Կառավարությունը տնտեսական աճի դրական միտումներն այնքան ուռճացրած է ներկայացնում, որ տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը միանգամից դրախտավայր է ընկել: Երեկվա ասուլիսում նման տեսակետ ներկայացրեց ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը. «Չեմ ցանկանում անտեսել որոշակի դրական միտումները, բայց դրանք դեռեւս շատ հեռու են որակական փոփոխություններ առաջացնելու համար»:
Պարոն Մինասյանի գնահատմամբ, նպաստների եւ կենսաթոշակների լուրջ բարձրացումներ չեն արձանագրվել, իսկ նոյեմբերին նախատեսվող բարձրացումներն էլ էական փոփոխություններ չեն ունենա, քանի որ գնաճն արդեն այդ բարձրացումները «խժռել» է: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն էլ լավատեսորեն ասաց. «Մենք 2010-ին արդեն իսկ թեւակոխել ենք վերելքի փուլ, այս տարվա առաջին ամիսներին արդեն արձանագրել ենք 3,1% տնտեսական աճ, նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ՝ այս տարվա նույն ժամանակահատվածում աճել են ներմուծման ծավալները՝ $70 միլիոնով, $50 միլիոնը բաժին է ընկնում սարքավորումներին…»: Ավելի ուշ նկատեց, որ կառավարության՝ ընտանեկան նպաստները 3500 դրամով բարձրացնելու որոշումը «շատ ավելի է, քան գազի սակագների աճի արդյունքում առաջ եկող բնակչի ծախսերը»: Փոխնախարարի տվյալներով, նախորդ տարվա գործազրկության 10% աճի տեմպերն էլ նվազում են. «Իրավիճակը այս տարեսկզբից շտկվել է, հունվարի նկատմամբ 1,5% գործազրկության անկում ենք արձանագրել»: Պարոն Արամյանը նաեւ ասաց, որ այս տարի նախատեսել են 1,2% տնտեսական աճ եւ հավելեց, որ տնտեսական աճը կթեժանա արդեն ամառվա սկզբից: Նրա համոզմամբ, 2011-ին երկրում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ծավալը հասնելու է 2008-ին արձանագրած ցուցանիշին: Ավելի ուշ փոխնախարարը ասաց, թե «մանկամտություն» կլինի ասել, թե Հայաստանում կենսամակարդակը անկում չի ապրել. «Ինչո՞ւ, որովհետեւ մենք ունենք 17,4% անկում եւ միեւնույն ժամանակ գիտենք, որ մեր կենսամակարդակի վրա զգալի ազդեցություն են ունենում տրանսֆերտները, որը նախորդ տարի ունեցավ 30% անկում»: Ա. Մինասյանն էլ փոխնախարարին խորհուրդ տվեց իրավիճակը չներկայացնել վառ գույներով. «Պարո՛ն Արամյան, ակնոցի գունավորության խտությունով չէ, որ հասարակությունը կարող է վատ կամ լավ ապրել»: Նաեւ ասաց, թե միջազգային կառույցների տվյալներով, Հայաստանում աղքատության եւ գործազրկության ցուցանիշը մոտենում է 30%-ի. «Վառ գույներով ամեն ինչ ներկայացնելը ձեռք չի տալիս ո՛չ ձեզ, ո՛չ հասարակությանը»: