանդույթն իսպառ չի վերացել, բայց երեխայի ծննդյան բարի լուրը հայրիկին հասցնող մանկաբարձը կամ բժիշկը այլեւս չի կարողանում կոնկրետ թիվ ասել ու պարտադրել, որ իրեն վճարեն 60-150 հազար դրամ, պարզապես երեսի «զոռով» սպասում է, թե երբ իր սպիտակ խալաթի գրպանը, «ի նշան իրենց ուրախության», փող կդնեն: Այդ իսկ պատճառով շատ հիվանդանոցներում արձանագրված ծննդաբերությունների թվի աճը պայմանավորված է զուտ հղի կանանց ավելացմամբ:
Այս պարագայում այն հիվանդանոցները, որոնք կիսամյակը փակել են բացասական ցուցանիշով՝ հաճախորդի կորուստ են ունեցել, հստակ կարելի է ասել, որ կա՛մ մասնագիտական, կա՛մ վատ սպասարկման պատճառով այլեւս չեն կարողանում մրցակցել այլ հիվանդանոցների հետ: Նման հիվանդանոցներից է «Մալաթիան», որը 2008-ի համեմատությամբ 38 ծննդաբերողի է կորցրել, այն էլ՝ հղիների թվի կտրուկ աճի պայմաններում: 18 ծննդաբերություն է կորցրել նաեւ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը:
Մարզերի գրեթե բոլոր ծննդատներից հոսքը դեպի մայրաքաղաք ավելացել է: Միայն Արմավիրի մարզից 2009թ. 6 ամիսների ընթացքում Երեւանում է ծննդաբերել 663 կին: Իսկ բոլոր մարզերից միասին մայրաքաղաքի ծննդատներ է եկել 2135 կին, ինչը բավականին մեծ ցուցանիշ է:
Ինչպես գիտենք, կեսարյան հատմամբ ծննդաբերությունը բնական ճանապարհով ծննդաբերությունից թանկ է: Դրա համար էլ շատ ծննդատներում, «առանց ծանոթի» հայտնված ծննդկաններին կեսարյան հատմամբ էին ազատում, որպեսզի հարազատներից ավելի շատ գումար պոկեին: Հիմա, երբ պետությունն իր վրա է վերցրել ծախսը, նույնիսկ այն հղիները, որոնք կարող են իրենց ուժերով երեխա ունենալ, նախընտրում են ծննդաբերության անցավ տարբերակը եւ դիմում են կեսարյան հատման: Հավանաբար այդ պատճառով այս տարի ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում կեսարյան հատումների աճ է նկատվում:
Այն, որ հավաստագրերի ներդրումից հետո մեր հանրապետությունում ծննդօգնության մեջ շատ բաներ են փոխվել, փաստ է, սակայն բոլորս էլ գիտենք, որ հիվանդանոցներում «մաղարիչ» հասկացությունն այնքան է արմատավորվել, որ ոչ մի հավաստագիր չի կարող այդ խնդիրը լուծել: Սկսած հոգնա անողից մինչեւ նոր ծննդաբերած կնոջ թեւի տակ ջերմաչափ դնողը՝ պահանջում են իրենց վճարել: Նրանց վճարեցիր՝ գալիս է «սանիտարկան», հետո՝ մարգանցովկայով լվացում անողը, հետո՝ բուժքույրը: Եվ որքան էլ ճակատդ պնդես ու ամեն ստից բանի համար 500 դրամ պահանջող սպիտակ խալաթավորներին չվճարես՝ նրանց անտարբեր ու արհամարհական վերաբերմունքը քո նկատմամբ, այնուամենայնիվ, ստիպում է հիվանդանոցում պառկած 2-3 օրերին հարկադիր ու անօրինական մուծումներ անել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել