Լրահոս
Օրվա լրահոսը

Հիփոթեքային ծաղրուծանակ

Ապրիլ 06,2010 00:00

Որքան ընդունում ենք մեր գովազդների արտաքին պարամետրերի՝ տեսանյութի, հնչող ձայնային ելեւէջների եւ ընդհանուր տեւողության անտանելիությունն ու նույնիսկ կյանքի համար վտանգավորությունը, լինում են պահեր, երբ մարդը, անկախ իրենից, հայտնվում է այդ գովազդների որոգայթում: Եվ իսկույն գիտակցում, որ գովազդն իրականությանը բոլորովին չի համապատասխանում:
Բարեկամներիս նորաստեղծ ընտանիքը վերջերս փորձում էր, մտնելով երկարաժամկետ վարկային ծանր պարտավորության տակ, սեփական քրտինքով որեւէ տուն հայթայթել: Ուրախացել էին, որ հնարավորություն ունեն օգտվել հատուկ նորաստեղծ ընտանիքներին սատարելու համար նախատեսված ՀՀ-ում արդեն գործող հիփոթեքային ծրագրից, որը բանկերի համեմատ ավելի ցածր տոկոսադրույքներ էր ապահովում: Ընտանիքի անդամներից յուրաքանչյուրն ուներ իր աշխատանքը եւ իր՝ միջին չափի, սակայն վարկային տոկոսագումարների մարումը միանշանակ ապահովող աշխատավարձը: Տան համար անհրաժեշտ վարկի գումարի չափն էլ չէր գերազանցում վարկային պայմաններով նախատեսված թույլատրելիի սահմանը:
Սակայն… Շատ կարճ ժամանակ անց հասկացանք, որ այդ բյուրոկրատական ապարատի նպատակը ոչ թե հասարակ ժողովրդին օժանդակելն է, այլ անձնական միլիոնները տասնապատկելը: Մեր երկրում բացառվում է, որ շարքային քաղաքացին որեւէ մատչելի հիփոթեքային վարկ «հաջողացնելու» շնորհիվ գլխին տանիք ստեղծի: Պարզաբանեմ ասածս: Վերոհիշյալ կազմակերպության կողմից (ինչպես պարզվեց հետագայում՝ նույնն է նաեւ այլ հիփոթեքային կազմակերպությունների եւ նման վարկ տրամադրող անխտիր բոլոր բանկերի կողմից) ներկայացվեցին մի շարք այնպիսի պայմաններ, որոնք բացարձակ առնչություն չունեն ներկայիս աշխատավոր ժողովրդի հնարավորությունների հետ: Օրինակ՝ 2-3 հոգու ամսական եկամուտը պիտի կազմի 400-500 հազար դրամ: Չնչին քանակությամբ աշխատատեղ ունեցող Հայաստանում հազարից մեկը կարող է գտնել բարձր վարձատրվող աշխատանք: Իսկ մեր իշխանավոր դարձած չինովնիկ-օլիգարխները երեւի Մարսից են իջել եւ հենց իրենց հիմնած փտած համակարգից կարծես բոլորովին տեղեկություն չունեն: Խոսքս հիմնարկ-ձեռնարկություններում եւ առեւտրի բնագավառում իրականում աշխատող այն բազմաթիվ մարդկանց մասին է, որոնց նույն գործատերերը, հարկային պարտավորություններից խուսափելու համար՝ չեն գրանցում, իսկ գրանցելու դեպքում էլ՝ հնարավոր ամենացածր աշխատավարձով: Այս իրավիճակում ի՞նչ կարող է անել անպաշտպան քաղաքացին: Համատարած անօրինականության եւ աննախադեպ գործազրկության պայմաններում, վարկ ստանալու անորոշ հեռանկարով, գործատիրոջից պահանջի իր անձի գրանցո՞ւմ կամ աշխատավարձի ձեւակերպո՞ւմ: Ծիծաղելի է: Վերցնենք հաջորդ ներկայացվող պայմանը՝ աշխատատեղից տվյալ կազմակերպության վերջին մեկ տարվա հարկային եւ սոցապ հաշվետվությունները: Կասկած չունենք, որ աշխատողի առաջին իսկ պահանջի դեպքում բոլոր գործատերերն էլ «մեծ ուրախությամբ» եւ «անմիջապես» կտրամադրեն դրանք: Եվ եւս մի շարք անհեթեթություններ: Նույնիսկ բոլոր պահանջների կատարման եւ հազարումի բյուրոկրատական փաստաթղթերի ներկայացման դեպքում մեծ է հավանականությունը, որ առանց հիմնավորման, բայց քաղաքավարի, ամերիկյան ժպիտով կարող են քեզ մերժել:
Փորձենք այս ամենը դիտարկել բանկերի տեսանկյունից, միգուցե այս արգելակման միտումը արդարացվա՞ծ է եւ կատարվում է վարկային ռեսուրսների վերադարձելիության ապահովվածությունը բարձրացնելո՞ւ նպատակով: Եթե հաշվի առնենք, որ տան համար վարկառուն սկզբնական վճարում է 30% գումար, գումարած՝ ամսական վճարվելիք մայր գումարի մարումներն ու բանկային տոկոսները, եւ ամենագլխավորը՝ մինչեւ վարկի վերջնական մարումը նույն տունը հանդիսանում է որպես գրավ եւ բանկի ժամանակավոր սեփականությունը, որը վարկառուի պարտավորությունների առաջին իսկ չկատարելու դեպքում կարող է բավական մեծ շահույթ ապահովելով օտարվել, ապա պարզ է, որ վարկատու կազմակերպության ռիսկի գործոնը հավասարվում է զրոյի: Ուրեմն՝ ի՞նչն է ստիպում խաղալ այս կատակերգությունը: Չէ՞ որ այդ միջոցները վերջին հաշվով պիտի ինչ-որ տեղ ուղղվեն եւ օգտագործվեն: Պատասխանը մեկն է՝ շա՛տ, ավելի շատ ու ավելի արագ հարստանալու իշխանավորների անհագ մոլուցքը: Բանն այն է, որ միջազգային հիմնադրամներն ու բանկերը մեր երկրի նման երկրներում կոնկրետ բնագավառի զարգացման կամ սոցիալական խավին ուղղված բոլոր նպատակային միջոցները տրամադրում են բացառապես զրո կամ տարեկան 2-3% տոկոսադրույքով: Իսկ իշխանության լծակներն իրենց անձնական շահին ծառայեցնող մի խումբ մարդկանց ձեռքը չի գնում տարեկան նույնիսկ 10-14%-ով հիփոթեքային վարկ տրամադրեն չարքաշ աշխատավորին: Դրա կողքին իրենց իսկ կողմից ստեղծվում են հիփոթեքային եւ բիզնես-վարկեր տրամադրող մի շարք վարկային կազմակերպություններ, որոնց շնորհիվ էլ (ներառյալ բանկերը) հենց նույն միջոցները մտցվում են շրջանառության մեջ, բայց արդեն ամսական 4-5% տոկոսադրույքով: Արդյունքում՝ տարեկան 0-3% տոկոսադրույքով ներգրավված միջոցները ժողովրդին հրամցվում են 50-60%-ով:
…Դրան զուգահեռ՝ դատարկ պետբյուջե: Զարմանալի աղքատություն, եթե հաշվի առնենք այն վիթխարի հարստությունը, որը ինտենսիվ ձեւով կորզվել է ժողովրդից:
Բայց ինչ արած, ես հարգում եմ օրենսգիրքը, դա իմ թուլությունն է…

Հ. Գ. Հայրենի՛ իշխանություններ, իսկ սեւ օրվա համար կոտլետ պահե՞լ եք…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել