Լոռիում «Ջրմուղկոյուղու» տնօրենը հաճախակի է փոխվում, բայց դրանից չի փոխվում ոչ խմելու ջրի, ոչ էլ ջրամատակարարման որակը:
Ապրիլի 1-ից Լոռու մարզում հերթական անգամ բարձրացավ մատակարարվող ջրի սակագինը՝ 121,16 դրամից դառնալով 181 դրամ՝ 1 խ/մ-ի համար: Մարզի ազգաբնակչությունը հաճախ, հատկապես թանկացումների նախաշեմին, լսում է խոստումներ, որ շուտով կունենան շուրջօրյա ջրամատակարարում, կբարձրանա խմելու ջրի որակը, սակայն մինչ օրս ոչ մի դրական տեղաշարժ չկա, իրավիճակը գնալով վատանում է: Քաղաքում կան թաղամասեր, հատկապես ծայրամասերում, որտեղ ջրամատակարարում լինում է երկու օրը մեկ անգամ, այն էլ՝ 4 ժամով: Այդ թաղամասերի բնակիչների տներում «ջրի» ժամերին ուղղակի իսկական իրարանցում է. մարդիկ չգիտեն՝ որ գործն անեն, ընտանիքի անդամներից ով լողանա, ով մնա հաջորդ հերթին, եթե, իհարկե, լողացողի բախտը բերի եւ լոգանքի ժամանակ ջրամատակարարումը ժամանակից շուտ չընդհատվի: Սա դեռեւս չարիքի փոքրագույնն է, իսկ երբ ջուրը նախատեսված ժամից ուշանում է, մարդիկ արդեն գիտեն, որ հերթական վթարն է տեղի ունեցել. կամ «նասոսն» է փչացել, կամ խողովակներն են պայթել: Իսկ դա նշանակում է, որ օրերով ջրի երես չեն տեսնի: Տնային տնտեսուհիները հաճախ վախենում են գործածել իրենց ավտոմատ լվացքի մեքենաները, քանի որ կարող է լվացքը չավարտված՝ ջրամատակարարումն ընդհատվել, եւ ոչ միայն լվացքը կիսատ կմնա, այլեւ մեքենան շարքից դուրս կգա: Իսկ թե ջրամատակարարման կամ ջրի ո՞ր որակի բարձրացումով է պայմանավորված սակագնի բարձրացումը, հայտնի է միայն «Լոռի Ջրմուղկոյուղի» ՓԲԸ պատասխանատուներին:
Զորավար Անդրանիկի փողոցի բնակչուհի, մասնագիտությամբ բժշկուհի Հասմիկ Ավետիքյանն «Առավոտին» ասաց. «Արդեն վեցերորդ օրն է՝ ջուր չունենք, իսկ ջրմուղից մեզ պատասխանում են, որ վթար է եղել: Իսկ թե երբ կվերանան այդ վթարի հետեւանքները, ոչինչ չեն ասում: Եվ թե այդ ինչ մասշտաբի վթար է, որի հետեւանքների վերացումը պահանջում է 6 օր՝ անհասկանալի է: Զանգեցի ընդունարան, փորձեցի խոսել նաեւ տնօրենի հետ, սակայն գործավարուհին ասում է, թե տնօրենը զբաղված է, խորհրդակցության է: Ասում եմ՝ ե՞րբ կավարտվի խորհրդակցությունը, ասում է՝ նոր է սկսվել, կես ժամից զանգեք: Իսկ երբ կես ժամից եմ զանգում, ոչ ոք չի պատասխանում: Թե ինչու էր ինձ խաբում եւ ինչու էր զայրանում գործավարուհին, թե՝ «Կարող ա՞ մի հատ էլ վեր կենաս, գաս ստեղ», չհասկացա: Հաջորդ օրը երբ զանգեցի դիսպետչերին, ասաց, թե «ցիստեռնով» ջուր են բերել մեր թաղամասը: Թե ցիստեռնով բերված ջրով մենք մեր մեկ շաբաթվա գործերն ինչպես ենք անելու, այն էլ այն դեպքում, երբ այդ ժամին աշխատանքի ենք լինում, հասկանալի չէ»:
«Ջրային» վթարներ հաճախ են լինում նաեւ Ներսիսյան թաղամասում: Այս թաղամասում մարդիկ նույնպես ջուր ունենում են երկու օրը մեկ անգամ: Եվ հենց այն օրերին, որ գրաֆիկով պետք է ջուր լիներ, այդ օրերին վթար է լինում: Իսկ եթե վթարը վերացվում է ոչ «գրաֆիկային» օրը, ապա մարդիկ պետք է այնքան սպասեն, մինչեւ գա գրաֆիկով նախատեսված հաջորդ օրը: Հաճախ էլ ջրի ծորակներից այնպիսի ցեխաջրեր են հոսում, որ անզեն աչքով անգամ տեսանելի է, որ դրա օգտագործումը չի կարող անվտանգ լինել առողջության համար:
Վանաձորի բնակիչները, կապված ջրամատակարարման գրաֆիկի խախտումների հետ, հաճախ են կոնֆլիկտներ ունենում ջրմուղի հետ, որտեղ հաճախակի փոխվում են միայն տնօրենների անունները: 2009 թվականի նոյեմբերից «Լոռի Ջրմուղկոյուղու» տնօրեն նշանակվել է երեւանցի Արիստակես Ղուկասյանը, որը փոխարինեց վանաձորցի Արարատ Գինոսյանին: Վերջինս իր ղեկավարման տարիներին հասցրեց բարելավել միայն քաղաքի Տարոն թաղամասերի ջրամատակարարման համակարգը: Ղուկասյանն առայժմ որեւէ լուրջ եւ նկատելի աշխատանք չի կատարել: Նա այժմ զբաղված է կադրային շատ «հեղափոխական» քաղաքականությամբ. հին աշխատողներին աշխատանքից ազատելով՝ փոխարենը իր մարդկանց բերելով: Իսկ թե դրանից որքանով կբարելավվի ջրի ու ջրամատակարարման որակը՝ հայտնի չէ: «Առավոտը» փորձեց առկա խնդիրների եւ ջրի սակագների բարձրացման շուրջ զրուցել պարոն Ղուկասյանի հետ: Տնօրենի գործավարուհին, սակայն, առանց սպառիչ պատասխան տալու իր ասելիքն ասում ու անջատում էր հեռախոսը. ուրբաթ օրը տնօրենը «տեղում չէր», շաբաթ օրը, չնայած ողջ հանրապետությունում աշխատանքային օր էր, դարձյալ գործավարուհին պատասխանեց, որ ջրմուղում աշխատանքային օր չէ, աշխատանքային չէր նաեւ երկուշաբթին, եւ ինձ ընկերության մեկ այլ բաժնից ասացին, որ տնօրենը կլինի միայն երեքշաբթի կամ չորեքշաբթի: Իսկ թե ինչպես է այդպիսի կարեւորագույն հիմնարկի տնօրենը իրեն այդքան հանգստյան օրերի շռայլություն թույլ տալիս՝ այն պարագայում, երբ Վանաձորում կան այդքան խնդիրներ ու վթարներ, եւ մարդիկ շաբաթով ջուր չունեն, մնում է երեւանցի տնօրենի խղճի վրա: